Չնայած զգուշավորությանը՝ Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ինչպե՞ս է տիկին Վիկտորինը

Չնայած զգուշավորությանը՝  Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ինչպե՞ս է տիկին Վիկտորինը
լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Գյումրու քաղաքապետն ու տեղակալներից մեկը վարակվել են կորոնավիրուսով, իսկ համայնքապետարանի աշխատակազմից 26 հոգի թեստավորվել է: Մեր տեղեկություններով՝ Սամվել Բալասանյանը երեկ է թեստ հանձել, որը դրական է եղել: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքապետը թեստ է հանձնել,  քանի որ թուլություն եւ ջերմություն է ունեցել:Ս. Բալասանյանն այժմ ինքնամեկուսացած է, իրեն լավ է զգում, բայց գտնվում է բժիշկների հսկողության տակ:Հայտնել է նրա  մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը:

Համայնքապետարանի աշխատակիցները խիստ մտահոգ են. նրանցից շատերն այս օրերին քաղաքապետի հետ սերտ շփում  են ունեցել: Ի դեպ, սեպտեմբերի 15-ին քաղաքապետը ընդունելություն էր կազմակերպել՝ ի պատիվ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի, որը փոխարինել է Պյոտր Սվիտալսկուն։ Նշենք, որ վերջին 10 տարում միայն Գյումրիում Եվրամիությունը 9 միլիոն եվրոյի ծրագրեր է իրականացրել: Այս անգամ էլ  Եվրամիության հատկացրած երկու միլիոն եվրո դրամաշնորհի միջոցով լուսավորվելու են քաղաքի թաղամասերը: 5300 խնայողական լամպերով արդիականացվելու է քաղաքի լուսավորությունը:

Քաղաքապետն ու տիկին Վիկտորինը, պահելով սոցիալական հեռավորություն  ու որոշակի կանոններ, միմյանց  ողջունել են ոչ ավանդական ձևով՝ արմունկով եւ բռունցքով: Բայց նկատենք, որ այնուամենայնիվ, շփումներ եղել են: Քաղաքապետը նրան է հանձնել մի քանի հուշանվեր, այդ թվում՝ գյումրվա  խորհրդանիշ համարվող մուշուրբա: Իսկ ահա հաջորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, Անդրեա Վիկտորինը շրջել է Գյումրու պատմական կենտրոնում, այնուհետև եղել Սև բերդում, որտեղ նրան դիմավորել է Սամվել Բալասանյանը: Գյումրու հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի և առանձնահատուկ ուշադրության համար Բալասանյանը շնորհակալագիր է հանձնել Անդրեա Վիկտորինին, որն արտադրված է Գյումրիում եւ պատրասվել է 4 (70% թղթի թափոն, 20% բուսական թափոն, 5% տեքստիլ թափոն և 5% փայտի թափոն) +1 տեսակի թափոնից վերամշակած hand made թղթի վրա: Այդ օրը  քաղաքապետն ու տիկին Վիկտորինին մոտ մեկ  ժամ անցկացրել են միասին: Մնում է հուսալ, որ դեսպանի մոտ ամեն ինչ կարգին է, եւ նա զերծ է մնացել վարակվելու  վտանգից: