Մարդիկ մեղավոր չեն

Մարդիկ մեղավոր չեն

Երբ շփվում-զրուցում ես մեր ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների հետ՝ լինի քաղաքում ապրող վարսավիր, վաճառող, վարորդ, խոհարար, թե հեռավոր մարզում ապրող գյուղացի, երբեմն սարսափում ես, թե ինչ խառնաշփոթ է տիրում այս բոլոր մարդկանց ուղեղներում։

Մի կողմից՝ պարզ գիտելիքների պակասը, մյուս կողմից՝ ինֆորմացիայի սակավությունը եւ դրան գումարած՝ շուրջբոլորը տեղի ունեցող իրադարձությունների մեջ կողմնորոշվելու դժվարություններն իրենց սեւ գործն արել են։ Մարդիկ, իհարկե, մեղավոր չեն, որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, չգիտեն՝ ինչպես իրենց պահել, չեն տեսնում վտանգներն ու չեն փորձում ինչ-որ բան փոխել։ Նրանք, իրականում, զոհ են՝ այս գլոբալացող, դաժան աշխարհի, այս անվերահսկելի ինֆորմացիոն հոսքերի, իրենց անտեղյակությունից ու անգրագիտությունից օգտվող էլիտաների զոհը։ Եվ նրանց անտարբերությունից ու պասիվությունից բողոքող մարդիկ պետք է գիտակցեն, որ դա ընդամենը պարզ պաշտպանական ռեակցիա է։

Երբ մարդը չի կողմնորոշվում իրականության մեջ եւ չգիտի, թե որտեղ է ճշմարտությունը եւ իրեն մատուցվող տեղեկատվությունից որին հավատա, քաղաքական շրջանակներից որին վստահի կամ ում հետեւից գնա, պարփակվում է իր կաղապարում եւ մերժում բոլորին ու ամեն ինչ։ Շարքային մարդը պարտավոր չէ հոգեբան լինել եւ սուտը տարբերել ճշմարիտ խոսքից, փիլիսոփա լինել եւ իրադարձությունների խորքը թափանցել, քաղաքագետ լինել եւ քաղաքական պրոցեսների էությունը հասկանալ։

Առավել եւս՝ չի կարելի նրանից պահանջել, որ մանիպուլյատոր ու շահամոլ քաղաքական գործիչներին կարողանա զատել իրապես հայրենասեր եւ պետականամետ գործիչներից, ազնիվ լրատվամիջոցներին՝ անազնիվներից։ Նա պարտավոր չէ հասկանալ աշխարհաքաղաքական իրադարձությունների ընթացքն ու վտանգները։