Ամանորին ստացած իմ ամենաթանկ նվերը

Ամանորին ստացած իմ ամենաթանկ նվերը

 Երբևէ չեք պատկերացնի, թե ամանորին ինչ նվեր էի ստանում։ Տասնյակ տարիներ են անցել այդ կախարդական ամանորերից։ Այդ ժամանակ չէի պատկերացնում նվերի արժեքը ու մանկական չարաճճիությամբ էի վերաբերվում դրան, հիմա կարոտում եմ նվերի բովանդակությունը։ Տատս հարյուրին մոտ էր։ Սով, պատերազմներ էր տեսել։ Տեղն էին նրա աչքերի լույսը, մատների կարողությունը, բայց այնքան քիչ էր շարժվում։ Ամանորի նախօրյակին նա մեր սիրելի շորերը, որոնք պատռվել ու չէինք օգտագործում, կարկատում էր։ Այնքան նուրբ, ասես ձեռք չէր կպել։ Հայրս բարձր պաշտոնի էր։ Կարկատում էր նրա սիրած շալվարը, որը մաշվել էր ու ամանորի նախօրյակին մեկնում էր նրան։ Մենք չէինք հասկանում, թե ինչու է հայրս ուրախանում, համբուրում, շնորհակալություն հայտնում նրան ու ասում՝ աշխատանքի գնալուց անպայման կհագնեմ։ Ախր նա այնքան շատ կոստյումներ ուներ, գիտեինք, որ ամոթ է, ինչքան էլ լավ լիներ, կարկատած շալվար հագնելը։ Չորս երեխա էինք, մեզ սովորեցնում էր, որ մենք էլ շնորհակալություն հայտնենք։ Ասում էր, որ դա աշխարհի ամենաթանկ նվերն է։ Ամանորյա գիշերը բոլորս հագնում էինք տատիս  նվերները։ Հայրս ասում էր, որ դրանք մեզ երջանկություն են բերելու։ Հավատում էինք այդ հրաշք հեքիաթին և ողջ տարին սպասում էին, թե երբ է գալու այդ երջանկությունը։ Չէինք հասկանում, որ երջանկությունը հենց դա էր։ Մեր օջախը, տատս, սերն ու ջերմությունը։