Փաշինյանն ու վերընտրված ՔՊ-ն գերադասել են թոզ փչել մարդկանց աչքերին. Տաթևիկ Հայրապետյան

Փաշինյանն ու վերընտրված ՔՊ-ն գերադասել են թոզ փչել մարդկանց աչքերին. Տաթևիկ Հայրապետյան

Hraparak.am-ը զրուցել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ:

-Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը միայն այժմ խոսեց պատերազմի ռիսկերի մասին: Մի՞թե մինչ այդ ակնհայտ չէին Բաքվի ռազմատենչ նպատակները: 

-Բաքվի ռազմատենչ նպատակները միշտ էլ ակնհայտ են եղել, ավելին՝ դրանք ստանում են Անկարայի հստակ աջակցությունը: Առկա ռիսկերի մասին բարձրաձայնել են շատերը՝ փաստարկված, հաճախ առանց որևէ քաղաքական ենթատեքստի: Ավելին ասեմ, պատերազմի ավարտից անմիջապես հետո ես և իմ նախկին գործընկերներից ոմանք Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ խոսել ենք այն մասին, որ Բաքուն ավելի հեռուն է գնալու և ձեռք բերածի վրա կանգ չի առնելու, ուստի պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: Սակայն, Փաշինյանն ու վերընտրված ՔՊ-ն գերադասել են թոզ փչել մարդկանց աչքերին, խաբել, խոստացել են, թե կբացեն «խաղաղության դարաշարջան» և ամեն ձևով դա առաջ կտանեն: Բնական է ցանկացած մարդ ցանկանում է խաղաղություն, ո՞վ է պատերազմ ուզում: Ուստի պատերազմից դուրս եկած ժողովրդի համար ականջահաճո էր այդ կեղծ խոստումը: Բայց միակողմանի խաղաղություն երբեք չի կառուցվում՝ դա արվում է մեկի կապիտուլացիայի գնով միայն: Ալիևն էլ է խոսում խաղաղությունից, բայց նշում է, թե ինչ է պատկերացնում դրա ներքո: Ավելին, խոսելով խաղաղությունից շարունակում է անվանել մեզ «շներ», «փախուստի դիմած ճագարներ», «հավերժ պարտված ժողովուրդ» և այլ վիրավորական հայտարարություններով հանդես գալ՝ ցույց տալով իր իրական «խաղաղասեր» դեմքը, որոնք մեր ղեկավարը գնահատում էր «էմոցիոնալ» ելույթներ: Մինչ օրս Փաշինյանը չի տվել խաղաղության մասին իր և իր թիմի տեսլականը, արվել են միայն ընդհանրական ձևակերպումներ, շրջանառության մեջ են դրվել քարոզչաթեզեր, որոնք չեն բխում մեր պետության շահերից, հետո էլ իրավիճակը ներկայացվել է այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե Բաքվի առաջարկած «խաղաղության պայմանագրի» ստորագրումից զատ այլ ելք չկա: Իսկ պարզ հարց՝ ի՞նչ էիք անում պատերազմի ավարտից հետո մոտ մեկ ու կես տարի շարունակ: Հիմա ռուս խաղաղապահների առաջ պահանջներ են դնում, շատ լավ, իսկ իրենք իրենցից պահանջելու բան չունե՞ն, թե ինչն ես սխալ արել կամ ինչ չեն արել, որ կրկին անելանելիության առաջ են փորձում կանգնեցնել երկիրը: 

-Այդ դեպքում, ինչու՞ ենք մենք, օրինակ, օրեր շարունակ քննարկում աղի թեման: 

-Նկատենք, որ երբ պետությանը բարդ վիճակում է, և վստահ եմ, փորձագետներից բացի նաև կան պատասխանատու գերատեսչություններ, որոնք պետք է որ զեկուցած լինեն իրավիճակի մասին, պետության ղեկավարը և նախարարները հանկարծ կսկսեն խոսել այն մասին, թե ով որքան աղ լցնի ճաշի մեջ: Սա ընդամենը մի օրինակ է՝ ցույց տալու, թե ինչպես են հասարակության ուշադրությունը շեղելու համար շրջանառության մեջ դրվում կեղծ և այդ պահի համար անկարևոր թեմաներ: Աղի մասին խոսելուց մեկ շաբաթ անց մեկ էլ պարզվեց պատերազմի վտանգը մեծ է...Ես մի բացատրություն ունեմ՝ իշխող ուժը շարունակում է մնալ անկարող և թույլ: Ընտրություններում հաղթեց պարտված ղեկավարը, ով ունակ չէ դիմակայելու: Դրա համար զուգահեռ իրականություն է ստեղծում հասարակության համար: Դա պատասխանատվությունից խուսափելու ձև է: Հետո տալիս է գնահատական՝ փաստի առաջ կանգնեցնելով իրեն անելանելիոթյան մեջ զգացող ժողովրդին: Սա, մեղմ ասած, անազնիվ է մեր հայրենակիցների հանդեպ: Ազնիվ կլիներ, որ կանգնեին և խոստոնավեին, որ ունակ չէ երկիրը կառավարել այս բարդ պատմական շրջանում, ավելին՝ միայն ձախողում են և նոր փորձություններ բերում: Իրենց հեռացումը կլիներ ամենաազնիվ քայլը իրենց կրկին քվե վստահած քաղաքացիների առաջ: 

-Բաքվի առաջարկած հինգ կետերի վերաբերյալ իշխանության մոտեցումները տարբերվում են տարբեր անհատների կողմից տրվող գնահատականներից: Ի վերջո, ինչի՞ մասին են այդ կետերը: 

-Կարճ ասած՝ դրանք Արցախից հրաժարվելու մասին են: Բաքվում հասկանում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը դա հրադադարի մասին է, ուստի պետք է ամրագրել այն այսպես կոչված «խաղաղության պայմանագրով»: Պաշտոնական Երևանն ասում է, որ դրանք ընդունելի են, այսինքն գնում է բանակցությունների նախապայմանների տեսքով՝ ասելով, որ պատրաստ է քննարկել Արցախն Ադրբեջանի կազմում: Հավելելով նշում են, որ պետք է լուծել Արցախի ժողովրդի իրավունքների հարցը: Սա ամորֆ և անհասկանալի ձևակերպում է: Ինչ եթե Բաքուն ասի, որ կզբաղվի այդ իրավունքներով: Հետո՞...մեր պաշտոնայները պետք է ասեն, այո խնդիրը լուծվա՞ծ է: Կա հստակ ամրագրված իրավունք՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը: Սա չի դրվել հակասության մեծ տարածքային ամբողջականության հետ: Պաշտոնական Երևանը բոլոր ժամանակներում էլ շեշտել է, որ սա տարածքային վեճ չէ, սա ինքնորոշման իրավունքի և անվտանգ ապրելու մասին է, ինչը անհնար է Ադրբեջանի կազմում: Այս ամբողջ հակամարտությունը ծագել է էթնիկ ատելության հենքի վրա, երբ Սումգայիթում կոտորում էին մեր հայրենակիցներին՝ միայն հայ լինելու համար: Արցախի գլխին կախված բնաջնջման վտանգն է 90-ականներին դրդել պայքարի: Երբ Շուշիից ռմբակոծում էին Ստեփանակերտը: Ինչպե՞ս կարելի է այս ամենը մոռանալ, մի կողմ դնել այդ պայքարը, նվիրումը, անձնազոհությունը և ասել, որ կգնան քննարկման ցանկացած թեմայով, այդ թվում՝ Արցախն Ադրբեջանի կազմում: Դե թող ասեն, թե ինչ է լինելու, եթե հանկարծ, Աստված մի արասցե, գնան նման քայլի, արդյո՞ք հաջորդը Սյունիքի վրա չեն հարձակվելու: Ես կասկած չունեմ, որ Արցախից հրաժարումը աղետի և նոր պատերազմի ռիսկի առաջ է կանգնեցնելու Հայաստանը: Լուծումը այն է, որ զինվենք և պատրաստվենք մեր պետությունը պահելուն, եթե ուզում ենք ունենալ պետություն: Բայց դա անհնար է պարտվողական և հանձնված իշխանության պայմաններում:

-Բրիտանացի պաշտոնյայի հանկարծակի այցը Բաքու նոր հարցեր առաջացրեց: Ի՞նչ նպատակով էր կազմակերպված այդ այցը: 

-Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարարի խորհրդարանական տեղակալ Ջեյմս Հեփփի այցը Բաքու և Ալիևի ու ՊՆ ղեկավարության հետ ունեցած հանդիպումներն ունեին հակառուսական հստակ ուղերձներ: Մի օրինակ բերեմ, որը նաև մեր լրատվամիջոցների աչքից է վրիպել: «Շեհիդների պուրակ» այցից հետո Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանը իր թվիթերյան գրառման մեջ նշել էր, որ պաշտոնյան հարգանքի տուրք է մատուցել «Կրեմլի հրահանգների հետևանքով զոհվածների հիշատակին: Այդ շեհիդները զոհվել են հանուն Ադրբեջանի անկախության»: Խոսքը 90 թվականի Բաքվի ջարդերի մասին է, որի ժամանակ նաև հնչում էին Խորհրդային Միությունից դուրս գալու կոչեր: Դրա համար էլ զորք ուղարկվեց Բաքու: Այդ գրառումն ինքնին արտացոլում է այցի հակառուսական ուղղվածությունը: Ցավում եմ, որ Արևմուտքը կարող է քննարկել Արցախից ռուսների դեմ երկրորդ ճակատ բացելու վտանգավոր սցենարը: Ամեն դեպքում իրավիճակն իսկապես բարդ է և պահանջում է հստակ տեսլական, քայլերի հաջորդականություն և համառ աշխատանք՝ դա հաղթահարելու համար: