Քայլ դեպի ապագա, թե վերադարձ դեպի անցյալ. մաս 1-ին

Քայլ դեպի ապագա, թե վերադարձ դեպի անցյալ. մաս 1-ին
Միջազգային եւ ռեգիոնալ վերլուծական եւ փորձագիտական կենտրոնների քննարկումների հիմնական հարցերից մեկը շարունակում է մնալ Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնի Ռուսաստան, ու հատկապես Կովկասյան այցը։ Այն շատ հետաքրքրական էր, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակում շատ բան ասող։ Արդյոք միջազգային հարաբերություններում այս այցից հետո ավելի առարկայական է դառնալու Սառը պատերազմի ուրվականի թեւածումը, ինչ դեր է վերապահված աշխարհաքաղաքական առճակատման ներկայիս փուլում Կովկասին , արդյոք Կովկասը կդառնա օրինակ ամերիկա-իրանական առճակատման նոր թատերաբեմը։ Ինչ դերեր ունեն Կասպիական ավազանն ու Կենտրոնական Ասիան աշխարհաքաղաքական թատերաբեմի ներկա բեմականացումներում։ Պատասխաններն առայժմ չափազանց անորոշ են եւ խուսափողական, գոնե մասնագիտական շրջանակներում։ Շատ վերլուծաբաններ նույնիսկ ենթադրում են, որ օրինակ  իրանական հրթիռների չեզոքացումը լինելու է հարավային Կովկասի երկնքից։ Գոնե այդպես կարելի է մտածել, վերլուծելով ամերիկյան հրթիռների տեխնիկական եւ տակտիկական բնութագրիչները։ Սակայն մյուս կողմից էլ շատ վերլուծաբաններ այն համոզմունքին են, որ ԱՄՆ-ն նախապատվություն է տալիս, գոնե այս փուլում, Իրանի վրա տնտեսական ճնշման գործադրմանը։ Որպես ապացույց՝ այս տարվա օգոստոսի 7-ից Իրանի դեմ վերագործարկված ամերիկյան սանկցիաներն են։ Իսկ ահա նոյեմբերի 5-ին վրա կհասնի ԱՄՆ կողմից Իրանի դեմ սահմանված սանկցիաների երկրորդ ալիքը, որը հատկապես թիրախավորել է իրանական էներգետիկան։ Այս սանկցիաները վերաբերում են երրորդ երկրների ընկերություններին, որոնք պարտավորված են լինելու դադարեցնել էներգետիկ գործակցությունը Իրանի հետ, մասնավորապես՝ նավթ գնել Իրանից, եթե իհարկե չեն ցանկանում խնդիրներ ունենալ Միացյալ Նահանգների հետ։ Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունն այս առնչությամբ առավել քան հստակ է․ «Ով որ բիզնես է վարում Իրանի հետ, բիզնես չի վարի ԱՄՆ հետ»։  Մեկնաբանները, ու հատկապես ռուսական դաշտում գործողները, գրեթե անմիջականորեն իրենց վրդովմունքը հայտնեցին ամերիկյան բռնակալական հայտարարության նկատմամբ եւհայտարարեցին, որ ամերիկյան այդ սանկցիաները աջակցություն չեն գտնի մյուս պետությունների մոտ։ Սակայն, համաձայն Financial Times-ը գրում է, որ ԵՄ-ում չի գտնվել մի պետություն, որը համաձայնվի հատուկ նշանակության իրավազորության, կամ SPV ծրագրի տակ մտնել, որպեսզի իրականացնի Իրանի հետ հաշվարկները այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն կմտցնի իր նոր սանկցիաները ընդդեմ Իսլամական Հանրապետության։ SPV-ն այն հիմնական գործիքն է, որով ԵՄ պատրաստվում է պահպանել իր առեւտրային կապերը Իրանի հետ։  Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Հուա Չունյինն էլ կարծես թե արդարացրել է հույսերը, ասելով, որ Պեկինը չի ընդունում միակողմանի հակաիրանական նավթային սանկցիաները, որոնք սահմանվել են ԱՄՆ կողմից, սակայն դեկլարատիվ հայտարարությունների եւ պետության վարած իրական քաղաքականության տարբերությունները երբեմն կարող են լինել չափազանց ակներեւ։ Սա թերեւս այդ օրինակներից կարելի է համարել, քանի որ The Wall Street journal-ը գրեց, որ չինական նավթավերամշակող ձեռնարկութունները, ամենան հավանականությամբ մտավախություններ ունենալով ամերիկյան սանկցիաների հետ կապված, որոշել են հրաժարվել իրանական նավթից։ Նման որոշում են կայացրել չինական China National Petroleum Corporation (CNPC) պետական նավթագազային կորպորացիան եւ China Petrochemical Corporation ընկերությունը։ Ավելին, CNPC-ին պատկանող Կունլունի բանկն էլ իր հերթին իր իրանցի հաճախորդներին տեղեկացրել է, որ սկսած նոյեմբերի 4-ից դադարեցնում է գործակցությունը նրանց հետ։ Սա այն դեպքում, երբ Իրանից Չինաստանն օրական գնում էր 600 հազար բարել նավթ։