17-ի մեջ երկու անգամ ավել վարչապետի թեկնածուներ կան, միմյանց խանգարում են.«Գործարար»-ի նախագահ

17-ի մեջ երկու անգամ ավել վարչապետի թեկնածուներ կան, միմյանց խանգարում են.«Գործարար»-ի նախագահ

2016թ-ին՝ ՏԻՄ ընտրություններից մեկ ամիս առաջ Գյումրիում հիմնադրված «Գործարար» կուսակցությունը պարզվում է՝ չի դադարեցրել իր գործունեությունը, եւ որպես կուսակցություն կազմալուծված չէ: «Գործարար»-ի նախագահ Գեղամ Բաղդասարյանը Hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված մեծ հույսեր չի կապում:Մանավանդ՝ խիստ կասկածում է, թե ընտրություններն, առհասարակ, կկայանան:
Անդրադառնալով առաջիկա սպասվող ընտրություններին՝ պարզ դարձավ, որ «Գործարար»-ի կողմից այս ընտրությանը որևէ ձևաչափով մասնակցելու հստակեցում դեռևս չկա:

«Ճիշտն ասած, մինչև հիմա չեմ հավատում, որ կարող է արտահերթ ընտրություն լինի: Եկեք հասկանանք՝ ում է ձեռնտու այս ընտրությունները: Եթե ապոկալիպսիս տեղի չունենա, Փաշինյանը մասնակցի, ապա իմ սուբյեկտիվ կարծիքով նա 50+1 տոկոս ձայն կտանի: Փաշինյանը վատ դիվանագետ ու քաղաքական գործիչ է, բայց լավ հռետոր է, եւ դա իր արդյունքը կտա: Իսկ եթե իշխող ուժը ընտրության գնա առանց Փաշինյանի, ինչ է փոխվելու․․․․»:

Գեղամ Բաղդասարյանի կարծիքով` Փաշինյանին, առանց իշխանական լծակներն ու  ռեսուրսներն օգտագործելու էլ, 50+1-ը հեշտությամբ կտրվի: «Կարծում եմ՝ «Բարգավաճ Հայաստան»-ը կզիջի «Լուսավոր»-ին», իսկ 17 ուժերն արդյունք կունենան միայն համախմբվածության դեպքում, ինչն արդեն չկա:17-ի մեջ նախկին հզոր լիդերներն են, այնտեղ 2 անգամ ավել վարչապետի թեկնածուներ կան, եւ ասեմ՝ միմյանց խանգարում են, միասնական չեն գործում:Կարծում եմ՝ մի քանի ուժ կձևավորվի:Եթե ընտրական օրենսգիրքը փոփոխության ենթարկվի, հնարավոր է՝ պատկերը փոխվի:Եւս մի տեսակետ՝ հանկարծ հայտնվի այն 4-րդ՝ անտեսանելի ուժը, եւ հաջողի գրավել 2-րդ տեղը, հնարավոր են զարգացումներ»,-թերահավատորեն կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ  նախորդ՝ 2018թ-ի խորհրդարանական ընտրություններին Գեղամ Բաղդասարյանը որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, քանի որ սեփական կուսակցության ռեսուրսները բավարար չէին: Առաջադրվելով Շիրակի մարզում՝ «Գործարար»-ի  նախագահը 300-ից ավել ձայն հավաքեց, բայց ինչպես ինքն էր վստահեցնում ՝ իր օգտին քվեարկած ձայները կեղծվել են: