Գազայում անվերահսկելի իրավիճակ է․ ԱՀԿ ղեկավարն ահազանգում է

Գազայում անվերահսկելի իրավիճակ է․ ԱՀԿ ղեկավարն ահազանգում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը անհապաղ հասանելիություն է խնդրում Գազայի հատված կենսական նշանակության բեռներ մատակարարելու համար։ Այս հայտարարությունը նա հրապարակել է X սոցցանցի իր էջում։

«Գազայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Ամեն վայրկյան, մինչև սպասում ենք այնտեղ բուժօգնություն ուղարկելուն, կյանքեր ենք կորցնում։ Վերջին չորս օրվա ընթացքում ԱՀԿ–ի բեռներն արգելափակվել են սահմանին (Եգիպտոսի հետ – խմբ.)։ Մեզ անհապաղ հասանելիություն է հարկավոր, կենսական կարևորություն ունեցող բեռների մատակարարումը սկսելու համար։ Մեզ պետք է, որ բոլոր կողմերից բռնությունը դադարեցվի», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածի «Ալ Ահլի» հիվանդանոցը հրետակոծության է ենթարկվել։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով` ավելի քան 500 մարդ է զոհվել, մեծամասնությունը` կանայք և երեխաներ։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` զոհերի թիվը գերազանցել է 800–ը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը եռօրյա սուգ է հայտարարել։