Վարչական ռեսուրսի չարաշահումը նիկոլական Հայաստանում

Վարչական ռեսուրսի չարաշահումը նիկոլական Հայաստանում

Մեկ, մեկուկես տասնամյակ հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ներ) պայքարում էին, որպեսզի նվազագույնի հասցվեն ընտրությունների ընթացքում կիրառվող վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը: Այդ պայքարը մեծ արդյունքներ չէր տալիս, սակայն չի կարելի ասել նաև, որ այն պայքար էր ընդդեմ հողմաղացների: Իշխանությունը երբեմն գնում էր օրենսդրական փոփոխությունների, որպեսզի ազատվեր գլխացավանքից: Օրինակ՝ նախընտրական հիմնադրամներից կուսակցական շտաբների ֆինանսավորման օրենսդրական պահանջի չեղարկումը:

Միաժամանակ իշխանավորները ստիպված էին լինում ընդունել վարքագծային որոշակի նորմեր, որ պարտադրվում էին ՀԿ-ների կողմից: Օրինակ՝ աշխատանքային ժամերից դուրս քարոզարշավին մասնակցելու պարտադրանքը: Ընդհանուր առմամբ, այդ գործընթացը քաղաքական մշակույթի դանդաղ ձևավորման նորմալ գործընթաց էր՝ հաշվի առնելով, որ հարյուրամյակներով պետականության բացակայության դեպքում նման մշակույթ ձևավորելն ինքնին բարդ երևույթ է:

Այնուհետև տեղի ունեցավ 2018 թվականի մայիսյան իշխանափոխությունը: Բողոքական զանգվածների առաջնորդ Նիկոլը հայտարարեց «ժողովրդի իշխանության» կայացման մասին: Դա պետք է նշանակեր, որ բազմաթիվ փոփոխությունների շարքում պետք է բարեփոխվեր նաև ընտրական համակարգը՝ թե՛ օրենսդրական և թե՛ իրավակիրառ պրակտիկայի առումով: Դա, իր հերթին, պետք է նշանակեր ընտրությունների ընթացքում կիրառվող վարչական ռեսուրսի չարաշահումների բացարձակ վերացում:

Հատկապես որ վարչապետության սկզբում Նիկոլը խոստանում էր աշխարհում նմանը չունեցող «ժողովրդավարության բաստիոնի» կառուցում: Իսկ արևմտյան աշխարհում ընդունված նորմերից էր, օրինակ, վարչապետի քարոզարշավը միայնակ՝ առանց մեքենայի և ուղեկցողների, կազմակերպումը, երբ վերջինս գտնվում է արձակուրդում: Դա  նորվեգական փորձի փոխանակում էր՝ ներկայացված ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից:

Իսկ ի՞նչ ունենք այսօր իրական կյանքում: Ունենք պաշտոնաթող վարչապետ, որն ինքն իրեն հռչակել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Որը գտնվում է արձակուրդում, սակայն օգտվում է պետական մեքենաներից, իրեն շրջապատել է բարձրաստիճան չինովնիկներով և ոստիականական մի ողջ «բանակով»: Դա, ինչպես ասվում է, վերին էշելոնում: Ավելի բազմաբնույթ են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը պետական համակարգի ստորին հարթությունում: Մարզային ենթակայության պետական հիմնարկների ղեկավարներին մարզպետները հրահանգում են մոբիլիզացնել իրենց աշխատակիցներին նիկոլական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն առաջ տանելու ուղղությամբ:

Եվ ուշադրություն՝ իրենց աշխատակիցների շրջանում բացահայտել և արձանագրել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են իրենց ձայնը տալ Նիկոլի կուսակցությանը: Նախկին իշխանությունների ժամանակ դրա դեմ պայքարում էին բազմաթիվ ՀԿ-ներ, և այդ թվում այնպիսիք, ովքեր այսօր նման պատկեր չեն դիտարկում: 

Ի դեպ, այդ ցուցակներն ունեն նաև մեկ այլ նպատակ. նրանք, ովքեր հրաժարվում են ներառվել դրանցում, Նիկոլի վերարտադրության դեպքում կարող են կորցնել իրենց աշխատանքը պետական համակարգում: Ինչը նշանակում է, որ հունիսի 20-ին պետք է հիմնովին և ընդմիշտ փակվի Նիկոլի վերարտադրության հնարավորությունը: