Հաշիվը արդար չէր. Կապառոս

Հաշիվը արդար չէր. Կապառոս

Բարդ խաղ էր ու հոգեբանորեն մենք այն վիճակում չէինք Մակեդոնիայից կրած պարտությունից հետո: Սակայն թիմը կարողացավ հավաքվել: Կարծում եմ՝ խաղի հաշիվն արդար չէ, քանի որ կարող էինք այդքան գոլ բաց չթողնել։ Այս մասին քիչ առաջ Գերմանիայի հավաքականից կրած 1-4 հաշվով պարտության հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

«Խաղում էինք մի թիմի դեմ, որն Աշխարհի չեմպիոն դառնալու գլխավոր հավակնորդներից է:Ցանկանում եմ շնորհավորել բոլոր ֆուտբոլիստներին, ովքեր մասնակցեցին ընտրական փուլին: Եվ իսկապես ուզում եմ շատ մեծ խոսքերով շնորհավորել այդ ֆուտբոլիստներին, ինչպես նաև մեր մարզասերներին:  Այս ֆուտբոլիստները երկար ամիսների ընթացքում հույսեր էին ներշնչում ողջ երկրին և մինչև Մակեդոնիայի դեմ վերջին խաղը մենք ԱԱ-ում հայտնվելու տեսական հնարավորություն ունեինք:

Պայքարեցինք շատ զորեղ մրցակիցների դեմ ու գրեթե մինչև վերջ ամբողջ երկրին հույս էինք ներշնչում, որ կարող ենք հայտնվել Աշխարհի խաղերում»,- հավելեց իսպանացի մասնագետը։