Քոլեջի տնօրենին «սաքուլիկի» կերպարն է խանգարում

Քոլեջի տնօրենին «սաքուլիկի» կերպարն է խանգարում
Շուրջ 3 օր է, ինչ Պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսական քոլեջում դասախոսների ու ուսանողների մասնակցությամբ դասադուլ-ցույցեր են իրականացվում՝ քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանին վերադարձնելու համար։ Ցուցարարները երեկ անգամ փողոց էին փակել։ Բանն այն է, որ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը չի ստորագրել քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանի նշանակումը, եւ շուրջ 11 ամիս Խառատյանը քոլեջը ղեկավարել է որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Սակայն պատմությունն ավելի խճճված է, քան թվում է առաջին հայացքից։ Խառատյանը քոլեջի տնօրենի պաշտոնը լքել է սեփական դիմումի համաձայն։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին դասախոսներն ու ուսանողները՝ օրերս ՀՊՏՀ պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի վարորդը եկել է քոլեջ, որի նորաբաց բուֆետում աշխատում է նրա մայրը եւ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց դասախոսներից մեկը, քոլեջի բակում «ճռիկներ է տվել», Խառատյանն էլ ՀՊՏՀ-ում բռնացրել ու «թաթալոշ» է տվել նրան, ինչի արդյունքում պրոռեկտոր Հարությունյանի եւ տնօրեն Սերգեյ Խառատյանի միջեւ լարվածություն է սկսվել, որի պատճառով էլ Խառատյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել․



«Ներկայումս ՀՊՏՀ-ի կողմից սադրանքներ են տեղի ունենում մեր քոլեջի նկատմամբ, երբ որ ՀՊՏՀ պրոռեկտորի վարորդը շատ վատ կերպով մտել է քոլեջ, ճռռացնելով՝ մեքենայով կանգնել է մեր տնօրենի մեքենայի դիմաց, հետո մտել է տնօրենի մոտ, շատ վատ կերպով խոսել է տնօրենի հետ, տնօրենը դուրս է հրավիրել, ինքը տնօրենին ասել է՝ դու դեռ քո հալը կտենաս։ Իրենք իջել են «ժող»։ Վարորդը փաստում է, որ տնօրենն ու ՀՊՏՀ ՈւԽ նախագահը ծեծել են իրեն, բայց մենք դրան չենք հավատում, որովհետեւ «ժող»-ում կա մոտ 46 տեսախցիկ, ու եթե դա իրական լիներ, վստահ եմ, որ նրանք անպայման կտեղադրեին տեսանյութը»,- մեզ հետ զրույցում ասաց ուսանողներից մեկը։



Քոլեջի դասախոսներից մեկն էլ, որը ցանկացավ անանուն մնալ՝ պատճառաբանելով, որ եթե անունը հրապարակի, կմտածեն, որ դասադուլներն ինքն է կազմակերպել, մեզ հետ զրույցում վերապատմեց ուսանողի ասածը՝ հավելելով․ «Տարոն Մարգարյանի պաշտպանության վիդեոն բոլորդ էլ տեսել եք, տեսել եք, թե ինքը ոնց պրինցիպով չի թողնում լրագրողներին, այ, էստեղ էլ ինքը նույն ձեւի պրինցիպով աշխատել է։ Դասախոսներն իմացել են, որ զանգը տալուց պիտի մտնեն լսարան ու դուրս գան միայն զանգը տալուց հետո, էստեղ վերացրել է «կոռուպցիա» հասկացողությունը, ինքն ուղղակի թասիբով մարդ է, ուղղակի էդ «Սաքուլիկի» կերպարն իրեն շատ է խանգարում»։ Հիշեցնենք, որ 2013 թվականին, երբ ՀՊՏՀ-ում Տարոն Մարգարյանն ատենախոսություն էր պաշտպանում, մի խումբ ուսանողներ, որոնց մեջ գլխավոր դերում է եղել Սերգեյ Խառատյանը, թույլ չտվեցին լրագրողներին ներս մտնել ՀՊՏՀ։ Հենց այդ դեպքից հետո լրագրողների առջեւ մուտքը փակած երիտասարդների խումբը ստացավ «սաքուլիկներ» անվանումը։



Քոլեջ մեր այցի ժամանակ այնտեղ եկավ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը։ Նա քննարկում ունեցավ Խառատյանի աշխատակազմի անդամներ Ոսկերչյանի ու Գրիգորյանի հետ, որոնք, ի դեպ, նույնպես աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։ Շագաֆյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զրույցի ընթացքում փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում քոլեջում․ «Մեր այսօրվա այցի նպատակը հասկանալն էր, թե ինչ է կատարվում, մենք, բնականաբար, մամուլից տեղյակ ենք, որ սովորողները դասադուլ են անում, նաեւ աշխատակիցները պնդում են, որ դասադուլի պատճառն այն է, որ սովորողները պահանջում են իրենց նախկին տնօրենի վերադարձը։ Ուզում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում եւ, բնականաբար, սրա մասին զեկուցել կրթության նախարարին»։



Ալեքսանդր Շագաֆյանին հարց ուղղեցինք, թե որն է պատճառը, որ մի շարք ուսումնական հաստատություններում տարբեր պահանջներով բողոքի ակցիաներ են ընթանում․ «Գիտեք, պատճառները շատ կարող են լինել, ես հիմա, անկեղծ ասած, պատճառների մասին չեմ ուզում խոսել։ Մեզ համար կարեւոր է հասկանալ երեւույթը եւ հասկանալ, թե բոլոր կողմերին ինչպես կարող ենք օգնել, որպեսզի բնականոն ուսումնական վիճակը վերականգնվի․ գիտեք, քննական շրջան է առաջիկայում։ Որպեսզի առավելագույնս սովորողների իրավունքները վերականգնվեն մեզ համար, թերեւս, առաջնայինը եւ կարեւորը դա է, նաեւ կարեւոր է երեւույթը հասկանալը, թե ինչ է կատարվում»։



Հարցրինք նաեւ, թե պայմանավորվածություն ձե՞ռք է բերվել աշխատակազմի հետ, որ մինչեւ հարցի լուծումը ուսանողներին հորդորեն դադարեցնել դասադուլներն ու բողոքի ակցիաները։



«Մենք տվյալ պահին այդ իրավասությամբ չենք եկել, ինչպես ասացի, մենք ցանկացանք երեւույթը հասկանալ, համապատասխանաբար կզեկուցենք ԿԳ նախարարությանը»։



Իսկ այն հարցին, թե տեղյա՞կ են, որ, խոսակցությունների համաձայն, պրոռեկտոր Հարությունյանի եւ Խառատյանի կոնֆլիկտում ներգրավվել է նաեւ ռեկտոր Կորյուն Աթոյանը, այդ թեմայով զրուցե՞լ են աշխատակազմի հետ։ Շագաֆյանը պատասխանեց․ «Մենք զրույցներ չենք ունեցել, մենք խոսել ենք բացառապես մամուլում հրապարակված լուրերի վերաբերյալ, որը թերեւս պրոռեկտորներից մեկի վարորդի հետ է եղել»։



Ուսանողները պնդում են, որ դասադուլները շարունակելու են մինչեւ Խառատյանի վերադառնալը, իսկ այն հարցին, թե չե՞ն պատրաստվում հետեւել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին՝ դադարեցնել բոլոր ցույցերն ու բողոքի ակցիաները, ուսանողներից մեկը պատասխանեց․ «Մենք փողոց չենք փակում, մենք մեր քոլեջի դիմաց դասադուլ ենք անում»։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**