Բրեժնևի վերաբերյալ չգիտեմ ինչ պատասխանեմ․ վարչապետը՝ Փաշինյանին

Բրեժնևի վերաբերյալ չգիտեմ ինչ պատասխանեմ․ վարչապետը՝ Փաշինյանին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետին հարց ուղղեց՝ հիշեցնելով նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպամն ժամանակ նրան ուղղված հարցն ու իր պատասխանը։



Փաշինյանը մասնավորապես ցիտեց ասուլիսում հնչած այն հարցը, թե արդյոք ինքը համակարծի՞ք է ՀՀԿ-ականների այն պնդումներին, որ որպես ՀՀԿ նախագահ և Հայաստանի անվտանգության երաշխավոր՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է։ «Դուք տվել եք հետևյալ պատասխանը․ «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի վարկանիշներին և հայտանիշներին, որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ։ Հիմա սրանից ծագում է երեք ենթահարց․ առաջինը՝ մենք բոլորս, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, մարդ ենք, համենայնդեպս հինգ րոպե առաջվա տվյալներով ԱԺ-ում դեռ շրջանառության մեջ դրված չէր Սերժ Սարգսյանին Աստված հռչակելու մասին օրինագիծը։ Աստված բոլորին երկար կյանք տա, բայց եթե անփոխարինելի մարդուն ինչ-որ բան պատահեց, Դուք նկատի ունեք, որ ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը։ Երկրորդը, եթե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ինչպե՞ս էիք Դուք ակնարկում, որ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում պատրաստ եք փոխարինել նրան։ Արդյոք սա դավադրությու՞ն է ազնիվ մեր ցեղի՝ հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ երրորդը՝ սա չի՞ հիշեցնում Ձեզ մի հայտնի պատմություն, երբ որ հարևան երկրի ղեկավարը, ցույց տալով Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին, ասում է՝ «Кто сказал, что Ильич умер, вот он стоит перед вами»,-իր հարցեը շարադրեց պատգամավորը։



Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցերին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց․ «Ինչ որ ասել եմ, ասածիս տեր եմ, ինչ վերաբերում է հաջորդ առաջին դեմքին՝ վարչապետին, նույնպես էդ հարցազրույցի մեջ պատասխանել եմ, որ դա ՀՀԿ-ն կորոշի, երրորդը՝ Բրեժնևի վերաբերյալ չգիտեմ ինչ պատասխանեմ»։



Փաշինյանը, արձագանքելով վարչապետի պատասխանին, ասաց․ «Ես տենց էլ գիտեի, որ հատկապես Բրեժնևի վերաբերյալ չեք իմանա, թե ինչ պատասխանեք։ Խնդիրը հետևյալն է, եթե, օրինակ, ՀՀԿ նիստում Էդուարդ Շարմազանովն առաջարկեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես վարչապետի թեկնածու, որևէ մեկը կամ Դուք՝ ինքներդ, առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը, թե՞ վերադառնալու եք էն ֆրազային, որին դժվարանում եք պատասխանել և արձանագրելու եք՝ քանի որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Դուք կբավարարվեք առաջին, երկրորդ, երրորդ փոխվարչապետի պաշտոնով կամ գուցե վերադառնալու եք Մոսկվա»։



Վարչապետն ասաց․ «Շատ պարզ հայեցակարգ է, և ունենալու է հետևյալ տրամաբանությունը։ ՀՀԿ-ն, ունենալով այդ քվեն, առաջարկելու է իր վարչապետի թեկնածուն։ Ես իմ թեկնածությունը կառաջարկեմ, թե չէ, թույլ տվեք իմ մեջ մնա։ Հաստատում եմ նորից, որ մենք՝ բոլորս, գնահատում ենք իր փորձը և դերակատարումը այս ամեն ինչի մեջ։ Ո՞ր հարցին չեմ պատասխանել, չեմ զգում»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**