Պետության երկվություն

Պետության երկվություն

Երբ որեւէ անհատ տառապում է անձի երկվությունից, ասում են` դա բժշկության մեջ հայտնի հիվանդություն է. շիզոֆրենիա, որն ինչ-որ դեղամիջոցներով բժիշկները մեղմում են, որ մարդը վտանգավոր չլինի շրջապատի համար եւ հանրային համակեցության կանոնները պահպանի: Իսկ երբ պետությունն է տառապում քաղաքական երկվությունից, դրա անունն ի՞նչ է, ինչպե՞ս կարելի է բուժել եւ ի՞նչ անել, որ նման պետությունը կարողանա գոյատեւել եւ իր իսկ քաղաքացիների կյանքը վտանգների չենթարկի: Այլ կերպ հնարավոր չէ կոչել մեր պետության, մեր իշխանությունների վարքագիծը, որը չի կողմնորոշվում` ինքը Արցախի անվտանգության երաշխավո՞րն է, թե՞ Արցախն ինքնուրույն պետություն է, եւ նրա քաղաքացիները պետք է ինքնուրույնաբար որոշեն իրենց ճակատագիրը:

Չի կարողանում հստակ ասել, թե ինչ փոխհարաբերությունների մեջ է Արցախի իշխանությունների հետ եւ արդյոք որեւէ պարտավորություն ունի՞ Արցախում սննդի ապահովման, հումանիտար աղետի կանխման հարցում, թե՞ իր միակ հոգսը Հայաստանի ժողովուրդն է, իսկ արցախցիների կյանքի պատասխանատվությունը կրում են Արցախի, Ռուսաստանի, գուցե` Ադրբեջանի իշխանությունները: Անգամ չի կարողանում որոշել` Արցախի նախագահի ընտրությունը լա՞վ է, թե՞ վատ, շնորհավորի՞ նորընտիր նախագահին, դատապարտի՞ նրա ընտրությունը, ինչպես Թուրքիան, թե՞ հայտարարի, որ չի ճանաչում Շահրամանյանին, ինչպես Եվրամիությունը, Կանադան, Ուկրաինան ու Վրաստանն արեցին:

ՀՀ իշխանությունը` իր պաշտոնյաներով ու պատգամավորներով հանդերձ, չգիտի՞ ինչպես արձագանքել Արցախում կատարվող իրադարձություններին, այնպես, ինչպես կարձագանքեր, ասենք, Լոս Անջելեսի հայերի հետ կատարվող դեպքերին, թե՞ ավելի սրտացավ, ինչպես, օրինակ, կարձագանքեր Ախալքալաքում ապրողների խնդիրներին: