Տաջիկստանում 13 մարդ է մահացել հորդառատ անձրևների հետևանքով

Տաջիկստանում 13 մարդ է մահացել հորդառատ անձրևների հետևանքով

Տաջիկստանի մի քանի շրջաններում՝ նախօրեին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով 13 մարդ է մահացել: 
Այս մասին տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի մամուլի ծառայությանը:

«Երեկ հորդառատ անձրևների պատճառով Վախդաթ քաղաքում և Ռուդակիի շրջանում բնական աղետ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 13 մարդ՝ 11 մարդ Վահդաթ քաղաքում և 2 մարդ Ռուդակիի շրջանում», - նշված է հաղորդագրության մեջ:

Երկրի ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հանձնարարել երկրի վարչապետին, արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության կոմիտեին և այլ կառույցներին օգնություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և շտապ միջոցներ ձեռնարկել արտակարգ պատահարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Հայտնի է նաև, որ կիրակի օրը մայրաքաղաք Դուշանբեում և հանրապետության այլ շրջաններում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ և սելավներ են առաջացել ճանապարհներին։

Նշվում է, որ այդ ամենի հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, իսկ մայրուղին փակվել է: