Դարակազմիկ վիրահատություն էր, մա՞րդ էր մեռնում, որ էդ մարդուն տարան

Դարակազմիկ վիրահատություն էր, մա՞րդ էր մեռնում, որ էդ մարդուն տարան

Բժիշկները, որոնք հանրապետության ամենաապաքաղաքական հատվածն են, Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաքաղաքականացված խավն են դարձել։ Եվ հիմա էլ շատերը վրդովված են, որ Արա Բաբլոյանի մակարդակի բժշկին ներքաշում են անհասկանալի ինչ-որ քրեական գործերի մեջ և կասկածյալի կարգավիճակ տալիս։ Ինչպես և՝ ժամանակին շատերն էին դեմ, որ Բաբլոյան վիրաբույժը մտնի քաղաքականություն և հայտնվի հանրապետականների «Իմ զենքը իմ նշտարն է» պաստառներում։
Սակայն հիմա, եթե պարզվի, որ Բաբլոյանը կալանավորվում է կամ մեղադրյալի կարգավիճակ ունի, բժիշկները որոշել են իրենց խոսքն ասել։
Hraparak.am-ը նախ խոսեց Արա Բաբլոյանի որդու՝ «Արաբկիր» Բկ-ի տնօրեն Արման Բաբլոյանի հետ՝ որպես բժշկի և որդու։ Նա ասաց․«Հենց այդ է, որ որպես բժիշկ և որդի լավ չեմ վերաբերում, բայց քանի որ տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, մենք էլ այդպես կարդալով ենք տեղեկացել, մնացած հարցերում տեղյակ չեմ»։ Արման Բաբլոյանն ասաց, որ հիմա ավելի կարևոր գործերով են զբաղված՝ հայ-բելառուսական համագործակցությամբ և լյարդի տրանսպլանտացիայով։ Ինչ վերաբերում է վիրահատությունից Բաբլոյանին տանելուն, մեկնաբանեց այսպես․ «Փոխպատվաստմանը 20 տարի պատրաստվում ենք, հասնում է փոխպատվաստման օրը, մեկ էլ իրեն հանում են էդ վիրահատությունից՝ ասելով՝ ոչ մի ձևով․․․ անհետաձգելի հարց է»։

Նշելով, որ վիրահատությունը նորմալ է անցել բելառուսների «պադդերժկայի շնորհիվ», Արման Բաբլոյանն ասաց․ «Բայց բելառուսներն էլ տեղեկացան, որ ոչ նորմալ ու խելքին մոտիկ թեմա է»։ «Արաբկիր» Բկ-ի տնօրենն ավելացրեց՝ եթե թղթի վրա այդ ամենը գրված է, դրա անհետաձագելին ո՞րն է, հիվանդի վիճա՞կն էր անհետաձգելի, թե այդ գործը։

Ինչպես հայտնի է՝ Բաբլոյանը ՀՔԾ ում հայտնվել էր այն ժամին, երբ պետք է Հայաստանում առաջին անգամ երեխայի լյարդի փոխպատվաստում իրականացներ բելառուս գործընկերների հետ։ Վիրահատական խմբում է եղել նաև հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ով Hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանեց․«Այդքան հրատապ բան կա՞ր,  վիրահատությունը շատ ավելի կարևոր էր, քան էդ․․ ինչ-որ հրատապ բան չկար, չէ՞, որ էդ մարդուն կանչել են։ Հարցաքննության վերաբերյալ կարծիքս միանշանակ է՝ մարդ է՞ր մեռնում, թող հետո տանեին, իսկ դա դարակազմիկ վիրահատություն էր՝ փոքր էրեխուն լյարդ էինք պատվասում» ։

Հարցին, թե ինչպես է գնահատում, որ Բաբլոյանն այսօր ունի կասկածյալի կարգավիճակ, Արտավազդ Սահակյանն ասաց․«Ես չեմ կարծում, որ Բաբլոյանը հանցանք է կատարել․․․ չգիտեմ՝ պետք է կարդամ՝ տեսնեմ ինչ են գրում։ Բաբլոյանն իմ կողմից  հարգված մարդ է եղել և կա»։