Հայաստանին պակասող որակները

Հայաստանին պակասող որակները

Սխալ չի լինի պնդումը, որ ցանկացած կազմակերպության (այդ թվում՝ կուսակցության) անունը նրա նպատակների արտահայտումն է: Օրինակ՝ դպրոց, հոգեբանական ծառայություն, շինարարական աշխատանքներ: Սա նշանակում է, որ որեւէ երկրում կարող են լինել միայն պահանջված չափանիշներին եւ օրենքներին համապատասխանող անուններ: Օրինակ՝ Ռուսաստանում չկա «Կուրիլյան կղզիները տանք Ճապոնիային» կուսակցություն կամ «Կալինինգրադը՝ Գերմանիային» հասարակական նախաձեռնություն: Հայաստանի վրա օրինակ չեմ բերում, որովհետեւ վերջին պատերազմից, դրան նախորդած եւ հաջորդած զարգացումներից հետո վստահ չեմ, որ Հայաստանում պահանջված չէ «ԼԳԲՏ-ներով կոտրենք Հայաստանի ու Արցախի մեջքը» նախաձեռնությունը:

Անունը շատ բան է ասում տվյալ երկրում իրավիճակի մասին: Ու քանի որ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան՝ ոչ պաշտոնական, իրազեկումից հետո բոլորը նախապատրաստվում են արտահերթ ընտրության, ու նոր կուսակցություններ են հիմնվում, մի թեթեւ աչքի անցկացրի կուսակցությունների անունները: Ըստ այդ «որոնման» արդյունքի ներկայացնեմ այն, ինչ այսօր պահանջված է, ինչի կարիքը կա Հայաստանում: Գրանցված է «Անկախ Հայաստան» կուսակցություն, ուրեմն Հայաստանն անկախ չէ: Հայաստանում անկախությունը կայացած փաստ չէ, լիներ պահանջարկ՝ չէր լինի: Նույն տրամաբանությամբ՝ Հայաստանը մեծ չէ, բարգավաճ չէ, լուսավոր չէ, միասնական չէ, վերածնվող չէ: Հիմա էլ հայտարարվել է «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության հիմնադրման մասին, ուրեմն Հայաստանն այսօր ինտելեկտուալ չէ:

Կայացած երկրներում չկան նման անուններով կուսակցություններ, կայացած երկրներում կուսակցությունների նման առատություն չկա, կուսակցությունների անուններն արդեն խոսում են կուսակցության ուղղվածության եւ դավանած արժեքների մասին՝ սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական, քրիստոնեա-դեմոկրատական, ազատական, պահպանողական, աշխատավորական եւ այլն: Կասեք՝ Հայաստանը կայացած չէ կամ դեռ կայացած չէ՞: Ես էլ եմ դա ասում՝ Հայաստանը դեռ կայացած չէ ու, հետեւաբար, անկախ, մեծ, բարգավաճ, լուսավոր, միասնական, վերածնվող, ինտելեկտուալ չէ: Կուսակցական գաղափարական ուղղությունները խիստ սահմանափակ են, անվան ընտրության անսահմանափակ հնարավորություն կա: Հայաստանում նոր կուսակցություն պետք չէ, պետք է ջանքերի համախմբում, որ ունենանք անկախ ու մնացած բոլոր որակներով օժտված Հայաստան: 

Արեգ Մարգարյան