Երկրները պետք է փորձեն լեզու գտնել ու հրաժարվել սանկցիաների քաղաքականությունից, իսկ հիմա տուժելու են բոլորը 

Երկրները պետք է փորձեն լեզու գտնել ու հրաժարվել սանկցիաների քաղաքականությունից, իսկ հիմա տուժելու են բոլորը 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կանխատեսում է. ռուս-ուկրաինական հակամարտությունից տուժելու են բոլոր երկրները, հատկապես Եվրոպայում ու եվրասիական տարածաշրջանում: Հայաստանը որպես ԵԱՏՄ երկիր, որը տարեկան մոտ 867 մլն դոլարի ապրանք է արտահանում ՌԴ, ևս էապես տուժելու է: «Եթե ռուբլին էժանանում է, մեր արտահանվող ապրանքը թանկանում է: Ասենք, մեկ շիշ կոնյակը շուկայում 1000 ռուբլի արժի, կդառնա 1300, հաշվի առնելով, որ տնտեսական աճը նվազելու է, սոցիալական վիճակը սրվելու է, աշխատատեղեր են փակվելու, մարդիկ գումար չեն ունենալու, որ մեր թանկացած ապրանքը առնեն», - ասում է Պարսյանը, հիշեցնելով, որ ՀՀ արտահանման մոտ 23 տոկոսը դեպի ՌԴ է: 

- Իսկ ՌԴ տնտեսության վրա սանկցիաները այս երկու օրում ի՞նչ ազդեցություն են ունեցել և ի՞նչ ազդեցություն դեռ կունենան: 

- Արևմտյան երկրների պատժամիջոցների կարճաժամկետ էֆեկտը ռուբլու կտրուկ արժեզրկումն է՝ 15-20 տոկոսով: Այն նաև պայմանավորված էր նրանով, որ օտարերկրացիները ազատվում են ռուսական ընկերությունների բաժնետոմսերից և գումարները փորձում են դուրս հանել երկրից: ՌԴ-ն 2014- ից սկսած բավականին մեծ կայունացնող ֆոնդ է ստեղծել՝ մոտ 645 մլրդ դոլարի չափով, և կփորձի դրա գումարները օգտագործել բանկերին աջակցելու, ֆինանսական շուկան կայունացնելու համար, բայց այդ փողերը մի օր սպառվելու են: Մինչ այդ պետք է Ռուսաստանը փորձի լեզու գտնել գերտերությունների հետ: 

- Սանկցիաների բացասական էֆեկտը ՌԴ-ում որքա՞ն ժամանակ կտևի, ըստ ձեզ: 

- Հաջորդ ալիքը պետք է սպասել տարեվերջին, երբ որ կսառեցվեն տնտեսական պրոյեկտները, տնտեսական աճը կդանդաղի, սպառումը կնվազի, աշխատատեղերը, հնարավոր է, կրճատվեն, փակվեն: Նկատենք, որ արևմտյան երկրները պատժամիջոցները կիրառեցին հասցեական, կոնկրետ բանկերի ու անձերի նկատմամբ: Նրանք սահմանափակեցին եվրոյի ու դոլարի փոխանցումները, բայց խոսքը վերաբերում է մի քանի պետական բանկերին միայն: Սակայն ՌԴ ում գործում են հարյուրավոր այլ բանկեր, և այն ընկերությունները, որոնք դոլարով փոխանցումներ են անում, կարող են սանկցիայի տակ չգտնվող բանկերով դա անել: Եվրոպական երկրները մեծ կախվածություն ունեն ռուսական էներգակիրներից: Եվրոպա մտնող գազի 40 տոկոսը ՌԴ-ն է ապահովում, Գերմանիայի սպառման մոտ 50 տոկոսը: 

-Այսօր աշխարհի երկրներն այնքան ինտեգրված են, որ սանկցիաները ռիսկ են բոլորի համար: Սա գիտակցում են, երևի, չէ՞: 

- Անշուշտ: Եվրոպան ամենամեծ տնտեսական և ֆինանսական ռիսկերն է ունենալու: Այս պահին եվրոպական բորսայում գազի գինը արդեն 60 տոկոսով թանկացել է, քանի որ եվրոպացիները որոշել են ավելի շատ գազ պահեստավորեն, պատրաստվում են սև օրվան: 

- Ինչո՞ւ ՌԴ-ի դեմ սանկցիաների ցանկում չկա ամենաազդեցիկը, որի մասին շատ է խոսվել, բայց որը չեն ուզում կիրառել՝ անջատումը ֆինանսական առաջադրանքների, փաստաթղթերի, փոխանցումների SWIFT ունիվերսալ համակարգից, որը միանգամից քարե դար կնետի Ռուսաստանին: 

- Նրանք լավ հասկանում են, որ չեն կարող ՌԴ-ին զրկել SWIFT համակարգից, որովհետև այդ նույն գազի դիմաց վճարումների համար իրենք էլ պետք է գումար փոխանցեն, և ինչպե՞ս են փոխանցելու, քեյսերո՞վ են փող տանելու Ռուսաստան: Նույն «Գազպրոմը» ՎՏԲ բանկով էր աշխատում, հիմա կաշխատի այլ բանկով, ասենք՝ «Գազպրոմբանկով» ու հարցը կլուծվի: 

- Ռուսաստանն ու Չինաստանն արդեն ակնարկներ են արել, որ պատրաստվում են SWIFT-ին համարժեք ֆինանսական «մեսենջեր» ունենալ: Սա կարո՞ղ է երաշխավորել կորուստներից: 

- ՌԴ-ն մի քանի տարի է, ինչ ունի իր «Միռ» համակարգը՝ ԱՌԿԱ-ն, որ մեզ մոտ կա, որը թույլ է տալիս ներքին այդ փոխանցումները կարգավորել, վերահսկել:  Միջազգային մակարդակով ես վստահ եմ, որ ամբողջությամբ չեն սահմանափակի ՌԴ բոլոր փոխանցուները, քանի որ SWIFT-ի միջոցով աշխատում են համաշխարհային Visa, mastercard, այլ վճարային քարտերը: Դրանցով մեծ գումարներ են աշխատում: Նրանք ռուսական շուկան բաց չեն թողնի, չեն հրաժարվի այդ շուկայից: Տարիներ շարունակ, այո, քննարկվում էր ՌԴ-Չինաստան որոշակի համակարգ կառուցելու հարցը, և իհարկե, սա կարող է կայունացնել վիճակը, իհարկե, հաշվի առնելով, որ վերջերս չինական պետական ընկերության հետ կնքվեց գազի մատակարարման 10 տարվա համաձայնագիր, որ եթե մի օր Եվրոպան հրաժարվի ռուսական գազից, այն ռուսական ընկերությունները կկարողանան իրացնել Չինաստանում: Բացի այդ, մի շարք ռուսական ընկերություններում` եվրոպական, ամերիկյան, արաբական ընկերություններ ունեն մասնաբաժիններ: Գերմանիան հայտարարեց «Հյուսիսային հոսք-2»-ի սառեցումը, բայց նույնիսկ այդ պրոյեկտի մեջ մասնաբաժին ունեն գերմանական, ֆրանսիական, հոլանդական և ավստրիական մի շարք ընկերություններ, որոնք վնասներ են կրելու: Այնպես որ, այս պրոցեսը երկար չի տևելու: Ինչ որ էտապում պետք է փորձեն լեզու գտնել ու դուրս գալ սանկցիաների քաղաքականությունից: