Հայաստանում 8600 դոլար է, Շվեյցարիայում՝ 131 հազար դոլար

Հայաստանում 8600 դոլար է, Շվեյցարիայում՝ 131 հազար դոլար
«Մենք գիտենք, որ միջազգային էքսպերտների գնահատականներով աշխատանքի ցածր արտադրողականության մակարդակը Հայաստանում մեկ աշխատողի համար կազմում է տարեկան 8600 դոլար։ Այսինքն, եթե մենք ամիսների բաժանենք, այդ գումարը ոչ բավարար է նորմալ աշխատավարձի, ոչ էլ գործատուի մոտ էական եկամուտներ ձևավորելու տեսանկյունից»,-այսօր ԱԺ-ում կրթական թեմայով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նա նշեց, որ այդ թիվը Եվրոպայում 110-120 հազար դոլար է, իսկ կոնկրետ Շվեյցարիայում 131 հազար դոլար է։ «Այսինքն՝ մենք արդեն իսկ ունենք ցածր արտադրողականության, ցածր մրցունակության տեսանկյունից խնդիրներ։ Այսօր 12 գերակա ոլորտներից երևի թե մի երեք ոլորտում է հավելյալ արժեք ստեղծվում՝ դա ՏՏ ոլորտն է, ինժիներինգը և գուցե արդեն նաև դեղորայքի արտադրությունը։ Մյուս ոլորտներում մենք հավելյալ արժեքներ համարյա չենք կարողանում ձևավորել»,-ասաց Մակարյանը։



Գագիկ Մակարյանը, հիշելով պետական պատվերների մասին, նկատեց, որ պետք է հստակեցնել, թե որ հասկացությունը պիտի ապագայում զարգացնենք՝ պետական պատվերնե՞ր, թե՞ պետական գնումներ, որ կարողանանք բոլոր կողմերին հավասար իրավունք ընձեռել մասնակցելու դպրոցներում գնումների գործընթացներին։ Նա նաև նշեց, որ պետական և մասնավոր բուհերի միջև անհավսար մրցակցություն կա, որով պետք է զբաղվի հակամենաշնորհային հանձնաժողովը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**