Ինչու՞ են հիշել

Ինչու՞ են հիշել

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահը կարճատեւ այց կատարեց Մոսկվա: Արդյունքների մասին կարելի է ենթադրել Թուրքիայի նախագահի, ապա եւ արտգործնախարարի այն հայտարարություններից, թե Սիրիայի նախագահն զգուշացվել է Իդլիբի շրջանում իրավիճակի սրացում թույլ չտալու հարցում: Վերջնական պայմանավորվածությունների մասին, թերեւս, վաղ է խոսել: Նույն խնդիրները Թուրքիան շարունակում է քննարկել նաեւ Միացյալ Նահանգների հետ: Էրդողանի մոսկովյան այցի շուրջ ադրբեջանական կողմի մեկնաբանություններն անսպասելիորեն սուղ են:

Բացառություն էր, երեւի, քաղաքագետ Էլդար Նամազովի բավական երկիմաստ ակնարկը, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հարցն անցյալ դարի քսանական թվականների սկզբին որոշվել է ռուս-թուրքական ոչ հրապարակային պայմանավորվածությամբ: Պուտին-Էրդողան բանակցություններում Լեռնային Ղարաբաղի թեման շոշափվե՞լ է: Եթե՝ ոչ, ապա ադրբեջանցի քաղաքագետն ինչու՞ է հիշել անցյալ դարասկզբի ռուս-թուրքական պայմանավորվածությունը: Բաքվում դժգո՞հ են Թուրքիայից:

Այս հարցերի անուղղակի պատասխանը կարելի է ուրվանշել Regnum-ի մի հրապարակման ենթատեքստում: «Անկարան կարող է խաղալ նաեւ ուրիշի դաշտում»՝ փոխելով իր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ՝ այդ խնդիրը ներկայացնելով որպես «նոր կրեատիվ մոտեցում»՝ նպատակ ունենալով կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները»,- գրում է ռուսաստանցի մեկնաբանը եւ հիշեցնում, որ ժամանակին նման սպառնալիք արձանագրել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ կարծիք հայտնելով, որ Թուրքիան, առաջին պլան բերելով Լեռնային Ղարաբաղի խնդիը, փորձում է «իր պատասխանատվությունը բարդել Ադրբեջանի վրա»:

Գուլուզադեն վաղուց հանգուցյալ է եւ նրա տեսակետը պետք է որ կորցրած լինի հրատապությունը: Բայց եթե Regnum-ի հեղինակը դրան մեծ կարեւորություն է տվել, ընդ որում՝ Մոսկվայում Պուտին-Էրդողան բանակցություններից հազիվ մեկ շաբաթ անց, ապա կարելի՞ է ենթադրել, որ ԼՂ կարգավիճակի հարցով ռուս-թուրքական մեկդարյա վաղեմության պայմանավորվածությունները մտնում են վերանայման փուլ: Հնարավո՞ր է, որ Սիրիայում ինչ-որ բան զիջելով Թուրքիային, Ռուսաստանը դրա դիմաց ակնկալում է վերջինիս ազդեցության սահմանափակում Հարավային Կովկասում եւ այստեղ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը ձեռք է բերում աշխարհաքաղաքական կարեւորություն: Ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանը տեղեկատվական այս արտահոսքին: Իսկ Հայաստանը եւ Արցա՞խը: