«Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին»․ Փաշինյան (տեսանյութ)

«Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին»․ Փաշինյան (տեսանյութ)
Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվող ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ելույթի սկզբում հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ն շատերն պաշտոնապես և ոչ պաշտոնապես ասոցացնում են Խորհրդային միության հետ։ «Եվ, անկեղծ ասած, երեկվա լրահոսին հետևելով՝ ես հասկացա, որ այդ ժամանակները երևի թե մեր գիտակցության մեջ կվերակենդանացնեն նաև Խորհրդային միության ասացվածքներ։ Դրանից ամենահայտնին և սեզոնայինը հետևյալն է՝ չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին»,-ասաց Փաշինյանը՝ հիշելով ՊԵԿ-ի արգելքը մանդարինի ներկրման ամսով։



Այդ մասին, ի դեպ, «Հրապարակն» էր գրել, որ ՊԵԿ-ը, առաջնորդվելով ԵԱՏՄ անդամ երկրների համար պարտադիր օրենքներով, արգելել է 5 կգ-ից ավելի մանդարին և այլ ցիտրուսային մրգեր ներկրել առանց մաքսազերծման։ Իսկ ավելի չափաքանակի դեպքում արդեն պետք է բուսասանիտարական հատուկ հավաստագիր և այլն։ Փաշինյանը, հիշեցնելով այս փոփոխությունը, հեգնեց․ «Երեկ պարզվեց, որ Վրաստանից 5 կգ-ից ավելի մանդարին ներկրելու համար հարկավոր է 4 կգ փաստաթուղթ կցել դրան, և դա ԵԱՏՄ-ի նոր նվաճումն է։ Վրաստանի հետ մենք հիմա ազատ առևտրի համաձայնագիր ունենք և կարող ենք ոչ միայն 5, այլև 6, 7, նույնիսկ 8 կգ մանդարին ներկրել Վրաստանից։ Բայց դրա համար պետք է ֆիտոսանիտարական, միջուկային, քիմիական, կենսաբանական և այլ բազմաթիվ տեղեկանքներ։ Այսինքն՝ մարդը 1000 դրամի մանդարին պիտի գնի Սադախլոյից և 5000 դրամ ծախսի, գնա Թիֆլիս, որ ֆիտոսանիտարական փաստաթուղթ ձեռք բերի, որ կարողանա մանդարին ներկրի»։ Նա նաև հիշեցրեց, որ եթե մինչև ԵԱՏՄ-ին անդամակցելը խոսում էինք միայն «Գազպրոմի» մենաշնորհից, ապա ԵԱՏՄ մտնելուց հետո նաև բենզինի մենաշնորհ առաջացավ։ Ըստ Փաշինյանի՝ առաջ «Ֆլեշին» ու CPS-ին էինք մեղադրում վառելիքի մենաշնորհ ունենալու մեջ, հիմա իրենք են «Ռոսնեֆտի» պատճառով դարձել մենաշնորհի զոհ, քանի որ հիմա Հայաստան միայն «Ռոսնեֆտն» է բենզին ներկրում։



**Մանրամասները՝ տեսանյութում**



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**