ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող «ձայնը» երգիչ է, որը քաղաքականությամբ չի զբաղվում

ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող «ձայնը» երգիչ է, որը քաղաքականությամբ չի զբաղվում

 Մարզերում և Երևանում արդեն, թերևս, բոլորին ծանոթ է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը մեգաֆոնով պահանջող (ձայնագրված) երիտասարդ տղամարդու ձայնը, որը օրը մի քանի անգամ բարձրախոսով ասում է՝ Արայիկ, հեռացի՛ր։

Այսօր «Հրապարակը» նրա հետ հարցազրույց արեց՝ պարզելու համար, թե ով է բավական լավ ձայն ունեցող երիտասարդը, ինչ գաղափարական, թե այլ նկատառումներով է պահանջում կրթության և գիտության նախարարի հրաժարականը ու ինչ հիմունքներով է ձայնագրվել՝ անվճա՞ր, թե՞ վճարել են։ Պարզվեց՝  ձայնագրությունը հենց «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի ազգականինն է՝ Դավիթ  Չախալյանինը: Նա մասնակցել է «Իքս ֆակտոր» հեռուստաերաժշտական նախագծին, և նրա մասնագիտությունը երգն է։ «Որն անփոփոխ է, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ զբաղվելու և շարունակելու եմ զբաղվել երգով։ Ուղղակի էս պահին ինձ համար առաջնայինն իմ ազգային անվտանգությունն է, իմ ազգային արժեքները»,-ասաց «ձայնը», որը նաև «Կամք»-ի հիմնադիրներից  է և բնական է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջում է գաղափարական նկատառումներով։

Չախալյանի ձայնն այնքան տպավորիչ է, որ կասկածներ ունեինք, թե այլ բողոքի ակցիաների հրավերներ ևս եղել են։ Պարզվեց՝ ճիշտ ենք, Չախալյանը ստացել է նման առաջարկներ, բայց մերժել։ «Սկզբնական շրջանում, այո, շատ են եղել առաջարկներ, թե՛ գործնական, թե՛ գաղափարական միգուցե․․․ և այլն, և այլն, բայց ես միանշանակ...»։ Մեր զրույցակիցը ներողություն խնդրեց մեր հաջորդ հարցին չպատասխանելու համար, թե մասնավորապես, ում է մերժել․ «Կներեք, չեմ կարող ասել»։

Ամեն դեպքում, Դավիթ Չախալյանն ասում է, որ հենց «մեր ազգային արժեքներն անվտանգ լինեն, նորից կսկսեմ իմ երգով զբաղվել»։

Իսկ չի՞ կարծում, որ միայն Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելով` հնարավոր չէ լիարժեք պաշտպանել ազգային արժեքները։ Ասաց․ «Քանի որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքական գիտակ չեմ, ես ինձ թույլ չեմ տա անել անպատասխանատու արտահայտություններ, ես ուրիշ  ոչ մեկի հրաժարականը չեմ պահանջում, քանի որ օրակարգում դրված է միմիայն Արայիկ Հարությունյանի հրաժարականը, որը քննարկման, փոփոխության, այլընտրանքի ենթակա չէ։ Արայիկը պետք է հեռանա»։

Դավիթին հարցրինք՝ իսկ «Կամքի» բողոքի ակցիաներին ֆիզիկապես մասնակցո՞ւմ է, թե՞ միայն ձայնով է «ներկա»։ Ասաց, որ մասնակցում է, քանի որ արդեն վերը նշել ենք՝ այս հրաժարականի պահանջին նա միացել է գաղափարապես։

Նա նշեց, որ այդ ակցիաների անցկացման ժամանակ բազմաթիվ մարդկանց արձագանքներից նա հասկացել է՝ հրաժարականը պահանջողները մեծամասնություն են, թեև ասաց, որ կան մարդիկ, որոնք դեմ են։ Նա անգամ ճշգրիտ հարաբերակցություն է արձանագրել ու այն ներկայացնում է՝ 89/11։ 11 տոկոսը դեմ է։