Նոստրադամուսն էլ կնախանձեր

Նոստրադամուսն էլ կնախանձեր

Միջին դարերում ապրած ֆրանսիացի բժիշկն ու աստղագուշակը համաշխարհային համբավ ձեռք բերեց առաջին հերթին իր «Հարյուրամյակներ» չափածո ստեղծագործությամբ, որում գուշակություններ է արել եվրոպական աշխարհամասի հասարակական կյանքում սպասվող իրադարձությունների եւ երեւույթների մասին։ Իսկ այսօրվա սերնդին առավելապես հայտնի է բուլղարուհի Վանգայի անունը` նրա մասին բոլորս լսել ու կարդացել ենք, շատ բան իմացել ենք՝ դիտելով նրա կյանքին նվիրված գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր։ Հիշեցնենք, որ Վանգան ընդամենը 12 տարեկան էր, երբ ճակատագիրն անչափ դաժան վարվեց նրա նկատմամբ` գյուղամիջով էր անցնում, երբ անսպասելի ու անասելի փոթորիկը մի քանի հարյուր մետր շպրտեց աղջկան, ավազով փակելով նրա աչքերը։

Չորս տարի ծնողները պայքարեցին դստեր խախտված տեսողությունը վերականգնելու համար՝ ապարդյուն, 17 տարեկանում Վանգան լրիվ զրկվեց տեսողությունից։ Անցավ եւս չորս տարի, եւ ճակատագիրը նրա մեջ բացահայտեց համարձակ ու հստակ գուշակություններ անելու բացառիկ ընդունակություններ։ Նա սկսեց լուրջ կանխատեսումներ անել համաշխարհային իրադարձությունների մասին, մարդկանց խորհուրդներ տալ, սովորեցնել ճիշտ քայլերի դիմել կյանքի բարդ իրադրություններում։ Շուտով բուլղարուհու անունը լայն տարածում ստացավ, նրա ընդունելությանն արժանանալու համար երկար հերթեր էին գոյանում։ 

Անկարելի է չանդրադառնալ Վանգայի այն գուշակմանը, որն արել է 1993 թվականին, երբ ընդունել է մի խումբ բաքվեցի լրագրողների։ Այս կանխատեսումը գաղտնազերծվել է ընդամենը օրեր առաջ՝ ցնցելով ամբողջ համացանցը։ Վանգան զգուշացրել է իր հյուրերին, որ եթե Ադրբեջանը շարունակի իր կամքը թելադրել ուրիշներին, ապա 30 տարի հետո (այսինքն` 2023 թվականին) գալու է նրա վերջը։ Կույր Վանգան ապրեց 85 տարի եւ վախճանվեց 1996 թվականին։
Երեւի քչերը գիտեն, որ Վանգայի ժամանակակիցն էր եւս մեկ ոչ պակաս հայտնի գուշակուհի` ամերիկուհի Ջեյն Պիկերտը (ամուսնանալուց հետո` Դիքսոն), ով գրեթե կես դար մեծ հետաքրքրություն էր առաջ բերել եւ լարվածության մեջ պահել աշխարհի միլիոնավոր մարդկանց։ Նա այնքան ճիշտ էր կանխատեսում տարբեր երկրների ճակատագրական երեւույթները, որ երբեմն մեծ հեղինակություն վայելող իշխանավորները տեղեկություններ, իսկ առավել հաճախ խորհուրդներ ստանալու համար նրան էին դիմում։

Եվ ահա 1944 թ. նոյեմբերին արդեն հայտնի գուշակուհուն որոշեց այցելել երկրի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը։ Լուրջ հիվանդ ու սայլակի օգնությամբ տեղաշարժվող նախագահը հարցրեց տանտիրուհուն, թե ինչքան է մնացել իր կյանքին։ Միսիս Ջեյնը ցանկություն հայտնեց տեսնելու նրա ձեռքերի մատները։ Մեծարգո հյուրը մեկնեց ձեռքերը, եւ գուշակուհին զգաց մատների ուժեղ թրթիռը, ինչը ծանր գույժի նշան էր, եւ հուզված տանտիրուհին փորձեց խույս տալ ուղիղ պատասխանից։ Սակայն ԱՄՆ նախագահը համառեց, եւ գուշակուհին ստիպված խոստովանեց․ «Վեց ամիս կամ մի փոքր պակաս»։ Դրանից 5 ամիս անց Ռուզվելտը մահկանացուն կնքեց։

Ջեյն Դիքսոնը հետագայում կանխատեսեց Ռիչարդ Նիքսոնի հաղթանակն ԱՄՆ նախագահի ընտրություններում, նույնպիսի հաջողությամբ գուշակեց Հարի Տրումենի, Դուայթ Էյզենհաուերի, Ջոն Քենեդու հաղթանակները, ինչպես նաեւ այն, որ այրիացած Ժակլին Քենեդին ամուսնանալու է մեծահարուստ հույն Արիստոտել Օնասիսի հետ։ Եղել են պահեր, երբ բանը հասել է ծիծաղաշարժ դեպքերի։ Ջեյնը հայտնել էր ճիշտ այն օրը (1947 թ. փետրվարի 20), երբ մի հնդիկ հետաքրքրվել է, թե երբ է կիսվելու իր երկիրը։ «Եթե Դուք իրավացի գտնվեք, ես պատրաստ կլինեմ ուտել սատկած ագռավ»,- կատակել էր դիվանագետը։ Ապա փետրվարի 20-ի առավոտյան նա շտապել է եւ զանգահարել Ջեյնին ու հայտնել, որ իր կանխատեսումը չի արդարացել։ «Դեռ երեկո չէ»,- եղել է պատասխանը, իսկ հաջորդ առավոտյան բոլոր թերթերը հայտնեցին, որ կազմակերպվել է նոր պետություն` Պակիստան անվամբ։ Գրազը տանուլ տված դիվանագետը, ում բնավ հաճելի չէր ուտել սատկած ագռավ, Ջեյնին, նրա ամուսնուն ու իր մտերիմ ընկերներին հրավիրել է մի ճոխ ռեստորան, իսկ ճաշից հետո խումբը շարժվել է դեպի ձիարշավարան, որտեղ, ի թիվս այլ պարգեւների, խաղարկվում էր նաեւ «Լինկոլն» ավտոմեքենա։ Մտերիմներից մեկը որոշել է ձեռք առնել Ջեյնին ու բարձրաձայն հայտարարել է․ «Իսկ դու կարո՞ղ ես գուշակել «Լինկոլն» շահած տոմսակի համարը»։ Գուշակուհին, թաքցնելով բարկությունը, փակել է աչքերը, ձեռքը դրել վիճակախաղի տոմսակների վրա եւ անվարան վերցրել դրանցից մեկը։ «Ավտոմեքենան արդեն իմն է»,- հայտարարել է նա։ Գլխավոր մրցանակն իսկապես բաժին է հասել Ջեյնին, եւ սա առաջին դեպքը չէր, երբ գուշակուհին գործել է անձնական շահի համար։ 1953 թվականի մայիսի 14- ին հեռուստադիտողների աչքի առաջ Ջեյնը հայտարարել է, որ խորհրդային վարչապետ Մալենկովին մոտ երկու տարի հետո փոխարինելու է «ձվաձեւ դեմքով, կանաչ գույնի աչքերով եւ ոչ մեծ մորուքով մի մարդ։

Մորուքավորը երկար չի տիրելու` նրան փոխարինելու է ճաղատ ու չաղլիկ մեկը։ Իսկ ավելի վաղ տիեզերք կբարձրանա արծաթափայլ մի գունդ, որը պտտվելու է երկրագնդի շուրջ»։
Ո՛չ ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպան Դեւիսը, որ մասնակցում էր տվյալ հեռուստահաղորդմանը, ո՛չ էլ խորհրդային դեսպան Զարուբինը, ով Ջեյնին հանդիպել էր հաջորդ օրը, այդ կանխատեսումներին չհավատացին։ Բայց անցավ երկու տարի, 1955 թվականին խորհրդային կառավարության նախագահ Մալենկովին փոխարինեց մորուքավոր մարդը` Բուլգանինը, իսկ երեք տարի անց՝ «ճաղատ ու հաստլիկ» Խրուշչովը, որ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն էր, Բուլգանինից խլեց նախագահական բազկաթոռը, դրանից մեկ տարի առաջ էլ արձակվեց առաջին արհեստական արբանյակը։ Իսկ 1964-ի նախօրեին Ջեյնն արեց եւս մեկ անակնկալ գուշակում` առաջիկայում Խրուշչովը հեռացվելու է իշխանությունից։

Զարմանահրաշ գուշակուհու նկատմամբ վստահությունը լայն տարածում ստացավ։ Նրան սկսեցին հավատալ, վստահել, բայց եւ երկյուղել` ինչ իմանաս, մեկ էլ տեսար՝ ի լուր բոլորի, հայտնի զուտ անձնական գաղտնիքներ, սիրային կապերի մասին։ Սակայն համընդհանուր ողբերգությունները նա ավելի հաճախ էր կանխատեսում։ 1956 թվականի մայիսին ամերիկյան թերթերը հրապարակեցին միսիս Դիքսոնի գուշակումներն առաջիկա տարիների վերաբերյալ, որտեղ ասված էր, որ 1960 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ է տանելու երկնագույն աչքերով մի երիտասարդ, որը, սակայն, իր իշխանության ժամկետից շուտ սպանվելու է երկրի հարավում՝ դառնալով մի ամբողջ մաֆիայի զոհը։ Սպառնացող վտանգի մասին նա մի քանի անգամ ջանաց զգուշացնել Ջոն Քենեդուն, բայց, ավաղ, հավատի չարժանացավ։

Ջեյն Դիքսոնի հրաշք գուշակությունների մասին կարելի է շատ պատմել, սակայն ասվածն էլ բավական է, որպեսզի պատկերացում կազմեք այդ կնոջ բացառիկ նրբազգացության, այն բնատուր ունակությունների մասին, որոնց, իրոք, կարող էր նախանձել հռչակավոր Նոստրադամուսը։ Հրաշքներով լեցուն նրա կյանքը շարունակվեց 93 տարի եւ ավարտին հասավ 1997 թվականին։

Միսակ Նազարյան