Մեկ ամիս անց Չարչյանի գործով նախարարությունը տեղից շարժվեց

Մեկ ամիս անց Չարչյանի գործով նախարարությունը տեղից շարժվեց

Մեկ ամսից ավելի է, ինչ առաջին ատյանի դատարանը որոշել է պրոֆեսսոր, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանին բժշկական ուսունասիրման ենթարկելու հանձնաժողով ստեղծել, որի կատարումը հանձնարարված է առողջապահության նախարարությանը, սակայն փաստաբանները բարձրաձայնում են, որ մինչ օրս որեւէ գործողություն չի իրականացվել։

Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի կազմում ներառելու համար իրենք մասնագետներ առաջարկել են, սակայն դատարանում պետք է նրանք ներկայանան․ «Ձեւավորված հանձնաժողով է, դատարանի որոշմամբ լրացուցիչ մասնագետներ են պահանջվել, որոնք պետք է լրացնեն այդ հանձնաժողովի կազմը։ Դատարանի որոշմամբ՝ անձերը ճանաչվում են փորձագետ եւ իրականացնում են փորձաքննական եզրակացությունը։ Մի քանի հանձնաժողովներ կան, քրեական գործ է, քրեական վարույթի շրջանակում, եւ ես չեմ կարող ասել՝ որ հանձնաժողովի կողմից է փորձաքննվելու»։

Փոխնախարարը նաեւ նշեց, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ստացել են գրություն, որ պետք է ներկայացնեն ֆիքսված մասնագետներ․ «Այդ մասնագետները պետք է դատարանի որոշմամբ ճանաչվեն փորձագետ, եւ այդ փորձագիտական հանձնաժողովի կազում իրականացնեն փորձաքննությունը։ Մենք մասնագետներին ներկայացրել ենք։ Հանձնաժողովի մնացած հարցերը, անդամները, դա արդեն դատարանը կպատասխանի, դատարանի որոշմամբ են այդ մարդիկ ճանաչվելու փորձագետ»։

Նազարյանը չպատասխանեց հարցին, թե ում են որպես մասնագետ ներկայացրել, նա նաեւ չնշեց, թե ով է հանձնաժողովի նախագահը։

Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ նախորդ նիստի ժամանակ անգամ չեն իմացել՝ հանձնաժողով ստեղծվա՞ծ է, թե՞ ոչ․ «Հետո հարցուպատասխանի ժամանակ հասկացանք, որ հանձնաժողով ստեղծվել է, հիմա էլ դուք ասում եք, որ իրենք մասնագետներ առաջարկել են, ես ենթադրում եմ, որ դատարանի համապատասխան գրությանը պատասխանել են։ Հիմա դատարանը պետք է նիստ հրավիրի, մասնագետներին ճանաչի, հարցեր քննարկվի։ Մի ամիս է՝ որոշումը կա, եթե ես գրառում չանեի, ԱԺ-ում հարցուպատասխանը չլիներ, նախարարը տեղից չէր շարժվելու, չի կարող այդպես իրոք»։

Փաստաբանը նաեւ ասաց՝ չգիտի, թե ով է բժշկական հանձնաժողովի նախագահը։

Նշենք, որ փորձաքննությունը հանձնարարվել է առողջապահության նախարարությանը։ Փորձագետներին առաջադրվելու են հետեւյալ հարցերը. Արմեն Չարչյանն ի՞նչ հիվանդություններով է տառապել կամ տառապում, ինչպիսի՞ ախտորոշմամբ եւ ի՞նչ վաղեմություն ունեն դրանք, Չարչյանի առողջական վիճակը կալանավորվելուց հետո մինչ օրս բացասական դինամիկա ունեցե՞լ է, թե՞ ոչ, արդյոք նրա հիվանդություններն ընդգրկվա՞ծ են կառավարության համապատասխան որոշման մեջ, որտեղ առանձնացված են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունները։ Մինչդեռ արյան մեջ շաքարի բարձր տոկոսի պարունակությունը կարող է հայտնաբերվել 5 րոպեի ընթացքում` արյան մեկ անալիզով:

Գրավի դիմաց Չարչյանին ազատ արձակելու միջնորդության քննարկումը դատարանը կապել է հանձնաժողովի կողմից եզրակացություն ստանալու հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր եւ նորից կալանավորելու սանկցիա տվել։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։