Մենք նպատակ չունենք այդ հարաբերությունները կառուցել որևէ այլ երկրի հետ համագործակցության հաշվին․ Արա Բաբլոյան

Մենք նպատակ չունենք այդ հարաբերությունները կառուցել որևէ այլ երկրի հետ համագործակցության հաշվին․ Արա Բաբլոյան
Ինչպես տեղեկացրել ենք, Ազգային ժողովում այսօր մեկնարկել են խորհրդարանական լսումներ` «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով: Լսումներին ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Նա նշեց, որ այսօրվա խորհրդարանական լսումների թեման արդիական է և անհրաժեշտ մեր քաղաքական օրակարգի համար։ «Դրանք անցկացվում են կարևոր մի իրադարձության՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման թարմ հետքերով։ Եթե թերթենք մեր պատմությունը, կտեսնենք Հայաստանը Եվրոպային կապող բազմաթիվ էջեր։ Այժմ փորձում ենք ստեղծել մեր փոխհարաբերությունների մի նոր, ժամանակակից պատմություն՝ հիմնված անցյալի վրա և ուղղված ապագային»,-նշեց ԱԺ նախագահը։



Նա ընդգծեց, որ մենք ունենք դրա ցանկությունը, ներուժը, հնարավորությունները, ինչպես նաև այդ քաղաքական կամքը, որը երաշխավորում է Հայաստանի և Եվրոպայի գործակցության նորագույն ընթացքը․ «Սակայն մենք նպատակ չունենք այդ հարաբերությունները կառուցել և ամրապնդել որևէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին։ Հայաստանը երբևէ չի առաջնորդվել իր գործընկերների, առավելևս բարեկամների շահերը միմյանց հակադրելու ճանապարհով։ Հակառակը՝ մենք մշտապես ձգտել ենք համադրել այդ շահերը։ Հենց սա է յուրահատկությունը, որով օժտված է մեր պետությունը, որը գնահատվում է նաև գործընկեր պետությունների և կառույցների կողմից»։



ԱԺ նախագահի խոսքով՝ խորհրդանշական է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց դեպի «Միացյալ Եվրոպա» առաջին քայլի՝ Հռոմի համաձայնագրի 60-ամյակի տարում։ «Մենք Եվրասիական տարածքի, միաժամանակ Եվրոպայի անբաժանելի մասն ենք, և մենք չենք կարող անմասն լինել ինչպես եվրասիական, այնպես էլ համաեվրոպական գործընթացներին։ Որպես հարևաններ, որոնք չունեն ընդհանուր սահմաններ, որպես գործընկերներ, որոնք ի զորու են հաղթահարել ցանկացած հեռավորություն, մենք պետք է ձևավորենք կայուն և փոխվստահելի հարաբերություններ՝ միասին կոտրելով առկա և հնարավոր կարծրատիպերը»,-ասաց Բաբլոյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**