Վահագն Դավթյան - 100. Իմ մասին

Վահագն Դավթյան - 100. Իմ մասին

Երբեք սպիտակ թղթի դեմ այնպես չէի կարկամել, ինչպես այս խոսքը գրելուց առաջ, որովհետեւ շատ էի ուզում, որ սա հավուր պատշաճի խոսք չլինի, այլ լինի խոստովանանք՝ սեփական խղճի, գրչակիցների, ընթերցողների առաջ:

Ասում են՝ ժամանակը տիեզերքում հարաբերական է: Բայց ինձ համար հարաբերական է եղել նաեւ այստեղ՝ Երկրի վրա:

Կորուստների, ցավերի, տառապագին որոնումների երկար տարիներ են եղել դրանք եւ գյուտերի, ուրախությունների ու երջանկությունների ակնթարթներ:

Կորուստների մի ծանր բեռով ես մտա կյանքի ու գրականության մեջ: Կորցրել էի մարդու համար թերեւս ամենանվիրական արժեքը՝ ծննդավայրս, Եփրատի վտակներից մեկի՝ Ոսկեգետակի վրա ծվարած Արաբկիր սքանչելի գյուղաքաղաքը:

Մորս պատմելով, երբ Տրապիզոնում նավ ենք նստել՝ այս կողմերը գալու համար, ես, որ չորս տարեկան եմ եղել, նայել եմ ջրերի վրա լողացող նավերին, հավանաբար՝ դրանք տներ են թվացել աչքերիս, ու այն միտքն եմ հայտնել, որ եթե այս տները ջրի վրա լողում են, ինչո՞ւ մեր տունն էլ չդրինք, որ հետներս տանեինք...

Հավանաբար, հենց այդ օրերից մեջս սկսել է մխալ ծննդավայրի ու հայրենի տան կարոտը:
Իմ կենսական ու հոգեկան ակունքների մասին մոտավոր պատկերացում տալու համար ուզում եմ շատ համառոտակի երկու պատմություն անել: Մեկը պապիս մասին է՝ մորս կողմից պապիս:
1896 թվի եղեռնի ժամանակ է եղել: Պապս՝ Մկրտիչ աղան, շուկայում է եղել, երբ սկսվել է կոտորածը: Կրոնական մոլուցքից կուրացած խուժանը հարձակվել է հայերի տների, խանութների, արհեստանոցների վրա, թալանել է, ավերել, սպանել...

Պապս, այդ կույր ամբոխից հալածված, մի կերպ հասել է տուն, փակել դռները եւ, լուսամուտներից կրակելով, դիմադրել է: Բայց անհավասար են եղել ուժերը: Խուժանը ջարդել է դռները, մտել, ամեն ինչ տակնուվրա է արել, բայց չի գտել պապիս ու շատ է զարմացել, որ, ահա, մի գյավուր մտավ տուն ու նրա չորս պատերի մեջ չքացավ: Բայց ավարն այնքան հարուստ է եղել, որ ուշադրություն չի դարձրել այդ հրաշքին, թալանել է եւ հեռանալիս, այնուամենայնիվ, յաթաղանով փորփրել մառանում դրված ցորենի հսկայական գուբը:

Նրանց հեռանալուց հետո ցորենը սկսել է դանդաղորեն կարմրել: Կարմրել է ցորենը, ամբողջովին շաղախվել արյունով... Յաթաղանի շեղբը ցորենի մեջ պահված պապիս կոկորդին է առած եղել...
Արնոտ ցորենի միջից բարձրացել է պապս, որ ընդամենը 30 տարեկան է եղել, եւ խոսքը խլացել է արնոտ փրփուրի մեջ:

Երկրորդ պատմությունը հորաքրոջս մասին է: Վերջերս առոք ու փառոք հողին հանձնեցինք նրան, որ, չզարմանաք... թրքուհի էր...

Այսպես է եղել. իսկական հորաքրոջս ամուսինը, որ մի հաղթանդամ ու գեղեցիկ տղամարդ էր, անունը՝ Գաբրիել աղա, 1915 թվի եղեռնից առաջ պանդխտել է Ռուսաստան, փռնչիություն արել Հյուսիսային Կովկասում: 1916 թվին, իբրեւ կամավոր, Անդրանիկի հետ մտել է Էրզրում, գնացել է իր հայրենի Ձիթող գյուղը, տեսել, որ ամեն ինչ ավեր է, ամայի, չկա կինը, չկան երեխաները, չկա հարազատներից ոչ մեկը... Լսել է, որ հարեւան Դինարքոմ գյուղի բեկն է այդ ամենի անմիջական հեղինակը: Մտել է Դինարքոմ, առեւանգել է բեկի աղջկան... Առեւանգել է, ուզեցել է սպանել... եւ չի կարողացել... Հետո զորքերի հետ հեռացել է, հասել Հասանղլա եւ զարմանքով տեսել, որ դեռատի թրքուհին, երեւի իր մեծահոգությունից գերված, իր հետքերով, իրեն գտնելու համար հասել է այդտեղ ու... կնության է առել նրան, բերել հետը... Եվ մենք սիրել ենք մեր նոր հորաքրոջը, եւ նա մեզ է սիրել... Մի քանի տարի առաջ գնաց Թուրքիա, տեսավ եղբայրներին, հարազատներին ու վերադարձավ:

Մենք նրան հորաքրոջս անունն էինք տվել՝ Արաքսի: Մահանալուց հետո միայն ես նրա իսկական անունն իմացա, որ Նեյմա է: Նովել է սա, գուցե ամբողջ մի վեպ, որ պիտի գրվի:
Իմ կենսագրության հետ առնչվող այս երկու փաստերի մեջ ես մեր ժողովրդի պատմության մեծ խորհուրդներից մեկն եմ տեսնում՝ միշտ մեր հանապազօրյա ցորեն հացն արյամբ են շաղախել, բայց մենք միշտ մարդ ենք մնացել:

Այդպիսի պատմություններով է շաղախվել, այդպիսի մթնոլորտում է անցել զրկանքներով, դժվար տարիներով ուղեկցված իմ մանկությունը: Հետո՝ պատերազմ: Պատերազմում կորցրի իմ պատանության ընկերներից ավելի քան կեսին եւ կորցրի աշխարհում ինձ համար ամենաթանկ ու սիրելի մարդկանցից մեկին՝ հորեղբորս, նրան, որ առաջինը նկատեց իմ գրական ձիրքը, առաջինն ինձ համար Դուրյան, Մեծարենց ու Վարուժան կարդաց, առաջինն ուրախացավ իմ տպագրված առաջին բանաստեղծությամբ: Եվ գնահատանքի այն խոսքերը, որ ասվում են իմ մասին, ես հղում եմ նաեւ Կերչում հանգչող նրա հեռավոր ու անհայտ շիրիմին:

Այո, կորուստների ու ցավերի այդպիսի բեռով մտա ես կյանքի ու գրականության մեջ, բայց գրական մթնոլորտը կորուստ ու ցավ երգելու համար ոչ միայն բարենպաստ չէր, այլեւ հակացուցիչ էր: Եվ դրանց մեծ մասը փակված մնաց իմ մեջ՝ հետագայում բացվելու համար:

Բայց գրական կյանքիս սկզբին բարեբախտություններ էլ եղան: Ես հանդիպեցի ու մտերմացա Պարույր Սեւակի հետ: Իմ մասին հրապարակային առաջին խոսքը նրա շուրթերից լսեցի, հաղորդվեցի նրա խիզախ, ինքնատիպ մտածողությանը, խիզախ որոնումներին ու գյուտերին: Նրա կորուստը ծանր եղավ ինձ համար: Նրա քունքի փոքրիկ, աստղանման վերքը դեռ մխում է իմ մեջ: Բարեբախտություն եմ համարում, որ իմ գրական առաջին ընկերներն այդպիսի մարդիկ եղան, ինչպիսիք են, թվում եմ հնության կարգով՝ Հրաչյա Հովհաննիսյանը, Գեւորգ Էմինը, Մարո Մարգարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Սաղաթել Հարությունյանը, Սուրեն Աղաբաբյանը, Հրանտ Թամրազյանը, Հակոբ Սալախյանը, Համո Սահյանը, Սերո Խանզադյանը: Մենք, հավանաբար, հենց սկզբից հասկացանք, որ գրականությունն այն բնագավառն է, որտեղ ոչ մեկը ոչ մեկի տեղը չի խլում, եւ ապրեցինք խաղաղ համակեցությամբ ու գրական բարեկամությամբ: Կյանքիս մեծ երջանկություններից մեկը պիտի համարեմ այն, որ տեսա ու հաղորդվեցի Ավետիք Իսահակյանին: Ամեն անգամ նրան հանդիպելիս այնպես էր թվում, թե հանդիպել եմ կենդանի մարգարեի:

Հպարտությամբ պիտի ասեմ, որ բարեկամը եղա Շիրազի, Մահարու եւ մեծն Վիլյամ Սարոյանի, որ իմ կյանքում հանդիպած ամենազարմանալի մարդկանցից էր ու դարձյալ մարգարեական լույս ուներ իր մեջ:

Եu շատ եմ հավատացել ժառանգականության օրենքին: Ինչպես մարդկային գեների, այնպես էլ պոեզիայի մեջ դարերով է կուտակվում լավը: Այդ լավն առնելով է, որ պիտի նոր որակ տաս նրան, քո օրերի որակը: 

Իմ 60-ամյակի օրերին գնահատանքի բավականին ջերմ խոսքեր ասվեցին իմ մասին: Բայց ոչ ոք թող չմտածի, թե ես այդ բոլորը հալած յուղի տեղ ընդունեցի: Ես մի ճշմարտություն գիտեմ՝ բանաստեղծի մահից առնվազն 50 տարի պիտի անցնի, որպեսզի ճշտվի նրա իրական մեծությունը: 

Ես գիտեմ նաեւ մի այլ ճշմարտություն՝ իսկական բանաստեղծ լինելու եւ հարատեւելու համար բավական չէ լավ, նույնիսկ շատ լավ բանաստեղծությունների հեղինակ լինելը:

Հարկավոր է լինել մոլորակ, սեփական օրենքներով ապրող, սեփական մթնոլորտ, սեփական գույներ, լեռներ ու անդունդներ, հովիտներ ու դաշտեր, նաեւ գաղտնի քարանձավներ ունեցող մոլորակ: Եվ այնքան էլ կարեւոր չէ՝ մե՞ծ է այդ մոլորակը, թե՞ փոքր:

Հաճախ եմ խորհել․ ինչ կանեի, եթե չլիներ նաեւ այս փրկված հողը: Գառնո ձորում ես մի քարափ գիտեմ, որի տակ գարնանը կապույտ մանուշակների հեղեղ է լինում:
Ի՛նչ կանեի կյանքում, եթե չունենայի այդ ձորն ու քարափը:

Մի անգամ Հառիճ էինք գնացել, վերադարձանք Մանթաշի հովիտով: Ճանապարհին յոթ անգամ անձրեւ տեղաց, ու յոթ անգամ ծիածան կապեց: Օդն արտույտներով էր լի: Թնդում էր նրանց խմբերգը՝ որպես հեթանոսական լուսաբուխ աղոթք ու արարողություն:

Ի՞նչ կանեի, եթե չունենայի այդ հովիտը:

Աշխարհում իմ ամենասիրած տեղերից մեկը Զվարթնոցն է:

Ի՞նչ կանեի, եթե չունենայի այդ տապալված գեղեցկությունն ուզածս ժամանակ տեսնելու հնարավորությունը:

Բայց հայրենիքը միայն հող ու քար, լեռ ու հովիտ չէ, նա ամենից առաջ ոգի է ու լեզու: Իսկ այդ ոգու ամենամեծ կրողը պոեզիան է: Անգամ նրանք, ովքեր պոեզիա չեն կարդում, միեւնույն է՝ իրենց համար իսկ աննկատելի այդ պոեզիայի մթնոլորտում են ապրում: Եվ քանի դեռ ժողովուրդը բանաստեղծներ է ծնում, ուրեմն կենսունակ է, կենսունակ է նրա լեզուն:
Ես միշտ կարկամել եմ հայոց լեզվի առեղծվածի առաջ:

Այդ ինչպե՞ս է, որ գրավոր դառնալուց առաջ նա ուներ ադամանդե այն փայլը, որ ցոլում է մեր գողթան երգերի մեջ: Այդ ինչպե՞ս է, որ գրավոր դառնալուց անմիջապես հետո նա կարողացավ թարգմանել մի այնպիսի վիթխարի ու բարդ գործ, ինչպիսին Աստվածաշունչն է: Եվ ոչ միայն պարզապես թարգմանել, այլեւ այնպես թարգմանել, որ աշխարհի խոշորագույն լեզվաբանների կարծիքով՝ դառնա թարգմանությունների թագուհին:

Ես հաճախ եմ հայերենի բառարաններ կարդում: Դա իմ ամենամեծ հետաքրքրություններից ու վայելքներից է: Ես ասես քիմքով վայելում եմ բառեր, որոնց մեջ դարերի համն ու հոտը կա: Հինավուրց բառեր եմ վայելում, որոնք ի զորու են արտահայտել ժամանակակից գիտական ու փիլիսոփայական մտածողության ամենաբարդ հասկացություններն ու ամենատարբեր երանգները:
Կարդում եմ, վայելում, նորից սիրահարվում նրան ու խորհում մեր գոյության, մեր հարատեւության գաղտնիքի մասին:

Եվ մեր գոյության, մեր հարատեւության խորհուրդն ինձ պատկերվում է չորս ամրակուռ սյուների վրա հանգչող գմբեթի տեսքով:

Սյուներից առաջինը մեր մեծասքանչ լեզուն է, որ դարերի խորքից դեպի մեզ է գալիս Մեսրոպ Մաշտոցի սրբացած կերպարանքով:

Մյուսը մեր պատմության ու հայրենասիրության ոգին է, որ Խորենացու կերպա-րանքով է երեւում ինձ, քանի որ նա էր այդ ոգու հայտնաբերողն ու հաստատողը: Նա էր սահմանողը հայրենասիրական այն որակի, որը մեզ ուղեկցում է մինչ օրս:

Սյուներից հաջորդը տառապանքով ինքն իրեն զտելու, ինքն իրենից բարձրանալու, ոգու եւ խղճի ամենաբարձր ոլորտներին առնչվելու այն հատկությունն է, որն իր հանճարով նվաճեց ու մեզ պարգեւեց Նարեկա մեծ ճգնավորը: Աղարտվող, աղճատվող, այլասերվող ժողովուրդները չեն կարող երկար կյանք ունենալ:

Մեր ժողովրդի զորավոր սյուներից մյուսը, իմ խորին համոզմամբ, առողջ, լավատես, կենսահաստատ փիլիսոփայությունն է, որի կրողներից մեծագույնը Հովհաննես Թումանյանն է, լուսեղեն բանաստեղծն ու քաղաքացին: Նա իմ բանաստեղծական ու քաղաքացիական իդեալն է: Եu նրա յուրաքանչյուր տողի հավատավորն եմ: Եվ սա չի վերաբերում նրա միայն պոեզիային, այլեւ՝ հոդվածներին, նամակներին, հրապարակախոսությանը: 

Եu իմ գրական բավականին երկար ճանապարհին խորապես համոզվել եմ, որ իսկական գրողները, հիրավի ժողովրդականները նրանք են, ովքեր իրենց ժողովրդի գոյության ներքին կապերն ամրապնդելու մտասեւեռում ունեն, ովքեր մտահոգված են իրենց ժողովրդի ազգային եւ բարոյական նկարագրի անաղարտությամբ:

Մեր ժողովրդի գոյության դարավոր հենասյուները՝ մայրենի լեզվի պաշտամունքն ու պահպանումը, մեր պատմության հայրենասիրական ոգին, հոգու եւ խղճի նարեկյան մաքրությունը, առողջ կենսափիլիսոփայությունն օդի ու ջրի նման պետք են մեզ այսօր, եթե ուզում ենք ապրել իբրեւ հայ ժողովուրդ, իբրեւ հայոց երկիր:

Ես իմ ամբողջ կյանքում մեր գոյության այդ խորհուրդների նվաստ պարտապանն եմ եղել ու եթե կարողանամ կյանքիս մնացած ժամանակամիջոցում այդ պարտքի մի չնչին մասն իսկ հատուցել, ապա պիտի արդարացված համարեմ իմ գոյությունը եւ խաղաղ հեռանամ աշխարհից:

Հատվածաբար ներկայացվեց բանաստեղծի խոսքը` իր 60-ամյա հոբելյանին։ Երեւան, 1982թ.

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ