Դպրոցի տնօրենը նկատողություն ստացավ Կոտայքի մարզպետի կողմից

Դպրոցի տնօրենը նկատողություն ստացավ Կոտայքի մարզպետի կողմից
Երեկ մամուլով տարածվեց ձայնագրություն, որտեղ Հրազդանի N5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանն իր համաձայնությունն է հնչեցնում համայնքի ղեկավարի ընտրության նախընտրական քարոզարշավին դպրոցի աշխատակիցներին ու աշակերտներին ներգրավելու համար: Այս առնչությամբ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան արձագանքեց. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ դպրոցները պետք է ապաքաղաքականացվեն և հեռու մնան կոռուպցիոն ցանկացած երևույթից: Ինձ համար անընդունելի է քաղաքական որևէ գործընթացում որևէ ուսումնական հաստատության ներգրավումը, և այսօր իմ պահանջով` դպրոցի տնօրենը ներկայացրեց` նշված ձայնագրության բովանդակության մասին բացատրություն:



Ըստ ներկայացված գրության՝ տնօրենը կարծել է, թե իր հետ կատակում են և պատասխանել է նույն կերպ «անլուրջ»: Վերոնշյալը չի ժխտում տնօրենի մասնակցությունը կամ պատրաստակամությունը` նախընտրական քարոզարշավին ներգրավել վարչական ռեսուրներ և լծակներ: «Իմ կարգադրությամբ՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի Հ. Թումանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Բակլաչյանի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը»:



Անդրադառնալով ձայնագարությանը՝ Տիգրան Բակլաչյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Որոշ բախտախնդիրներ, թաքցնելով իրենց ով լինելը և հանդես գալով այլ մարդու անունից, շանտաժի միջոցով անակնկալի բերեցին ինձ, քանի որ ես որևէ շտաբից, որևէ ցուցում չեմ ստացել, առավել ևս դպրոցում քաղաքական որևէ հարց չի քննարկվել։ Իսկ ինչ վերաբերում է Սևակ Միքայելյանի քարոզարշավին իմ մասնակցությանը՝ասեմ,որ ես մասնակցել եմ որպես շարքային քաղաքացի,օրն էլ ոչ աշխատանքային էր։Սա էժանագին սադրանք էր..»։



Դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Մեզ միայն հետաքրքրում էր, արդյոք տնօրենը նույն ձեւով կպատասխաներ, երբ զանգողը ներկայանար, որպես Լեւոն Ստեփանյանի շտաբի պետ, թե՞ Սասուն Միքայելյանի անունն արդեն իսկ մեծ ազդեցություն է: Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն էր ստացել, որ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին: Տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարել էին Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և ներկայացել՝ Սասուն Միքայելյանի օգնական։ Տնօրենն էլ՝ պատասխանել էր, որ հանրահավաքին իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում դպրոցի անձնակազմին, նաև առաջարկել էր ներգրավել դպրոցականներին՝ 9-րդ դասարանցիներին։



**Նելլի Կարապետյան**