«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանից ի՞նչ պետք է սովորեին

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանից ի՞նչ պետք է սովորեին

Երեկ մոտ 5 ժամ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովում ներկայացնում էր իր ղեկավարած հիմնարկի անցած տարվա քաջագործությունները, պաշտոնական լեզվով՝ կառավարության հնգամյա ծրագրի հաշվետվությունը։ Հիշեցնենք․ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չէին խոստացել Արցախը հանձնել Ադրբեջանին, հակառակը՝ գրել էին, որ ՀՀ կառավարության արտաքին քաղաքական ուղենիշներից է «Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովումը»։

Նորմալ երկրներում Արցախի կորստին համարժեք պատմական ձախողումը կդառնա իշխող քաղաքական թիմի հրաժարականի պատճառ, ոչ այնքան նորմալ երկրներում՝ առնվազն արտգործնախարարի հրաժարականի, որն ի պաշտոնե նաեւ թիվ մեկ բանակցողն է։ Սակայն Հայաստանի իշխանությունները ոչ միայն մեղքի ու պատասխանատվության զգացում չունեն, այլեւ՝ ամոթի։ Հակառակ դեպքում արտգործնախարարը չէր փորձի իրենց պարտությունը եւ ձախողումները սղղացնել որպես «տիտանական աշխատանք»։ Ասել, որ Արցախի կորստյան մեղավորներին այլ տեղում պետք է փնտրել, իրենք մեղավոր չեն։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի ներկա իշխանությունները հնարավոր բոլոր ջանքերը գործադրել են, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի չունենա, հայերը մնան պատմական բնօրրանում եւ ունենան որոշակի անվտանգային երաշխիքներ։

«Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց, Լեռնային Ղարաբաղի քաղաքական էլիտան, որը զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա նոր իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեց, եւ նա Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ»,- մեղքը Շահրամանյանի վրա փորձեց բարդել Միրզոյանը։

Ընդդիմադիրները հակադարձեցին՝ չի կարող 6 օրվա իշխանությունը մեղավոր լինել, իսկ 6 տարվանը՝ ոչ։ Նույնիսկ եթե այդպես է, ապա Արցախի վերջին նախագահին էլ իրենց գործընկեր Արայիկ Հարությունյանի թիմն էր առաջադրել ու ընտրել՝ լինելով խորհրդարանական մեծամասնություն։ Իսկ մենք հիշեցնենք, որ ընդամենը 2 օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե «2018-ին, երբ Հայաստանում կառավարության փոփոխություն եղավ, համաձայնության հասնելու հնարավորություն կար, մենք այն ժամանակ Հայաստանի նոր կառավարության կողմից վստահեցումներ ստացանք, որ նրանք կգործեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, եւ տարածքները կվերադարձվեն»: 

Ավելի քան 5 ժամ տեւած քննարկումից այդպես էլ պարզ չդարձավ, թե, ի վերջո, ինչ լավ բան է արվել ՀՀ արտաքին քաղաքական ճակատում, բացի նրանից, որ հայ-ռուսական հարաբերությունները խզվելու եզրին են, ՀԱՊԿ-ում հարաբերությունները սառեցված են, եւ քննարկվում է դուրս գալու հարցը։ ԱԳ նախարարը պատեհ առիթը բաց չթողեց՝ էլ ավելի փչացնելու այդ հարաբերությունները․ բազմիցս ուղիղ թե անուղղակի ակնարկեց, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի՝ մեր նկատմամբ շահերը նույնն են, իսկ եզրափակիչ ելույթում գուժեց, որ այս պետությունները կարող են նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավորներին հանդիմանեց, թե իրենց, ադրբեջանցիների եւ որոշ ռուսների տեսակետներն էլ են համընկնում այս հարցում։

«Այն է՝ ՀՀ-ն չունի սահմաններ, որոնք կարելի է խախտել։ Այս մարդիկ, շատերը գուցե առանց հասկանալու փորձում են այնպես զարգացնել նարատիվները եւ այնպիսի ուղղությամբ տանել իրադարձությունների զարգացումները, որ Հայաստանը ներքաշվի նոր կոնֆլիկտի, նոր պատերազմի մեջ, որն առիթ կտա այն երկրներին, որոնք դա պլանավորում են, շարունակել օկուպացիան Հայաստանի սուվերեն տարածքների, ինչու չէ՝ որոշ հանգամանքների ճիշտ չդասավորման դեպքում դիմել փրկության՝ ֆիզիկական փրկության՝ զոհելով իշխանությունը։ Մենք պարտավոր ենք ջանքեր գործադրել, որ այս սցենարը չիրականանա եւ իրականանա այն սցենարը, որը մեզ անշեղորեն տանելու է խաղաղության»,- հայտարարեց Միրզոյանը։

Ի դեպ, երբ անցան հարցուպատասխանին, Միրզոյանն ի ցույց դրեց իր դիվանագիտական «հմտությունները»՝  արագ բորբոքվեց ընդդիմադիրների գնահատականներից, ընդգծված մանրախնդրությամբ սկսեց հակադարձել մեղադրանքները, հոխորտալ կին պատգամավորների վրա։ Թվում էր՝ հակադարձելու եւ կոպտելու ունակությունը դրսեւորելու լիքը հնարավորություններ ունեն արտաքին հարթակներում, որտեղ կատու են դառնում թուրքերի ու ադրբեջանցիների մոտ, դուխները միայն ընդդիմության եւ լրագրողների վրա է պատում։