Ի՞նչ են պահանջում միջազգային հանրությունից․ ԱԳ փոխնախարարը Կոռնիձորից մանրամասներ է հայտնում

Ի՞նչ են պահանջում միջազգային հանրությունից․ ԱԳ փոխնախարարը Կոռնիձորից մանրամասներ է հայտնում

Կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար արդեն երրորդ օրն է՝ Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու հարցում դեռ տեղաշարժ չկա: Այժմ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները Կոռնիձորում են։ Հիշեցնենք, առաջին իսկ պահից, ԵՄ դիտորդները  նույնպես այստեղ են։ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նույնպես այստեղ են։ Ներկաները այժմ լուսանկարահանումներ են իրականացնում։

 «ՀՀ կառավարության հրավերով, ինչպես տեսնում եք, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները այժմ Սյունիքի մարզում են՝ տեղում տեսնելու իրավիճակը, տեսնելու, որ հումանիտար բեռը, որը նախատեսված է մեր արցախահայ հայրենակիցների համար, կանգնած է։ Ադրբեջանը շարունակում է արգելափակած պահել Լաչինի միջանցքը, թույլ չի տալիս բեռների մուտքը։ Այս պահին որևէ դրական զարգացումներ, ցավոք սրտի, չկան»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Կոստանյանը։

«Մենք շարունակելու ենք իրազեկել մեր գործընկերներին իրավիճակի մասին։ Մենք շարունակելու ենք աշխատանքներ տանել, որպեսզի ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք միջազգայնորեն է ստանձնել։ Շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա։ Մենք իհարկե տեսել ենք որոշ հայտարարություններ տարբեր գործընկերների կողմից, բայց կարծում ենք, որ դա բավարար չէ։ Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը միասնական ճակատով հանդես գա։ Անհրաժեշտ է, որ ոչ միայն ազդակներ լինեն Ադրբեջանի իշխանություններին, այլ նաև քայլեր ձեռնարկեն հստակ, որոնք թույլ կտան ապահովել բեռների ու առհասարակ մարդկանց անխափան անցումը»,- հավելեց նա։