«Հրապարակ». Կարծում եմ՝ Հաջորդը լինելու է Բաղդասարովը

«Հրապարակ». Կարծում եմ՝ Հաջորդը լինելու է Բաղդասարովը

«Պուտինը ժամանակին մի արտահայտություն արեց՝ եթե կռիվն անխուսափելի է, պետք է առաջինը հարվածել․ հատուկ օպերացիան հենց այսպես սկսվեց, քանի որ կար ինֆորմացիա, որ Ուկրաինան պատրաստվում է Ղրիմի վրա հարձակվելու, եւ այդ ամենը կանխարգելելու, չճանաչված պետություններին ի աջակցություն՝ այս հատուկ օպերացիան սկսվեց, որը, ցավոք սրտի, դարձել է պատերազմ ոչ թե Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ, այլ հավաքական Արեւմուտքի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, պարզապես՝ Ուկրաինայի տարածքում»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմում տեղի ունեցող գործընթացներին՝ ասաց քաղաքական վերլուծաբան Մարիամ Հովսեփյանը։ Նա կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի դեմ կռվել մինչեւ վերջին ուկրաինացին։ Իսկ այսօր, քանի դեռ պատերազմը չի ավարտվել, եւ ամեն վայրկյան բան է փոխվում, արդյունքներ արձանագրել հնարավոր չէ։

Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված Զելենսկու հայտարարությունը Ղրիմը հետ բերելու վերաբերյալ, արդյո՞ք հավաքական Արեւմուտքն այս հարցում ինչ-որ երաշխիք տվել է, Հովսեփյանն ասաց, որ նրա նպատակը, երազանքը Ղրիմը հետ բերելն է, սակայն լավ կանեն՝ իրենց կողքերը նայեն ու տեսնեն, թե ինչ վիճակում  են հայտնվել․ «Երկրի մի մասը լույս չունի, մի մասը ռուսների ձեռքում է, մյուս մասը՝ տարբեր տեսակի ազգեր են կռվում իրենց կողմից․․․ Ժամանակին այդ հավաքական Արեւմուտքը, ԱՄՆ-ն Հայաստանին չօգնեցին Արցախում՝ զուտ նրա համար, որ այդտեղ չկար թշնամի Ռուսաստան, դրա համար իրենք իրենց դիրքավորեցին չեզոք դիրքում, ոնց որ հիմա շարունակում են մի շարք սանկցիաներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, բայց մեծ սիրով ընդունում են Ադրբեջանից նավթ, վառելիք ու ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում։ Այսինքն՝ Ռուսաստանն ագրեսոր է իրենց համար, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Ուզում եմ Եվրոպայի անկեղծության այս դրսեւորումը ֆիքսենք, ստացվում է, որ իրենց համար Ուկրաինայի ժողովուրդն ու ուկրաինացի բալիկներն ավելի սպիտակ մարդ են, քան, փաստորեն, Արցախի եւ Հայաստանի երեխաները։ Որովհետեւ, եթե Ադրբեջանն է հարձակվում Արցախի վրա, բլոկադայի ենթարկում, դա ագրեսիա չէ, եւ Ադրբեջանն էլ ագրեսոր չէ, ու իրենք պատրաստ են նրանից գնել վառելիք ու ոչ մի հարաբերություն էլ չխզել Ադրբեջանի հետ»։

Իսկ Բայդենի՝ փետրվարի 21-ին Կիեւ հասնելը նշանակում էր մի բան՝ պատերազմը վարում է Միացյալ Նահանգները։ Անդրադառնալով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրներին, Հովսեփյանը նշեց, որ Ռուսաստանում դեղամիջոցներն են շատ թանկացել, մթերային ապրանքներն են 30 տոկոսով թանկացել, սակայն մարդկանց կյանքում կարծես բան չի փոխվել, ու մտահոգություն գլոբալ մակարդակում չկա։ «Ինչ-որ հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, շարժումներ միասնական են, հումանիտար օգնություններ են հավաքում, վարում են ռազմահայրենասիրական միջոցառումներ, դասընթացներ, կրթում են սերունդը եւ այլն, եւ այլն։ Եթե այս թեմատիկ միջոցառումները դնենք մի կողմ, ապա երբեք չես գուշակի, որ ապրում ես մի երկրում, որը պատերազմի մեջ է»,- ասաց Հովսեփյանը եւ հավելեց, որ բազմաթիվ տեխնիկական ապրանքներ, որոնք պատժամիջոցների պատճառով ուղիղ չեն գալիս, այլ երկրներով են հասնում Ռուսաստան եւ շատ ավելի մատչելի գներով, քան նախկինում էր։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի վիճակին, ապա․ «Չգիտեմ, թե Կիեւից ինչ կմնա ընդհանրապես, եթե այսպես եւս մի տարի կամ մի 7-8 ամիս կշարունակվի։ Իմ կարծիքով, մի մասը կանցնի Ռուսաստանի տիրապետության տակ, մի մասը Եվրոպան կվերցնի, ու, ընդհանուր առմամբ, Ուկրաինայից կմնա մի քանի խոշոր շրջան՝ Կիեւին կից, եւ ուկրաինական պետությունը, միանշանակ, երբեք էլ առաջվանը չի լինի»։ Ռուսաստանի վերլուծաբանն անդրադարձավ նաեւ Արցախի իրողություններին․ «Արցախի իշխանությունները ոգեւորված հրավիրեցին Ռուբեն Վարդանյանին՝ ստանձնել պաշտոնն այն հույսով, որ նա կկրի ամբողջ պատասխանատվությունն ու այն ամբողջը, ինչը տարիներ շարունակ սխալ ու անփույթ քաղաքականության պատճառով նրանք ջուրն են գցել, կարող են մի մատի շարժումով տեղը գցել, առանց հասկանալու, որ այստեղ եթե կիսում են պատասխանատվությունն իր հետ, պետք է պատրաստ լինեին նաեւ կիսել ուշադրությունը՝ թե՛ հանրության, թե՛ միջազգային լրատվամիջոցների, թե՛ միջազգային կառույցների, որոնք աշխատում են Արցախի թեմայով, կամ առհասարակ բլոկադայի մասին։ Այդ ամեն ինչը տեսնելով, կարծում եմ, առաջին հերթին, չկիսելով հասարակության ջերմ մոտեցումը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, այս ամեն ինչով էր պայմանավորված իրեն պաշտոնից հեռացնելը։ Չնայած որ հասարակությունը պատրաստ էր պայքարել մինչեւ վերջ՝ թեկուզեւ բլոկադայի պայմաններում։ Արդեն երկու շաբաթ է անցել Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից, սակայն կյանքի ճանապարհը դեռ փակ է։ Ես չեմ ուզում, որ Արցախի իշխանություններն իրենց իսկ անհատական վախի ու թուլության արդյունքում կոտրեն պայքարող արցախցու գաղափարը մեր մտքերում, մեր գլխում, որովհետեւ հաստատ համոզված եմ, որ արցախցիների 90 տոկոսը, բացառությամբ մի փոքրիկ զանգվածի, պայքարող տեսակ է, ու որքան էլ բլոկադան տեւեր, այդ մարդիկ կպայքարեին»։

Իսկ շատ արցախցիների ոգեւորել էին Վարդանյանի՝ Ադրբեջանին դիմակայելու, զիջումների չգնալու մասին հայտարարությունները։ Ինչ վերաբերում է վերջին դիվերսիոն հարձակմանը հայ ոստիկանների վրա, մեր զրուցակցի կարծիքով, պետք է բնավորություն ցույց տալ ու կիրառել «Ակն ընդ ական» սկզբունքը, սակայն Արցախի իշխանություններն ի վիճակի չեն դա անել եւ ճիշտ ռազմական ու քաղաքական պրոցեսներ վարել։ Հարցին, թե արդյոք Կրեմլում իսկապես, ամբողջ խորությամբ հասկանո՞ւմ են Հայաստանում ընթացող պրոցեսները ու տարանջատո՞ւմ են Հայաստանի ներկայիս իշխանություններին, ՀՀ պետականությունն ու ՀՀ ժողովրդին, ասաց, որ այդ տարբերությունն այնտեղ միշտ են հասկացել։

«Բոլոր իշխանությունները ժամանակավոր են, իսկ պետությունն ու արտաքին քաղաքականությունը միշտ եղել են հասկանալի։ Հիմա բավականին դժվար իրավիճակ է եւ ամենառեկորդային ցուցանիշն է Հայաստանում հակառուսական տրամադրությունների։ Ասեմ ավելին՝ տարօրինակ կերպով վերանում է աստիճանաբար թուրք-թշնամի սկզբունքը, եւ ինտեգրվում է ռուս-թշնամի սկզբունքը՝ շատերի գաղափարներում։ Այստեղ, բնական է, հասկանում են, որ իշխանությունների օրոք տարվող հակառուսական տրամադրությունները չեն կարող բնորոշել մի ամբողջ ազգի տրամադրություն, դրա համար՝ դրա հետ կապված, խիստ անհանգստություններ չեմ նկատում Ռուսաստանի բարձր շրջանակներում»,- ասաց Հովսեփյանը։

Ի վերջո, ՀՀ հասարակությունը պետք է պատասխանատվություն կրի իր ընտրության համար եւ չդժգոհի այլ պետությունների՝ այդ ընտրության հետ կապված վերաբերմունքից։ Անդրադառնալով Արամ Գաբրիելյանովի՝ Հայաստան մուտքն արգելելուն, Հովսեփյանն ասաց, որ, իր կարծիքով, հաջորդը լինելու է Սեմյով Բաղդասարովը։