Ջերմուկում երկու խոշոր առողջարան չի գործում «Լիդիան Արմենիա»-ի պատճառով

Ջերմուկում երկու խոշոր առողջարան չի գործում «Լիդիան Արմենիա»-ի պատճառով
«Ջերմուկում տուրի՞զմ, թե՞ հանքարդյունաբերություն» թեմայով այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանի տնօրեն Տիգրան Մարգարյանն ու «Վերոնա» առողջարանի տնօրեն Արտակ Մարկոսյանը։ Տիգրան Մարգարյանն ու Արտակ Մարկոսյանը նախ նշեցին, որ Ջերմուկում կա վեց խոշոր առողջարան, որից երկուսն այսօր չեն գործում։ Իսկ այդ առողջարանները, ըստ նրանց, չեն գործում «Լիդիան Արմենիա»-ի հետ համագործակցության պատճառով։ «Մենք փորձել ենք մեր կողմից կատարել մոնիտորինգ, փորձել ենք ճշտել մեր այցելուների վերաբերմունքը եւ պարզել ենք, որ գերակշռող մասը դեմ է, որ Ջերմուկում լինի հանքարդյունաբերություն», - ասաց Տիգրան Մարգարյանը։ Հետո նա ասաց, որ այդ պատճառով էլ նվազել է այցելուների թիվը Ջերմուկում։ Նա նույնիսկ համեմատություն արեց՝ Եգիպտոսում մի քանի տարի առաջ հեղափոխություն էր, եւ այն ժամանակ ոչ մի հայ չէր գնում այնտեղ՝ հանգստանալու։ Տիգրան Մարգարյանն ասաց նաեւ, որ այդպես է նույնիսկ Հայաստանում․ երբ իրավիճակը սրվում է, չեն ուզում արտերկրից տուրիստներ գալ մեզ մոտ, հանգստանալ։ Դրա փոխարեն, ըստ առողջարանի տնօրենի, «Լիդիան Արմենիա»-ն ոչ մի հետազոտություն չի կատարել, թե իր գործունեությունն ինչ ազդեցություն կթողնի քաղաքի վրա։



«Եթե Ջերմուկում փակվեցին առողջարանները տուրիստների բացակայության պատճառով, ապա մոտ 2000 աշխատատեղ կփակվի։ Եթե համեմատենք մյուս բնակավայրերի հետ, ապա Ջերմուկում գործազրկության տոկոսը շատ ցածր է, քանի որ կան մի քանի տասնյակ ընկերություններ։ Մեզ մոտ գալիս են աշխատելու Վայքից, Եղեգնաձորից, Արենից, Գնդեվազից»,- ասաց Տիգրան Մարգարյանը։ Ի՞նչ է հակադարձում «Լիդիան Արմենիան»։ Նրանք, ըստ առողջարանի տնօրենի, ասում են՝ մենք ձեզ չենք խանգարում, դուք ձեզ համար աշխատեք։ Իր հերթին էլ «Լիդիան Արմենիա»-ն առաջարկում է 700 աշխատատեղ, որտեղ կաշխատեն հիմնականում տղամարդիկ։ «Պատկերացրեք, մարդը եկել է 200-300 հազար դրամով աշխատում է, որ գնա, ընտանիք պահի։ Նա օրական 2000-3000 դրամից ավելի չի ծախսում քաղաքում, իսկ երբ տուրիստն է գալիս՝ հանգստանալու, նա իր հետ բերում է գումար, որ ծախսի եւ օգտվի բոլոր հարմարություններից։ Այսինքն՝ այդ գումարը մտնում է ՀՀ բյուջե»,- ասաց Տիգրան Մարգարյանը։ Արտակ Մարկոսյանը կարծում է, որ որքան էլ հանքարդյունաբերողը խոստումներ տա, չի կարող դեմ գնալ բնության օրենքներին, եւ Ջերմուկ այցելող տուրիստը ստիպված է լինելու շնչել հանքի փոշին։ Նա նշեց, որ «Լիդիան Արմենիա»-ում Ջերմուկից եւ մոտակա բնակավայրերից աշխատանք ունեցել է 150 հոգի։ Եվ հիմա նա հարց է առաջ քաշում, թե հնարավոր չէ՞ այդ 150 աշխատատեղն ապահովել։



Մեր հարցին, թե քանի աշխատատեղ է փակվել «Լիդիան Արմենիա»-ի պատճառով, Տիգրան Մարգարյանն ասաց, որ դրանք ոչ թե փակվել են, այլ այդ շենքերը վարձակալությամբ վերցրել է «Լիդիան Արմենիա»,-ն, մեկում տեղավորել է իր աշխատակիցներին, մյուսը՝ փակել։ Նա ասաց, որ Ջերմուկում, բարձր սարին կառուցում են աղաց, որը պետք է այդ ամբողջ հումքն աղա եւ օգտագործի։ Իսկ այդ ամբողջն էլ հակաէսթետիկական է։ Հետաքրքրվեցինք, թե ինչ են ակնկալում կառավարությունից։ «Մենք հույս ունենք, որ կառավարությունը բնակիչների եւ իր շահերից ելնելով կընդունի ճիշտ որոշում եւ թույլ չի տա, որ մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրման պատճառով մի քանի միլիարդ դոլար արժողության քաղաքն ուղղակի վերանա»,- ասաց Տիգրան Մարգարյանը։ Նրա հաշվարկներով՝ տարեկան 20 հազար տուրիստ է այցելում Ջերմուկ, ինչի շնորհիվ էլ քաղաքը զբաղված է լինում տուրիզմով։ Եվ եթե այսուհետ տուրիստներ չգան քաղաք, առողջարանները փակվելու են, ինչից հետո էլ քաղաքը կարող է վերածվել գյուղի, մի քանի հարյուր հոգի կապրեն, քանի որ զբաղվածություն չի լինի։ Արտակ Մարկոսյանն էլ նշեց, որ նվազել է անգամ սոցփաթեթով բուժվող հայաստանցիների թիվը։ Փոխարենը այս տարի շատ են եղել արտերկրից եկող տուրիստները։ Չնայած դրան՝ մարդիկ նախընտրում են շրջանցել Ջերմուկը՝ նախապատվությունը տալով Գորիսին, Տաթեւին։