Պայքար ապստամբների ազատության համար

Պայքար ապստամբների ազատության համար

«Սասնա ծռերի», նրանց հարազատների, համակիրների, ճակատի կողմնակիցների մոտ դժգոհությունը կուտակվում էր, եւ հունիսի կեսերին «Սասնա ծռերի» հերթական դատական նիստին դատավորի ամբարտավան պահվածքը հարազատներին ու համակիրներին մղեց ըմբոստացման, փակվեց Արշակունյաց պողոտան՝ թույլ չտալով «Սասնա ծռերին» դատարանից դուրս բերել։

Ավելի քան մեկ ժամ պողոտան փակված էր, եւ այդ ժամանակ ինձ է զանգում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փորձում է հասկանալ՝ ինչ է կատարվում, եւ ինչ կարելի է անել։ Վարչապետի առաջարկով՝ տվյալ պահին ազատ կարձակվի Գարեգին Չուգասզյանը, որն ապրիլի 24-ից անազատության մեջ էր եւ հացադուլ էր անում, այնուհետեւ՝ երկու շաբաթից, ազատ կարձակվի Ժիրայր Սեֆիլյանը, մնացած տղաների ազատ արձակման ժամանակացույցը հետո կքննարկեն Ժիրայրի հետ, իսկ այդ օրվա ակցիան հայտարարել որպես նախազգուշական ու ապաշրջափակել Արշակունյաց պողոտան։ Այս մասին խոսեցի Ալեք Ենիգոմշյանի հետ, եւ որոշեցինք սպասել Գարեգինին, այնուհետեւ փորձել բացել պողոտան։ Հարազատները շատ ագրեսիվ էին տրամադրված, իսկ եթե հաշվի առնենք տարատեսակ սադրիչների առկայությունը, ապա կար վտանգ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա։ Այդ ընթացքում եւս երկու անգամ վարչապետը զանգեց, ներկայացրի իրավիճակը, որ արվում է հնարավորը, որպեսզի նախ վիճակն անվերահսկելի չդառնա, եւ հետո՝ փորձել բացել պողոտան։

Չուգասզյանը բավական ուշ եկավ, քաղաքում խցանումները շատ էին, հատկապես՝ կենտրոնում, նրան ներկայացվեց իրավիճակը, որոշվեց՝ նա ելույթ կունենա, կհայտարարի, որ այսօր կբավարարվենք այսքանով, ճանապարհը կբացենք, այս ամենն արվել է ընդդեմ դատական համակարգի, որը սաբոտաժ է անում եւ հակահեղափոխության օջախ է դարձել, մենք պետք է աջակցենք վարչապետին։

Այդ պահին հարազատներից շատերը դեմ արտահայտվեցին՝ պահանջելով տղաներին անհապաղ բաց թողնել՝ չցանկանալով պողոտան որեւէ ձեւով բացել։ Այնուամենայնիվ, Արշակունյաց պողոտան ավելի ուշ բացվեց՝ փակ պահեցին միայն դատարանից դուրս եկող մուտքերը, որպեսզի տղաներին դուրս չբերեն։ Հաջորդ օրը Գարեգին Չուգասզյանը Մատենադարանի մոտ շարունակեց հացադուլը, վաղ առավոտյան զանգեց վարչապետը՝ առաջարկելով հանդիպում՝ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ հնարավոր լուծումներ գտնելու օրակարգով։ Ես ներկայացրի, որ ճիշտ կլինի նաեւ հանդիպմանն Ալեք Ենիգոմշյանի եւ «Սասնա ծռերի» փաստաբաններից մեկի մասնակցությունը, որի շուրջ համաձայնության եկանք։ Օրվա ընթացքում «Սասնա ծռերի» հարազատները շարունակում էին շրջափակված պահել դատարանը։ Օրվա երկրորդ կեսին վարչապետը կրկին զանգահարեց՝ խիստ վրդովված, թե ինչ է նշանակում՝ մենք պայմանավորվում ենք հանդիպման, իսկ Թորոս Սեֆիլյանը կազմակերպում է դատարանի շրջափակումը, մենք այլեւս հանդիպելու բան չունենք։ Քանի որ տեղն անհարմար էր, եւ չէի կարող խոսել, պատասխանեցի՝ քիչ անց կզանգեմ։ Երբ զանգեցի, արդեն հանգիստ արձագանքեց, ներկայացրի իրավիճակը՝ ասելով, որ խորհուրդ չեմ տալիս կտրուկ քայլեր անել։Հաջորդ օրը օգնականի միջոցով վերահաստատեց հանդիպումը։

Հանդիպումը կայացավ Բաղրամյան 26-ում, տեւեց մեկ ժամից ավելի, եւ Փաշինյանը կրկնեց այն, ինչ ինձ էր ասել հեռախոսով, միաժամանակ վերստին պնդեց, որ ինքը Սերժ Սարգսյան չի դառնա եւ դատավորներին չի զանգի։ Ենիգոմշյանն առաջարկեց, որ մեկին վարչապետն առաջարկի, «ծռերից» մի հոգի ներկայացվի, որպեսզի օպերատիվ կապի մեջ լինեն, ինչին վարչապետը դեմ եղավ, թե՝ ես պարոն Մակեյանին եմ վստահում, եւ ըստ անհրաժեշտության՝ մենք կապի դուրս կգանք։ Ես հարց բարձրացրի մնացյալ քաղբանտարկյալների՝ Շանթ Հարությունյանի, Վահան Շիրխանյանի, Գառնիկ Մարգարյանի եւ խմբի մեջ ներգրավված ազատամարտիկների մասին, վարչապետը, թե՝ Շանթը բացի արդարացումից այլ տարբերակի չի համաձայնում, իսկ մնացածի հարցերով կզբաղվենք «Սասնա ծռերից» հետո։ «Սասնա ծռերի» կողմնակիցները շարունակում էին փակված պահել դատարանը, իսկ Մատենադարանի մոտ քսան օրից ավելի շարունակում էր հացադուլը Չուգասզյանը։ Ալեք Ենիգոմշյանը վերստին առաջարկեց, որ իշխանությունների հետ բանակցող պետք է լինի իրենց մարդը, ինչը ես փոխանցեցի վարչապետին, որ ճիշտ կլինի բանակցողը «Սասնա ծռերի» ներկայացուցիչը լինի՝ առաջարկելով հնարավորության դեպքում ուղիղ կապի դուրս գալ Ժիրայր Սեֆիլյանի հետ։

Մեկ շաբաթ անց ինձ զանգեց Ալեք Ենիգոմշյանը՝ ասելով, որ Գարեգինի հացադուլի 30-րդ օրն է, վիճակը ծանր է, խնդրում է, որ կապվեմ վարչապետի հետ, որին ի պատասխան ասացի, որ վարչապետին արդեն ասել եմ՝ այս հարցով բանակցողն այլեւս ես չեմ լինելու։ Ալեքը հեռախոսը փոխանցեց Գարեգինին։ Վերջինս դժվարությամբ էր խոսում՝ ասաց, որ վարչապետին ասելիք ունի, խնդրեց, որ հանդիպում կազմակերպեմ։ Այլընտրանք չունենալով՝ փորձեցի կապվել վարչապետի հետ, խնդրեցի օգնականին, որ վարչապետին փոխանցի՝ ինձ հետ կապ հաստատի։ Մեկ ժամից վարչապետը զանգեց։ Փոխանցեցի, որ Գարեգինի վիճակը լավ չէ, ճիշտ կլինի, որ հանդիպի, որպեսզի հացադուլից դուրս գա։ Օրվա ընթացքում նա հանդիպեց Չուգասզյանի հետ, եւ վերջինս հացադուլից դուրս եկավ։ Երեկոյան նորից զանգեց Փաշինյանը՝ հայտնելով իր շնորհակալությունը, ինչը մեր վերջին խոսակցությունն էր։ Այնուհետեւ երկու անգամ փորձել եմ կապվել նրա հետ, բայց չի արձագանքել։

Այնուամենայնիվ, «Սասնա ծռերին» ազատ արձակելու հիմնական պայմանավորվածությունը՝ որոշակի ժամկետների խախտմամբ, պահպանվել է, բացի երկուսից։

Շարունակելի

Պետրոս Մակեյան