Երեւանի ընտրություններում ինչպես կարող է ոչ իշխանական ճամբարը հասնել հաջողության

Երեւանի ընտրություններում ինչպես կարող է ոչ իշխանական ճամբարը հասնել հաջողության

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն, 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երեւանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել են 13 կուսակցություն եւ 1 կուսակցությունների դաշինք։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, օգոստոսի 13-ին ավարտվել են առաջադրումները, այժմ ստուգման փուլն է, առաջադրված քաղաքական ուժերի գրանցումն իրականացվելու է մինչեւ օգոստոսի 18-ը։ Գրանցումից հետո եռօրյա ժամկետում՝ մինչեւ օգոստոսի 21-ը, կհրապարակվեն ընտրական ցուցակները։ Կուսակցությունների, ինչպես նաեւ ավագանու անդամների թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչեւ օգոստոսի 23-ը։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին, շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ինչպես նաեւ քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է, լռության օր է։ Այսինքն՝ Հայաստանի քաղաքական դաշտը թեւակոխում է ընտրական շրջափուլ։

Եվ եթե հաշվի առնենք, որ Երեւանն առնվազն Հայաստանի բնակչության 30-40 տոկոսն է, ապա կարող ենք արձանագրել, որ ընտրական այդ շրջափուլը չափազանց կարեւոր է ու թեեւ լոկալ առումով վերաբերում է միայն Երեւանին, սակայն ազդեցության ընդգրկմամբ՝ ողջ հանրապետության տարածքի վրա է տարածվում։ Էլ չասած, որ Երեւանը Հայաստանի առնվազն երկու երրորդն է՝ քաղաք-պետություն։

Առաջադրված քաղաքական ուժերի ցանկն ուսումնասիրելով, կարելի է ասել, որ հայաստանյան քաղաքական ընդդիմությունն այս ընտրություններում մեկ դրոշի ներքո չի կարողացել համախմբվել, ինչպես նկատել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ինչպես արձանագրել են Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ շատ ուրիշներ։ Թե ինչու հնարավոր չի եղել ընդդիմությանը միասնական ճակատով հանդես գալ, դժվար է ասել։ Եթե լսենք ընդդիմությանը, ապա բազմաթիվ պատճառներ կնշեն։ Այս հանգամանքին էլ եթե գումարենք այն, որ քաղաքական ընդդիմադիր կամ իշխանության հանդեպ համակրանք չունեցողորոշ կուսակցություններ հայտարարեցին, թե առհասարակ չեն մասնակցելու ընտրություններին, արդյունքում, ըստ մեր գնահատականի, այս ընտրություններին ոչ իշխանական կամ ընդդիմադիր ճամբարի դիրքերը կլինեն բավականին թույլ։

Մյուս կողմից, հայաստանյան քաղաքական դաշտին փոքրիշատե ծանոթ մարդիկ գիտեն, որ առաջիկա քաղաքական-նախընտրական պայքարն իր բովանդակային մասով դուրս է գալու լոկալ երեւանյան շրջանակից եւ ընդգրկելու է առհասարակ հայկական քաղաքական դաշտի օրակարգն ամբողջությամբ։ Եթե ոչ իշխանական ճամբարը կարողանա նախընտրական արշավը մինչեւ վերջ տանել այս ուղղությամբ, այսինքն՝ անընդհատ ընտրողների առաջ դնել, թե այս իշխանություններն ինչ «արդյունքներ» են գրանցել 5 տարվա ընթացքում, առնվազն 44-օրյա պատերազմում եւ դրանից հետո, ապա կկարողանան թուլացնել իշխանության դիրքերը եւ համոզել, որ «Քաղպայմանագիր» կուսակցությանը չի կարելի ձայն տալ։ Խնդիրն այս ընտրություններում այն չի լինելու, թե Երեւանի քաղաքային տնտեսության համար որ քաղաքական ուժը կարող է ավելի լավ կառավարիչ լինել։ Խնդիրն իշխանության համար սեփական «մինի-վերարտադրություն» ապահովելն է, իսկ ոչ իշխանական ճամբարի համար՝ այդ «մինի-վերարտադրության իրականացումը» թույլ չտալը։