Նվիրյալների պակաս

Նվիրյալների պակաս

Մարդկանց մասին ոչ թե խոսքերով է պետք դատել, այլ՝ գործերով: Ավելի ճիշտ` խոսքերը պետք է ամրապնդվեն գործերով, այլ ոչ թե հերքեն մարդու ասածը: Մեծ թվով մարդիկ խիստ թերահավատ էին Ռուբեն Վարդանյանի` Արցախ մեկնելու որոշման հարցում: Նրան Ռուսաստանի եւ Պուտինի դրածո էին անվանում, կանխատեսում էին, որ մի քանի ամսից փախչելու է Արցախից, իսկ երբ նրան հեռացրին Արցախի պետնախարարի պաշտոնից, վստահ էին, որ նա մի քանի օրից Հայաստան է տեղափոխվելու եւ սկսելու է պայքարը Հայաստանում իշխանություն կամ պաշտոն ստանալու համար:

Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են փոխում իրենց կարծիքը` մարդը մնաց եւ արցախցիների հետ համահավասար կրում է այն բոլոր զրկանքներն ու սթրեսները, որ բաժին են հասել մեր եղբայրներին, եւ դա չի կարելի չգնահատել: Լավ կլիներ, եթե նման օրինակներ շատ ունենայինք` մարդիկ իրենց ապրած կյանքով, իրենց վարքով, իրենց գործողություններով համոզեին, որ սխալվել ենք, երբ կասկածել ենք նրանց հայրենասիրությանը, նրանց նվիրումին, նրանց ազնվությանը, բայց, ցավոք սրտի, նման օրինակները շատ չեն: 2020 թվականի պատերազմից հետո մենք հույսեր էինք կապում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ընդդիմադիր տարբեր գործիչների հետ, սակայն այդ բոլոր մարդիկ այս կամ այն կերպ հուսախաբ արեցին մեզ, ապացուցեցին, որ իրենք երկարատեւ, հետեւողական պայքարի ունակ չեն: Որ տարբեր վախեր ու մտավախություններ ունեն: Չեն ուզում հրաժարվել իրենց կոմֆորտից ու համեմատաբար` ապահով կյանքից: Չեն ուզում հայտնվել կալանավայրում կամ հետապնդվել: Այդ ամենը, իհարկե, մարդկային դրսեւորումներ են, բայց մեզ նվիրյալներ են պետք, որոնք կառաջնորդեն ժողովրդին: