Մի գեներալ չեղավ այս 5 տարվա մեջ, որ գոնե պատվից ինքնասպան լիներ․ Միքայել սրբազան

Մի գեներալ չեղավ այս 5 տարվա մեջ, որ գոնե պատվից ինքնասպան լիներ․ Միքայել սրբազան

Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը ունի ՀՀ անձնագիր, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, և պետք է լինի ՀՀ պաշտպանության ներքո, ինչպես ցանկացած քաղաքացի։ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրինք՝ նորմա՞լ է, որ առևանգված քաղաքացի ունենք, իսկ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ կուսակցական միջոցառումների է մասնակցում, և ի՞նչ պիտի աներ նորմալ իշխանությունը․

«Իշխանությունները ամեն հնարավորն ու անհնարինը պիտի անեն՝ Հայաստանի ցանկացած քաղաքացու անվտանգությունը ապահովելու համար, հնարավորն ու անհնարինը պիտի անեն, դա իրենց պարտավորությունն է։ Այդ Հայաստանի քաղաքացին կարող է լինել Զիմբաբվեում, Մադագասկարում, ուր ասես՝ կարող է լինել, կարող է լինել հանցագործ, կարող է լինել օրինապահ․․․, իրենք պարտավոր են իրենց քաղաքացու անվտանգությունը ապահովել, առավել ևս արցախցիների։ Բայց, քանի որ, այս իշխանությունները հայկական իշխանություններ չեն, շատ բնական է իրենց ռեակցիան։ Ես դեռ չգիտեմ՝ որ թվականից ասել եմ, որ սրանց մնալու ամեն օրը դժվարացնելու է մեր հաջորդ օրը․ այսօր մեկին են առևանգել, վաղը 10-ին կառևանգեն, մյուս օրը 100-ին, էն մյուս օրը 1000-ին, և այսպես մինչև լիարժեք ու լիակատար հայաթափում, և երբ Արցախը հայաթափված լինի, հարցը լուծված կլինի, ինչպես հարցը լուծվեց Արևմտյան Հայաստանում։ Սրան է գնում այս հակահայկական իշխանությունը․ չի լինի գլուխ, չի լինի գլխացավ, ի՞նչ կա այստեղ չհասկանալու։ Եվ եթե մենք չունենք բանակ․․․, և չունենք բանակ, որովհետև եթե ունենայինք, ապա վաղուց պետք է լիներ այն, ինչ պետք է լիներ։ Եթե չունենք ազգային անվտանգություն, և չունենք ազգային անվտանգություն, որովհետև եթե ազգային անվտանգություն ունենայինք, ուրեմն պիտի լիներ այն, ինչ պիտի լիներ, ինչը լինում է նույնիսկ աֆրիկյան երկրներում։ Գնալով ավելի ու ավելի է վատանալու»,- ասաց Միքայել սրբազանը։

Իր վերջին ասուլիսում Փաշինյանը արցախցիների վերաբերյալ հետևյալ հայտարարությունն արեց․ «Եթե այդ ակցենտով եք խոսում, դա դեռ չի նշանակում, որ հերոս եք»։ Այս հայտարարության կապակցությամբ Միքայել սրբազանն ասաց․

«Իհարկե չի նշանակում, դա մի մեծ ճշմարտություն չի ասել, բայց այդ ո՞ր մի Արցախի բարբառով խոսողն է իրեն հերոս համարե՞լ որ։ Բայց այսօրվա դրությամբ Արցախում ապրող յուրաքանչյուր արցախցի հերոս է՝ անկախ այն բանից Արցախի բարբառով կխոսի՞, թե՞ չէ։ Այսօր այդ 120 հազար մարդիկ իրոք հերոս են, կամա թե ակամա հերոս են։ Իրենք հայկական հարց են լուծում մի վայրում, որից հայաստանի հանրապետության իշխանությունը հրաժարված է։ Սա հերոսություն է, այդ բոլոր կանայք, երեխաները հերոսներ են։ Բայց պետք չի լինի այնպես, որ մենք ասենք՝ ինչպես մուսալեռցիներն էին հերոս, որովհետև մուսալեռցիները ի վերջո լքեցին Մուսալեռը, չասենք այնպես, ինչպես հաճնցիներն էին հերոս, որովհետև հաճնցիները, որքան էլ որ ինքնապաշտպանվեցին, լքեցին Հաճնը։ Չասենք՝ հերոս էին վանեցիների պես, որովհետև վանեցիները ի վերջո լքեցին Վանը, չասենք հերս էին մարաշցիների պես, որովհետև մարշցիներն էլ ի վերջո լքեցին Մարաշը, և այսպես շարվեշարան։ Գոնե սա այն փուլն է, որ հերոս էին ու հերոս պետք է մնան, և մենք պետք է օգնենք, որ իրենք հերոս մնան, իրենք միայնակ հերոս մնալ չեն կարող։ Եվ եթե այս երկիրը բանակ ունի, ուրեմն այս հարցը պիտի լուծվի, պաշարումից պետք է ազատի այս ժողովրդին, իսկ եթե բանակ չունի, ուրեմն պետք էլ չի, որ պետություն ունենա։ բանակ չունեցող պետությունը ո՞ւմ է պետք։ Մի պետություն, որ չունի բանակ, չի կարողանում որևէ հարց լուծել, ո՞ւմ է պետք այդ պետությունը։

Ինչպես Լիբանանը, ո՞ւմ է պետք Լիբանանը․ բաց պարտեզ է, ով ուզենալ, կմտնի, ով ուզենք կելնի, հիմա նույնը դառնալու է Հայաստա՞նը․ է եթե չի կարողանում բանակը որևէ մի հարց լուծել, մի ճանապարհ բացել, ինչի՞ համար է այդ բանակը, ինչի՞ համար է հարկատուների փողով այդ բանակը պահվում, եթե չի կարող իր քաղաքացիների անվտանգության հարցը լուծել։

Հիմա էլի պիտի ռուսի՞ն մեղադրեն․․․, ասենք՝ ռուսը դավաճանել է, չի կատարում իր պարտականությունը, հետո՞, դա մեզ արդարացնո՞ւմ է։ «Ադրբեջանը չի հարգում նոյեմբերի 9-ի հայտարարությունը․․․», է ի՞նչ, չի հարգում, հետո՞, սպասենք մինչև հարգի՞։ Այս անկամության, չկամության, տգիտության, անկարողության մեջ ի՞նչ եք ուզում որ լինի։ Եթե մենք գեներալիտետ չունենք․․․, մի հատ գեներալ չեղավ այս 5 տարվա մեջ, որ գոնե պատվից ինքնասպան լիներ, էս խայտառակությունից դուրս գալու համար ինքնասպան լիներ։ Դա նշանակում է՝ մենք բանակ չունենք, ինչքան ուզում եք գովեք ու փառաբանեք, բանակ չունես խ, բանակ ունենայիր, այդ հարցը կլուծվեր այսօր, որովհետև այս հարցը՝ ճանապարհի բացման հարցը կարող է լուծել միայն բանակը, չե՞ք տեսնում, որ ուրիշ որևէ ձևով չի լուծվում, ընդհակառակը ամեն հաջորդ օր բարդացնում է վիճակը։ Ապրում ենք «երեկ լավ էր, քան թե էսօր» սկզբունքով։

Նոյեմբերի 9-ին ամենավատն էր, էսօր ավելի վատ է, քան նոյեմբերի 9-ին, բայց պիտի լիներ ավելի լավ չէ՞, քան թե նոյեմբերի 9-ին, է՞, ուրեմն ի՞նչ պիտի անի այս վիճակում բանակը, որ չի անում․․․, բոլորիդ հասկանալի է, բացի բանակի ղեկավարությունից, բանակի ղեկավարությունն է, որ չի հասկանում։ Կամ չի հասկանում, կամ էլ չի ուզում, ինչը դավաճանություն է։ Եթե հասկանում է ու չի անում, ուրեմն դավաճանություն է»,- ասաց Միքայել սրբազանը։