«Հրապարակ». ԿԲ-ն չի մտածել փոխանցումների մատչելիության մասին

«Հրապարակ». ԿԲ-ն չի մտածել փոխանցումների մատչելիության մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելիս ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած մեխանիզմը որոշակի դժվարություններ է առաջացրել: Խնդիրն այն է, որ փոխանցումները մերժվում են ԿԲ-ի կողմից եւ հետ են վերադարձվում նվիրատուներին՝ հաշվեհամարի եւ արժույթի անհամապատասխանության պատճառով: Այսինքն՝ եթե նվիրաբերություն անող անձը հիմնադրամի դոլարային հաշվեհամարին փորձում է ՀՀ դրամ փոխանցել, մերժվում է ԿԲ-ի կողմից եւ հետ վերադարձվում ՝ ավտոմատ փոխարկվելու եւ դոլարայինին մուտքագրվելու փոխարեն: Մինչդեռ, նվիրատուների կարծիքով, ճիշտ կլիներ, որ գործարքներն ավտոմատ հաշվառվեին համապատասխան հաշիվներին, եւ փոխանցում կատարողների համար գլխացավանք չստեղծվեր:

Հ․Գ․ ԿԲ-ն պարզաբանում է տարածել մեր լուրի վերաբերյալ՝ չհերքելով առկա խոչընդոտները,միեւնույն ժամանակ քաղաքացիներին կոչ արել ուշադիր լինել,չխառնել հաշիվները,ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ.

««Հրապարակ» թերթի 2020 թ. հոկտեմբերի 7-ի համարում հրապարակված «ԿԲ-ն չի մտածել փոխանցումների մատչելիության մասին» վերտառությամբ լուրի վերաբերյալ հայտնում ենք, որ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայով ստեղծված պայմաններում «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի համար նվիրաբերություններ իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկում տարբեր արժույթներով բացված բանկային հաշիվներին կատարվում են փոխանցումներ և՛ ՀՀ տարածքում, և՛ ՀՀ տարածքից դուրս գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանցից: Փոխանցումները անխափան իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխանցումների դեպքում օգտագործվող բանկային ռեկվիզիտները՝ ըստ արժույթների): 

Հաշվի առնելով դրամական մուտքերի լայնածավալ հոսքը, այնուամենայնիվ, Կենտրոնական բանկն առանց որևէ խոչընդոտ ստեղծելու անում է հնարավորինս՝ գումարները Հիմնադրամի հաշիվներին մուտքագրելու համար, ինչպես նաև աշխատանքներ է տանում փոխանցում իրականացնողների և միջնորդ բանկերի հետ վճարման հանձնարարականները ճիշտ կազմելու հարցում:
 

Նման տարընկալումներից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ հորդորում ենք փոխանցումներն իրականացնելիս հստակ նշել այն հաշիվը, որը համապատասխանում է փոխանցվող գումարի արժույթին: Ռեկվիզիտները տեղադրված են ՀՀ կենտրոնական բանկի (www.cba.am) և Հայաստան Համահայկական Հիմնադրամի (www.himnadram.org) կայքերում: