Միջնորդեցին գրավով ազատ արձակել Արմեն Չարչյանին. գրավի չափը` 10 միլիոն դրամ

Միջնորդեցին գրավով ազատ արձակել Արմեն Չարչյանին. գրավի չափը` 10 միլիոն դրամ

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ,  այսօր մեկնարկեց «Իզմիրյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի գործով դատավարությունը։

Նիստի սկզբում պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարանին` ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին։ 

Հիշեցնենք, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարել էր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը՝ կալանավորելով նրան մեկ ամիս ժամկետով։ 

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ գործով անցնող բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են, տվել ցուցմունքներ, հետևաբար, Չարչյանը, մնալով ազատության մեջ, չի կարող ազդեցություն ունենալ գործով վկաների նկատմամբ։

Արամ Վարդևանյանն էլ ավելացրեց, որ թեև գտնում են, որ Արմեն Չարչյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա, բայց միևնույն ժամանակ, ընդունելի են համարում գրավի կիրառումը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ 

Դատավոր Վահե Միսակյանն էլ նշեց, որ ամեն դեպքում  որոշակի չափ պետք է ասել, քանի որ դատարանի հայեցողությունը լայն հասկացություն է.

Վարդեւանյանը արձագանքեց` նշելով, որ ամեն դեպքում գրավի նվազագույն շեմը կարող են դիտարկել 10 մլն դրամը

Մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ դատարանը պետք է անփոփոխ թողնի որոշումը։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-ի 4-րդ մասի 2-րդ կետով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը): 

Ըստ քրեական գործի՝ Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրյան» ԲԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ՝«Հայաստան» դաշինքի օգտին: Վերջինս դաշինքի անդամ և պատգամավորության թեկնածու է։