Դիտորդների իրական դեմքը

Դիտորդների իրական դեմքը

Մեկ-երկու օր առաջ անսպասելիորեն բացահայտվեց Եվրամիության դիտորդական առաքելության իրական դեմքը: Այն ցավեցնելու աստիճան ծանոթ էր հայաստանցիներին. դա կեղծիքն է: Եվրոպացի դիտորդներն, իրենց ասելով, կոչված են պարեկություն անելու հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում և Բրյուսելին զեկուցելու ռազմական զարգացումների, այդ թվում՝ իրենց պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին: Բայց օգոստոսի 15-ին պատահածը վկայեց, որ դիտորդները Բրյուսելին չէին հաղորդել այն մասին, որ իրենք կեսօրին գտնվել են ադրբեջական կրակոցների թիրախում: Որովհետև եթե հաղորդած լինեին իրականությունը, ապա, բնականաբար, կեղծիք չէին համարի ՀՀ ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը կրակել է նրանց ուղղությամբ: Բայց մեր բախտից դիտորդներից մեկը մինչ այդ պատահականորեն ներկայացրել էր իրականությունը: Եվ առաքելության ղեկավարն էլ ստիպված էր X-ում (նախկին Թվիթերը) հերքել իրենք իրենց՝ դա ներկայացնելով որպես շտկում: 

Բայց եթե դիտորդների ղեկավարի կեղծիքը չբացահայտվեր, ապա ՊՆ այդ հաղորդագրությունը դիտարկվելու էր որպես կեղծիք: Ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը դա դարձնելու էր դրոշ և փորձելու էր մեր ՊՆ հաղորդագրությունների վերաբերյալ կանխակալ բացասական վերաբերմունք ձևավորել արևմտյան երկրներում: Եթե դիտորդական առաքելության ղեկավարը հերքումը կատարել է՝ դա գիտակցելով, ապա կարելի է ասել, որ կատարել է պաշտոնական կեղծիք: Իսկ եթե չի գիտակցել, ապա դա նշանակում է, որ նա իր տեղում չէ: Եվ վատ չէր լինի, եթե վերադառնար հայրենիք: Միաժամանակ, այդ դեպքը բացահայտեց նաև մեկ այլ երևույթ, ինչի մասին լրջորեն որևէ մեկը չէր մտածել: 

Խոսքն ադրբեջանական ապատեղեկատվությունն անընդհատ հերքելու անհրաժեշտության մասին է, որ կյանքի է կոչվում մեր պաշտպանության նախարարության կողմից: Իսկապես, եթե եվրոպացի դիտորդները կոչված են արձանագրելու իրականությունը, ապա ինչու չպետք է նրանց պարտականության մեջ ամրագրվեր ադրբեջանական կեղծ հայտարարությունները հերքելու դրույթը: Կարծում եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գիտակցական մակարդակը կբավարարեր, որպեսզի ինքը դա հասկանար: Ու պարտադրեր այն եվրոպական բարձրաստիճան չինովնիկներին՝ երբ լուծվում էր առաքելություն ուղարկելու հարցը: Բայց դա նրան, եթե այդ առումով փորձ է կատարել, չի հաջողվել:

Եվ քանի որ դրա իրականացումը չենք տեսնում, ուրեմն ճիշտ էին այն կասկածները, որ դիտորդները Հայաստան են ժամանել ընդամենը ժամանակին այստեղից խիստ քաղաքակիրթ տարբերակով վտարված ադրբեջանցիներին հետ վերադարձնելու համար համապատասխան տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով: Որոնք իրենց գյուղական տները վաճառել էին կամ նույնիսկ փոխանակել բաքվեցի հայերի բնակարանների հետ: Ինչը կատարվել էր հիմնականում շատ հանգիստ՝ ի տարբերություն այդ վայրենիների կողմից Սումգաիթում, Մաղարայում կամ ղարաբաղյան ու ադրբեջանական այլ բնակավայրերում իրագործված հրեշավոր ու դաժան սպանությունների:

Ի դեպ, ասվածի վկայությունն է նաև ՀԽՍՀ-ում նախկինում բնակված ադրբեջանցիների շրջանում բազմատեսակ հասարակական կազմակերպությունների հիմնադրումը, ինչի նպատակը նրանց վերադարձն ապահովելն է: 
Եվ եթե այդ տեսանկյունից դիտարկենք եվրոպական երկրների ղեկավարության դիրքորոշումը դիտորդական առաքելության նկատմամբ, ապա ուրախ լինելու պատճառ, ինչպես կասեր հեղափոխական պոետը, չիք: ՀՀ ԱԳՆ Միրզոյան Արարատի հետ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հեռախոսազրույցում, օրինակ, տիկին Կատրինն մտահոգություն հայտնելով միջադեպի կապակցությամբ՝ լիակատար աջակցություն է հայտնել դիտորդական առաքելությանը։ Ու ըստ տրամաբանության՝ աջակցությունը բաժին է հասել նաև դիտորդականի ղեկավարի կողմից կատարված կեղծիքին: Տիկին Կոլոննան, բնականաբար, դա նկատի չի ունեցել, սակայն օբյեկտիվորեն դա ևս ներառված է այն օրակարգում, որով գործում են եվրոպացի դիտորդները Հայաստանում: Դա, իմիջիայլոց, ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձին ի գիտություն: 

Եվ եթե վերը նկարագրվածն իրականություն դառնա, ապա դրա արդյունքում մենք կունենանք ոչ թե վերը նշված անձի կողմից անընդհատ բարձրաձայնված «29800 քառ/կմ-անոց» խաղաղություն, այլ էթնիկական հողի վրա ներքին կամ քաղաքացիական պատերազմ: Եվ այդ հանգամանքի շահարկմամբ՝ ադրբեջանական ագրեսիայի ծավալում Հայաստանի Հանրապետությունում: Ինչը Փաշինյան Նիկոլի վարչապետության պարագայում կհանգեցնի պետության կործանմանը: Իսկ որպեսզի դա տեղի չունենա՝ մենք ստիպված ենք բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով մեր հայրենիքն ազատել Նիկոլի և նրա կամակատարների հետպատերազմյան ապաշնորհ կառավարումից: