Ադրբեջանը կրակելու է շատ տարբեր տեղերից, կրակելու է մի տեղ, վերցնելու է ուրիշ տեղ. Վազգեն Մանուկյան

Ադրբեջանը կրակելու է շատ տարբեր տեղերից, կրակելու է մի տեղ, վերցնելու է ուրիշ տեղ. Վազգեն Մանուկյան

Ադրբեջանը կրակելու է շատ տարբեր տեղերից, կրակելու է մի տեղ, վերցնելու է ուրիշ տեղ։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հակառակորդը կրակում հենց Երասխի հատվածում։

Նա նշեց` մի բանը շատ հստակ է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական չէր, այլ պրեստիժի հարց էր, պատվո հարց էր եւ իրենք լուծում են այդ հարցը. «Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի համար, այլ ամբողջ թուրքախոս ժողովուրդների։ Ինչ իրենք անեն, կարող է անկապ թվալ առաջին հայացքից, բայց վերջնական նպատակն է Սյունիքը վերցնելը»։

Նշենք, որ այսօր մեկնարկել է Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է  իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեջ։

Հարցին՝ արդյոք ինքը ապստամբության կոչ արե՞լ է, Մանուկյանը պատասխանեց. «Ես այդ հարցին դատարանում էլ չեմ պատասխանելու, իմ ցանկացած խոսքը, որն ասել եմ, տեր եմ այդ խոսքին, բայց ինձ պետք չի բացատրել դատարանում, թե ես ինչ եմ նկատի ունեցել....Վերջերս մի հատ տղա մուրճը ձեռքին վազվզում էր Հանրապետությունում եւ ասում էր՝ բոլորի գլուխը պիտի ջարդեմ, վրեժ, պողպատե մանդատ եւ այլն։ Երբ Սահմանադրական դատարանում այդ հարցը բացվեց, դատախազը հայտնեց, որ քաղաքական գործիչն իրավունք ունի այդպիսի արտահայտություններ անելու, իմ արտահայտությունն անհամեմատ ավելի մեղմ է»։