Ռաֆիկ Անդրեասյանը ոչ մի խախտում չի արել, սա բանսարկություն ա ինձ լռեցնելու համար 

Ռաֆիկ Անդրեասյանը ոչ մի խախտում չի արել, սա բանսարկություն ա ինձ լռեցնելու համար 

Իշխանությունների կողմից շարունակվում են Արարատի մարզի համայնքների և համայնքապետերի դեմ բռնաճնշումներն ու նրանց քաղաքական ասպարեզից հեռացնելու գործընթացները, նրանց թիրախում կրկին հայտնվել է Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, որին վերագրում են ապօրինի  գործողություններ, այս ամենը արտացոլված է այսօր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում։

Ռաֆիկ Անդրեասյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ հաղորդագրությանը՝ նշելով, որ նույն բանն իրականացրել են նաև 2018 թվականին, ուղղակի այն տարբերությամբ, որ ներկայիս 10 կետի փոխարեն այն ժամանակ եղել է 26-ը, բայց այդ կետերը հրապարակայնացնելուց բացի ոչինչ չարեցին․

«Նշված և ոչ մի կետ աղերս չունի իրականության հետ, ոչ մի խախտում չի արել Անդրեասյանն ու վերջ, չեք զգո՞ւմ, որ այս ամեն ինչը բանսարկություն ա, ուրիշ ոչ մի բան չկա, սա արվում է Անդրեասյան Ռաֆիկին լռեցնելու համար»,- նշում է Անդրեասյանը։

Անդրեասյանի պնդմամբ՝ նա օրենքից դուրս ոչինչ չի արել և այնքան վստահ է, որ անգամ չի էլ կարդացել եւ ուսումնասիրել ՔՏՀԱ տեսչական մարմնի գրած կետերը, որով ակնհայտ է, որ իրեն ուզում են մեղադրանք առաջադրել։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինքն ինչ է պատրաստվում անել այդ դեպքում՝ եթե մեղադրանք առաջադրեն ու կալանավորեն․ «Ինչ ուզում են թող անեն, ես օրինազանց մարդ չեմ, ամեն ինչ արել եմ օրենքի սահմանում և պատրաստ եմ կանգնել օրենքի առաջ և մինչև վերջ գնալ։ Ես 22 տարի ամեն բան արել եմ օրենքով և արել եմ համայնքի և պետության համար, ինձ անգամ այդ ստուգումների արդյունքում հայտնաբերված  կետերը չեն հետաքրքում՝ ինչ են գրել, չեմ էլ նայել»։