Ամուլսարում՝ ինչպես շփման գծում. ամենուրեք պոստեր են ու «հատուկ ջոկատայիններ»

Ամուլսարում՝ ինչպես շփման գծում. ամենուրեք պոստեր են ու «հատուկ ջոկատայիններ»
Ջերմուկի բնաշխարհի համար պայքարն օրեցօր թեժանում է:



Ինչպես հայ-ադրբեջանական շփման գոտում, այստեղ էլ «պոստեր» են դրված: Հանք տանող 4 ճանապարհները համարակալված են: Տեղի բնակիչները ջոկատներ են կազմել, որոնք արդեն 3 օր է՝ շուրջօրյա հսկողություն են սահմանել հանքի ճանապարհին: Երեկ նրանց են միացել մարդիկ Գորիսից, Կապանից, Երեւանից, եւ այս պահին էլ քաղաքացիների հոսքը շարունակվում է:



Ամուլսարի «ինքնապաշտպանության» ջոկատայիններն ասում են, որ ոչ մի բանի կարիք չունեն, հացը կա, ջուրը կա։ «Սա պատերազմ է, ճանապարհը երբեք չի բացվելու, մենք ուրիշ հայրենիք չունենք»,- այս խոսքերը կրկնում են շատերը:



Երեկ մարդիկ հետեւել են միջազգային փորձագետներ դոկտոր Էնն Մաեստի եւ դոկտոր Անդրե Սոբոլեւսկու՝ «Անի» հյուրանոցում հրավիրված ճեպազրույցին: Ինչպես հայտնի է, փորձագետները մեր երկիր էին այցելել անցյալ շաբաթ, հանդիպել էին կառավարության, հանք շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ, շրջել հանքի համար հատկացված տարածքում: «Ամուլսարի նախագիծն ունի մի քանի սերունդների կյանքի տեւողությամբ թթվային դրենաժ առաջացնելու մեծ ռիսկ։ Թթվային դրենաժը վտանգի կենթարկի Արփա, Դարբ եւ Որոտան գետերն ու տարածքի բնական միջավայրը»,- հայտարարել էին փորձագետները։



Նրանք նկատել էին, որ ընկերությունը շեղվել է իր իսկ ներկայացրած բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականից (ԲՍԱԳ), թաքցրել է կառավարությունից, որ չի կարող երաշխավորել թթվային դրենաժի հոսքերի կառավարումը, իսկ ընկերության առաջարկած ֆինանսական երաշխիքները չեն ծածկում մաքրման կայանի կառուցման ու գործարկման ծախսերը: Ամենասենսացիոն տեղեկությունը, որը երեկվանից անգիր են արել Վայոց ձորի «ինքնապաշտպանական ուժերը», ապարների ցիանիտով մշակման տեխնոլոգիան է, որն աշխարհում ոչ մի տեղ չի կիրառվել: «Հայաստանը «Լիդիանի» համար փորձադաշտ չէ»,- սա կրկնում են մարդիկ Գնդեվազում, Կեչուտում, Ջերմուկում: «Իրենք մի նոր էքսպերիմենտ են ուզում անել, թափոնների լցակույտի վրա կիր եւ ինչ-որ այլ քիմիկատներ լցնել, որ թթվայնության աստիճանն ինչ-որ մի մասով չեզոքացնեն: Իսկ սա նախագծի էական փոփոխություն է, որը չի ներկայացվել ՇՄԱԳ-ում»,- ասում է «Հայկական բնապահպանական ճակատ» խմբի անդամ Աննա Շահնազարյանը: Փորձագետները չեն կարող ասել՝ փակեք հանքը, բայց կարող են առաջարկել կառավարությանը «պաշտպանել այս տարածքն Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի հնարավոր ազդեցությունից», ինչը եւ արվել է միանշանակ:



Այժմ ղուշն իր թեւով, օձն իր պորտով, հանքի աշխատողն էլ իր ավտոյով չի կարող հասնել արտադրական տարածք: Երբեմն նրանք փորձում են սողոսկել իրենց աշխատատեղերը: Դա տեղի է ունենում առավոտյան 6-7-ի կողմերը: Բայց այդ փորձերն արագ կասեցվում են: Ամուլսարն աշխարհից մեկուսացված է:



Հունիսի 25-ի երեկոյան երիտասարդները մեծ ավտոերթ ու քայլարշավ են կազմակերպել Գնդեվազ- Կեչուտ-Ձախափնյակ-Աջափնյակ ճանապարհով, որի վերջնակետը Ջերմուկի «Մոսկվա» առողջարանն է: Այստեղ «Լիդիան Արմենիա» եւ դրա կապալառուներից որոշ աշխատողներ են հանգրվանել:



Նախագահ Արմեն Սարգսյանի շուրջպարը «Ամուլսարը՝ առանց հանքի» նախաձեռնության անդամների հետ ընդամենը մի քանի օրով հանդարտեցրեց կրքերը:



Հիշեցնենք, որ մայիսի 23-ին նախագահը դուրս էր եկել իր նստավայրի մոտ հավաքված ցուցարարների մոտ, պարել նրանց հետ եւ, ստանալով նրանց 5 էջանի բացատրությունն Ամուլսարին սպասվող վտանգների մասին, խոստացել էր անպայման ուսումնասիրել այն եւ պատասխանել:



«Դա մեր նախաձեռնությունը չէ, մենք նրանց հետ կապ չունենք: Մենք՝ Վայոց Ձորի բնակիչներս, ոչ մի ակնկալիք չունենք նախագահից,- ասում է Ջերմուկի երիտասարդներից Վազգեն Գալստյանը, ով մայիսի 3-ից հերթապահում է «պոստերում»։- Նախագահը ոչ մի լիազորություն չունի՝ հանքը բացել-փակելու հետ կապված: Մենք «Լիդիանի» հետ էլ խոսելու չունենք, ոչ էլ ուզում ենք իրենց լսել: Մեր ասելիքն այն է, որ հեռանան, ու մենք դա ասում ենք ճամփա փակելով: Իսկ նրանց արած անկախ փորձաքննությունը հանքը փակելու շատ լավ հիմք է: Թող կառավարությունը որոշի, թե ինչ է անում: Մենք հանքն արդեն փակել ենք: Մեր համար նստած ենք»: Հարցին, թե ինչպես են լուծում սննդի հարցը, երիտասարդը պատասխանեց. «Մաշտոցի պուրակը հիշո՞ւմ եք, կողքի շենքերից ինչքան սնունդ էին բերում տեղի բնակիչները: Մենք այդ իմաստով ոչ մի խնդիր չունենք»:



Կառավարությունից Վայոց ձորի բնակիչներին հանդիպել են փոխվարչապետներ Արարատ Միրզոյանը եւ Տիգրան Ավինյանը:



Լրագրող, էկոպայքարի ակտիվ մասնակից Թեհմինե Ենոքյանը, որը նաեւ «Լիդիան Արմենիան» ընկերության դեմ վարչական դատարան դիմած գնդեվազցիների թվում է, ներկա է եղել Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը: «Հանդիպումը դրական եմ գնահատում: Բայց կարծում եմ, որ իրենք այնքան էլ չեն պատկերացնում հարցի լրջությունը: Մենք նրանց համար շատ տվյալներ բացահայտեցինք հանդիպման ժամանակ, ներկայացրինք միջազգային փորձագետների կարծիքները: Նրանք այդ ամենի մասին խորությամբ տեղյակ չէին, նոր են ուսումնասիրում»,- ասում է Թեհմինե Ենոքյանը:



Կառավարության անդամներն այդ հանդիպումների ժամանակ խոստացել էին, որ հանձնաժողով պետք է ստեղծվի, եւ ստուգումներ իրականացվեն հանքում, սակայն գործադիրից մինչ օրս որեւէ արձագանք չկա: Վայոց ձորի բնակիչները հույս ունեին, որ կառավարությունն այսօրվա արտակարգ նիստում կանդրադառնա Ամուլսարի հարցով հանձնաժողովի ստեղծմանը, սակայն նիստի օրակարգում հարցը ներառված չէ: Բնակիչները սպասում են: «Հնարավո՞ր է Ամուլսարի հարցով հանձնաժողովի ստեղծման ժամկետ նշեք»,- հարցրինք վարչապետի խոսնակ Արման Եղոյանին: Պատասխանը հետեւյալն է. «Հանձնաժողովի ստեղծման հարցը վարչապետի անձնական հսկողության տակ է: Պարզապես կային որոշ տեխնիկական խնդիրներ: Վարչապետը հանձնարարել է, որ հանձնաժողովում ներգրավված լինեն ե՛ւ տեղի բնակիչները, ե՛ւ ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»:



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**