Կորոնավիրուսային համավարակն ու պլաստիկ վիրաբուժությունը․ ինչ կապ է հայտնաբերել New York Times-ը

Կորոնավիրուսային համավարակն ու պլաստիկ վիրաբուժությունը․ ինչ կապ է հայտնաբերել New York Times-ը

Կորոնավիրուսի համավարակի եւ արագ տեմպերով տարածման ֆոնին, պարզվում է իսկական «բում» է ապրում պլաստիկ վիրաբուժությունը։ Այս մասին գրում է New York Times-ը։ Պարբերականը արձանագրում է, որ համավարակի ժամանակ բազմակի անգամ ավելացել է տարբեր ծառայությունների միջոցով տեսազանգերի թիվը, սակայն այս փոփոխությունները բոլորին չէ, որ ուրախացրել են։ Շատերը դժգոհ են այն բանից, թե ինչպես են երեւում կադրում։ Դրանից էլ նրանք սկսել են ավելի շատ դիմել պլաստիկ վիրաբուժության օգնությանը։

Ատլանտայում գործող պլաստիկ վիրաբույժ Դայանա Ալեքսանդրը պարբերականի հետ զրույցում նշել է, որ դեռ երբեք նման թվով վիրահատություններ չի ունեցել կապված ամառային սեզոնին դեմքի մաշկի ձգման հետ։ Նա մայիսի տասնութից մինչեւ հուլիսի վերջ իրականացրել է ոչ ավել, ոչ պակաս՝ 251 նման վիրահատություն։ Հաճախորդների մեծ մասը նրա մոտ գալիս են՝ հայտարարելով, որ վատ տեսք ունեն կադրում, երբ օգտվում են տեսազանգից։ Պարբերականը սա համարում է անսպասելի թրենդ, հատկապես, որ պլաստիկ վիրաբուժությունը ԱՄՆ-ում բավական թանկ արժի եւ վիրահատությունների արժեքը կարող է տատանվել 3,3-25 հազար դոլարի սահմաններում։ Ընդ որում, որոշ դեպքերում դրանք չեն ծածկվում բուժապահովագրությամբ։