500 հազար դոլարի ներդրումը Գյումրիում

500 հազար դոլարի ներդրումը Գյումրիում
_**ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻ ԶՈՀ**_



Պետության կողմից պահպանվող հուշարձանների պետական ցանկում գտնվող Շիրակացի 201 հասցեում գտնվող շենքը փրկելու միակ տարբերակը՝ որպես համայնքի սեփականություն, աճուրդային կարգով վաճառելն է եւ մշակույթի նախարարության հետ՝ որպես լիազոր մարմնի, այն վերականգնելը: Շուրջ չորս ամիս է՝ Բեյրութից եւ Մոսկվայից կան ներդրողներ, որոնք փորձում են մարզպետարանին բացատրել մեկ պարզ բան՝ վարձակալությամբ զբաղեցրած համայնքի սեփականություն հանդիսացող շենքը նախեւառաջ անհրաժեշտ է ազատել, հետո նոր նախապայմաններ պարտադրել սեփականատիրոջը:



Ներդրողների հանդիպումները մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հաջողությամբ են պսակվել: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել շենքի վերականգնման եւ ապա՝ որպես ախտորոշիչ կենտրոն, այն շահագործելու վերաբերյալ: Որպեսզի Գյումրի համայնքը՝ որպես շենքի սեփականատեր, կարողանա կազմակերպել աճուրդ-վաճառք, անհրաժեշտ է լուծել մեկ տեխնիկական խնդիր, որը Շիրակի մարզպետի՝ որպես «թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի հիմնադրի սուրբ պարտականությունն է: Նա ընդամենը պետք է կազմակերպեր պոլիկլինիկայի տեղափոխումը հարեւանությամբ գտնվող Ճերմակ հիվանդանոցի մասնաշենք, առանց մտացածին առարկությունների, թե իբր այն պոլիկլինիկայի չափորոշիչներին չի համապատասխանում: Անտրամաբանական այս հայտարարությունն ի չիք է դարձնում այս պահին վեճի առարկա դարձած պոլիկլինիկայի խայտառակ վիճակը՝ նկուղը ողողված է կոյուղաջրերով, տանիքը մասամբ փլուզված է, փայտե հատակը պատված է բորբոսով։ Այս ամենին քաջատեղյակ են բոլոր պատասխանատուները եւ խոստովանում են, որ շենքի սանիտարահիգիենիկ պայմանները խիստ անբավարար են պոլիկլինիկայի գործունեության համար: Մասնավորապես, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը եւ տեղակալ Սոֆյա Հովսեփյանը՝ անտեղյակ եւ անհաղորդ կառույցի արժեհամակարգին, որդեգրել են մի քանի բուժաշխատողի դուր գալու սկզբունքը՝ հայտարարելով, որ այդ շենքից բուժանձնակազմը դուրս չի գալու:



4 ամիս անհիմն ձգձգված եւ ներդրումային ծրագիրը վիժեցման եզրին հասցրած պաշտոնյաների մտքի փայլատակումներից մի քանի պատառիկ ներկայացնենք․



**Դավիթ Գեւորգյան (ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ)**․



-Բա որ հետո ախտորոշիչ կենտրոնի փոխարեն խաղատուն բացե՞ն։



-Ուրիշ ներդրումներ ունեցե՞լ են այս մարդիկ, ի՞նչ են արել Հայաստանի համար։



-Ձեր ասած ընկերությունն ինչքա՞ն գումար ունի, որ ուզում է հենց էդ շենքն առնի։



**Կարեն Սարուխանյան (մարզպետ)**․



-Էդ հուշարձան ասածը շենքի նե՞րսն է, թե՞ դուրսը։



-Պոլիկլինիկայի աշխատողներին էդ տեղից չեմ հանելու, իմ օրակարգում նման հարց դրված չէ։



-Քաղաքապետարանից էդ շենքը վերցնելու ենք, մենք դա կարող ենք։



-Դեմն ընտրություններ են, շենքը դատարկել չկա:



**Սոֆյա Հովսեփյան (մարզպետի տեղակալ)**․



-Էդ շենքը կդատարկվի միայն իմ դիակի վրայով։



-Ես կառավարություն կդիմեմ, փող կտան, շենքը մենք մեր ուժերով կվերանորոգենք։



-Էդ շենքը վերջում Գալուստ Սահակյանը կառնի, մենք տեղյակ ենք:



Մարդիկ չգիտեն, թե ինչ է հուշարձանը, իրենք իրավունք ունեն որպես մարզային կառույց վերահսկել, բայց ո՛չ իրենց կամքը պարտադրել տեղական ինքնակառավարման մարմնին: Տեղյակ չեն, թե ինչ բարդ եւ աշխատատար գործ է հուշարձանի վերականգնումը: Չգիտեն նույնիսկ, որ քրեորեն պատժելի է քիթը մասնավոր ներդրողի գրպանը խոթելը:



**ՀԳ**. _Գյումրին միստիկ քաղաք է, մեծ մոգի` Գյուրջիեւի քաղաքն է, եւ մենք` բնիկներս, ուզենք թե չուզենք, այդ բիոդաշտի մեջ ենք, եկվորները՝ ոչ, վկան՝ նախկին վարչապետի գորշ վախճանը: Գյումրու պատմական միջուկի՝ Ջիվանու 79 հասցեի հուշարձանների պետական ցուցակում գրանցված շինությունը, որը Կարեն Կարապետյանի սեփականությունն է այլեւս, միակն էր, որը կառուցված էր Անիի կարծր վարդագույն տուֆով: Այն այսօր կենսագրություն չունեցող սեւ ու կարմիր տուֆերի անհեթեթ միաձուլմամբ ինչ-որ նորակառույց է: Գյումրին մեկ հուշարձան էլ կորցրեց: Հույս կա՞, որ Գյումրու կենտրոնն այլեւս չի դառնա տգիտության եւ անճաշակության զոհ…_



**Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ**



**Գյումրի**