Խորհրդարանում չե՞ն ընկալել ժողովրդի «ուղերձը»

Խորհրդարանում չե՞ն ընկալել ժողովրդի «ուղերձը»
_Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես լավ չէր հասկացել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներին։_



Նախօրեի կեսգիշերին խորհրդարանում այդ խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Փաշինյանը խորհրդարանի մատույցներում հավաքված բազմությանը փոխանցեց, որ խորհրդարանական ուժերն ըստ ամենայնի չեն խափանի դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու իր ծրագիրը։ Փաշինյանը բառացիորեն հայտարարեց, որ ինքը կարող է ինչ-որ բաներ ճիշտ չի հասկացել իր զրուցակիցների խոսքից, բայց իրենց ասածն այն էր, որ իրենք, ըստ էության, ընկալում են ժողովրդի ուղերձը եւ հարգանքով են վերաբերվում ժողովրդի ուղերձին։ «Եվ նրանք բանավոր ասացին, որ, անկախ հուշագրից, իրենք չեն պատրաստվում ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու»,- տեղեկացրեց Փաշինյանը։ Հանդիպման մասնակից ՀՀԿ փոխնախագահ **Արմեն Աշոտյանը** մեր հարցին՝ տվե՞լ եք նման հավաստիացում, բացասական պատասխան տվեց, ասաց, որ թեկնածու չեն առաջադրի, եթե ընտրություններն անցկացվեն մայիս-հունիս ամիսներին։



Աշոտյանի պնդմամբ՝ առհասարակ նախօրեին բանակցություններ չեն ընթացել, Փաշինյանը գնացել էր նրանց իրազեկելու իր պլանների մասին, որը կազմել է ավելի վաղ, քան «ԱԺ կանոնակարգ» օրենքում չարաբաստիկ փոփոխությունը։ Աշոտյանը գաղտնազերծեց, որ Փաշինյանը դեռեւս Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպման ընթացքում է պնդել դեկտեմբերին ընտրություն անելու հարցը, եւ որ նախօրեին օրինագծի քննարկումը եւ ընդունումը պարզապես պատրվակ էին՝ արագացնելու սեփական քաղաքական ծրագրերը կյանքի կոչելու ցանկությունը: Ի՞նչն է անհանգստացնում ՀՀԿ-ին եւ մյուս ուժերին դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Աշոտյանն ասաց, որ իրեն անձամբ չի անհանգստացնում՝ որպես ԱԺ պատգամավորի: «Մեր անհանգստությունը բացարձակապես անձնավորված չէ կամ թիմային գերխնդրի շրջանակում չէ: Անհանգստությունը հետեւյալն է, որ, հիշեցնեմ, դեռեւս մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը ծրագիր էր ներկայացնում ԱԺ-ում, նա գրեթե բառացիորեն ասաց, որ հետհեղափոխական էյֆորիայի շրջանակում կազմակերպել ընտրություններ՝ նշանակում է եւս մեկ անգամ զրկել ՀՀ հասարակությանն ազատ ընտրությունների հնարավորությունից»,- ասաց նա։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ է հանդիպման ժամանակ պնդել, որ դեկտեմբեր ամիսը որպես ինքնանպատակ դնելը ճիշտ մոտեցում չէ։



«Որեւէ մեկն արտահերթին դեմ չէ, խոսքը գնում է միայն ժամկետների մասին։ Պայմանավորվածություն այս հարցով գոյություն չունի։ Վարչապետը պնդում է, որ պետք է լինի դեկտեմբերի մեջ, մեր համոզմամբ՝ պետք է կատարենք քայլեր, որոնք, ըստ էության, վարչապետն էլ է ընդունում, մասնավորապես՝ գնալ ընտրությունների նոր Ընտրական օրենսգրքով, Հայաստանի այս սուպերվարչապետական համակարգը փոխարինել ավելի վարչապետականով, ինչն առնվազն ենթադրում է ոստիկանության վերաենթակայություն կառավարությանը։ Այս փոփոխության հետ էլ է վարչապետը համաձայն։ Մնում է հարցը, թե ինչքան ժամանակ հատկացվի, որպեսզի հասարակությունն ու քաղաքական ուժերը պատշաճ կերպով նոր իրավիճակին ադապտացվեն, ու մասնակցությունը լինի բոլորի համար հասկանալի պայմաններում»,- ասաց ՀՅԴ-ականը։ Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ինքն արեց առաջին քայլը, եւ երբ սրվում էր իրավիճակը, հայտարարեց կառավարության գործընկերության կասեցման մասին այն ժամանակ, երբ Փաշինյանը ժողովրդին կանչում էր ԱԺ-ի մոտ, որտեղ, իր ձեւակերպմամբ, հակահեղափոխություն էին պլանավորում։ **Արմեն Ռուստամյանը** վրդովված մեկնաբանում է, որ չի կարելի նման գործելաոճ՝ «ով մեզ հետ չէ, մեր թշնամին է, հակահեղափոխական է»։



«Մենք ստեղծում ենք քաղաքական ճգնաժամի տպավորություն, որպեսզի հերոսաբար հաղթահարենք։ Իմ մոտ այն տպավորությունն է, որ մեզ անընդհատ թշնամու կերպար է պետք, թշնամու կերպար, որպեսզի մոբիլիզացվենք այդ թշնամու դեմ։ Այդ թշնամիների կերպարները, որ ձեւավորում ենք մեր մեջ, հետո ազատվելո՞ւ ենք դրանցից, կարողանալո՞ւ ենք ժողովրդին ազատել այդ կերպարներից։ Սրա մասին մտածո՞ւմ ենք։ Այս հոգեբանությունը՝ «իմ հետ չես՝ իմ թշնամին ես», կարողանալո՞ւ ենք հաղթահարել»։ Ռուստամյանի տպավորությամբ՝ Փաշինյանը քաղաքական ճգնաժամի տպավորություն է ստեղծում, որպեսզի հերոսաբար հաղթահարի այն։ «Այսօր որեւէ ձեւով գործադիրի եւ օրենսդիրի միջեւ անհաղթահարելի հակասություններ չեն առաջացել։ Ինչպես տեսնում եք, այս Ազգային ժողովը հարթ, խաղաղ՝ բոլոր բերած որոշումներն ընդունում է․ ի՞նչ քաղաքական ճգնաժամի մասին է խոսքը»։ Փոխարենը «Ծառուկյան դաշինքում» դեռ չեն քննարկել վարչապետի կողմից իրենց նախարարների ազատվելու հարցը։ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ **Միքայել Մելքումյանն** անգամ չունի հարցի պատասխանը՝ անկուսակցական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ հետ կկանչեն։ Հիշեցնենք, որ Փաշինյանը ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետին չազատեց պաշտոնից՝ հիմնավորելով, որ պրոֆեսիոնալ պաշտոնյա է։ Ի դեպ, Ծառուկյանը դեռ գտնվում է Հայաստանից դուրս, եւ տեղեկություններ կան, որ վերադառնալուն պես հնարավոր է այլ դիրքորոշում հայտնի, քան իր թիմակիցները։ Միքայել Մելքումյանը հանդիպումից միայն խոսեց․ «Մենք մնում ենք մեր տեսակետին՝ արտահերթ ընտրությունները մինչեւ մեկ տարի՝ մայիս-հունիս։ Հիմնավորումն այն է, որ պետք է լինի նոր Ընտրական օրենսգիրք, որը հիմա չկա»։ Իսկ եթե մինչեւ դեկտեմբեր ընդունվի Ընտրական օրենսգիրքը, հնարավո՞ր է ընտրություն անել։ «Ամեն ինչ էլ հնարավոր է»։ Երեկոյան՝ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Փաշինյանը, անդրադառնալով գործընկերների դրժումներին, ասաց, որ երեկվա հանդիպմանն ինքը խոսել է դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելու մասին. «Ասել եմ մեխանիզմի մասին, եւ թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչներն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել»:



**ՆՈՐ ԸՕ**



Ամենայն հավանականությամբ, Փաշինյանն առանց կոնսենսուսի դեկտեմբերին կկազմակերպի արտահերթ ընտրություն, քանի դեռ ուժի մեջ չի մտել նաեւ խորհրդարանի կողմից ընդունված վիճահարույց փոփոխությունն «ԱԺ կանոնակարգ» օրենքի վերաբերյալ, որը միջոց է դառնալու խորհրդարանականների ձեռքում՝ արտահերթ ընտրությունները տապալելու համար։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ նախագահ Արմեն Սարգսյանը, ով 21 օր ժամանակ ունի օրենքը ստորագրելու, հետ ուղարկելու կամ Սահմանադրական դատարան ուղարկելու, օգտվելու է վերջին իրավունքից, որովհետեւ եթե հետ ուղարկի, օրենքի ուժով հնգօրյա ժամկետում այն իրավունքի ուժով ուժի մեջ կմտնի։ Իսկ ՍԴ-ն ունի երեք ամիս ժամանակ՝ այն քննարկելու։ Սակայն ուշագրավ է, որ երեկ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին՝ լիարժեք կերպով հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների եւ օրենքի գերակայության նկատմամբ՝ շեշտելով, որ քաղաքական ուժերը պետք է բավարար ժամանակ ունենան ընտրություններին պատրաստվելու համար։ Իսկ Ընտրական օրենսգրքում փոփոխությունը, ըստ համազեկուցողի հայտարարության, պետք է լիարժեք կերպով համապատասխանի Վենետիկի հանձնաժողովի ցուցումներին, «այդ թվում՝ այն մասով, որը վերաբերում է ընտրական օրենսդրության կայունությանը եւ հիմնված լինի հնարավորինս շատ քաղաքական ուժերի կոնսենսուսի վրա»,- ասել է Լովոչկինան։ «Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչը՝ կոչ ենք անում իշխանություններին եւ բոլոր քաղաքական շահագրգիռ կողմերին՝ երաշխավորել, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն եվրոպական չափանիշներին եւ ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ նորմերին համապատասխան, եւ որ բոլոր քաղաքական ուժերը կունենան պատշաճ եւ բավականաչափ ժամանակ ընտրություններին պատրաստվելու համար»,- ասված է հայտարարությունում:



Վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար **Դանիել Իոաննիսյանը**, մեկնաբանելով համազեկուցողի հայտարարությունը, ասաց, որ Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, որին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ։ «Դա կլինի դեկտեմբերին թե գարնանը, բայց անպայման են պետք։ Իսկ քաղաքական ուժերը դրան պատրաստվելու ժամանակ ունեին, խաղի կանոնները, որոնք արտահայտված են լինելու, բավական ժամանակ է՝ հայտնի են իրենց․ դեռեւս հունիսից»,- ասաց Իոաննիսյանը։



Հիշեցրինք Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիան՝ ընտրություններ անցկացնել նոր ԸՕ-ի ընդունումից առնվազն մեկ տարի հետո, որպեսզի քաղաքական ուժերը նախապատրաստվելու բավարար ժամանակ ունենան։ «Այո, այդ ժամկետների պահպանումն ինքնանպատակ չէ, որպեսզի ամեն ինչ կանխատեսելի եւ սահուն լինի, բայց Հայաստանում մի իրավիճակ է ստեղծվել, որը տեղով անկանխատեսելի է»,- ասաց Իոաննիսյանը՝ մեկ անգամ էլ շեշտելով, որ Վենետիկի ռեկոմենդացիան, հենց այդ իրողությունը հաշվի առնելով, չի պահպանվի։ Ի դեպ, նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոչ թե նոր ԸՕ ենք ունենալու, այլ փոփոխությունների նախագիծ է ներկայացվում, որում, իր խոսքով, ներառված են նաեւ Վենետիկի հանձնաժողովի՝ 2015-ին արված դիտողությունները, որոնք նախորդ իշխանությունները հաշվի չեն առել։ Իսկ նախագիծն ամենաուշը եկող շաբաթ կներկայացվի ԱԺ։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**