Մեր «Սև այգին»

Մեր «Սև այգին»

Մի օր կավարտվի այս պատերազմը: Կդադարեն սահմանամերձ բնակավայրերի ավերիչ արկակոծությունները, թխամաշկ ու առողջ մանուկները կշարունակեն իրենց անվրդով խաղը, իսկ շենքերի և տների տանիքներին մխրճված ավելի քան քսանամյա վաղեմության հսկայական արկերի մնացորդները կհանվեն, կտեղափոխվեն գուցե նորաստեղծ մի թանգարան՝ որպես վկան գրեթե երկու տասնամյակ շարունակվող այս՝ «պատերազմ թե խաղաղություն» իրավիճակի:



Դեռ շատ տարիներ անց էլ ինքներս մեզ նույն հարցը կտանք՝ կտեսնե՞նք մենք արդյոք արցախյան հարցի կարգավորման հանգուցալուծումը: Մենք, որ մանկուց ի վեր մեր հայրիկներին ենք ռազմի դաշտ ճանապարհել` արցունքոտ աչքերով, այսօր մեր սիրելիներն են անառիկ են պահում մեր հայրերի ազատագրած տարածքները, վաղը գուցե մեր որդիները շարունակեն իրենց քաջարի պապերի ու հայրերի գործը: Իսկ մեր անքուն գիշերներին, կարծես թե, ավարտ չկա…



90- ականների սկզբին, երբ համայն հայությունը ոտքի կանգնեց մեր երկրի սահմաններն անառիկ պահելու համար, ակամայից հիշելով «Խղճիդ հետ զրույց արա» շարքից մեծն պոետի միշտ արդիական խոսքերը՝ «Ընդհանրապես երկիրը ղեկավարներին է պատկանում, բայց պատերազմի ժամանակ անունը դնում են Հայրենիք ու հանձնում մեզ…», մեր հայրերը մի պահ անգամ չվարանելով, զենք վերցրին ու մեկնեցին ռազմաճակատ: Եվ այդ՝ ըստ էության պատերազմական ժամանակաշրջանում, երբ գրեթե ամեն օր էին հրետակոծվում սահմանամերձ բնակավայրերը, առաջնագիծն անսասան պահող մեր սիրելի հայրերին այլևս չտեսնելու տագնապով լի անքուն գիշերները հաճախ մեր մանկական պատկերացումներում անվերջ էին թվում… Այսօր՝ 20 և 5 տարի անց էլ մարտական հերթապահություն ենք «իրականացնում»՝ անհանգիստ զգոնությամբ կամ զգոն անհանգստությամբ, վաղը գուցե մեր որդիների հերթապահության օրերին, վաղամեռիկ տատիկիս ասած՝ «պարզ աչքով» գիշերը լուսացնենք ու կրկին գրիչն ու այս խոհերը լինեն մեր «թաց» գիշերների ուղեկիցը:



Այս պատերազմը մեր սերնդի պատերազմն է: Մենք՝ անկոտրում ու ազատատենչ, պետք է տեսնենք խաղաղ Արցախն՝ անկախ ու ամբողջական: Դեռևս ուսանողական նստարաններին նստած՝ սերտում էինք արցախյան հարցի կարգավորման փուլային և փաթեթային տարբերակները: Ու արդեն երկու տասնամյակ և ավելի ականատեսն ենք լինում դրանց չկիրառման: Միջազգային տարաբնույթ հարթակներում տեղի ունեցող բանակցություններն ու քննարկումները, ըստ էության, մեզ ոչինչ չտվեցին, ավելին՝ ամեն անգամ ազատագրված հողերի, միջազգային տերմիններով ասած՝ «գրավյալ կամ օկուպացված» տարածքների վերադարձի մասին լսելիս` ազգովի ընդվզում ենք, լուտանքների մի անվերջ շարան տեղում համացանցում ու մեր արդարացի պահանջով սպասում մեզ համար «ձեռնտու» փաստաթղթի, որպեսզի արցախյան հողն այլևս դիրքապահ զինվորի արյամբ չներկվի, «Մարտական խաչի» հետմահու շքանշանակիրներ չունենանք:



90-ականների բոլոր նահատակները մեր մանկական պատկերացումներում հերոսներ էին, ովքեր ընկան այս կամ այն բարձրունքը գրավելիս, այս կամ այն բնակավայրն ազատագրելիս: Ակամայից տխրությամբ լի հպարտությամբ ես համակվում, երբ անցնում ես Հայաստանի, Արցախի սահմանամերձ բնակավայրերով ու տեսնում գետաքարով կառուցված կիսավեր տներով ու կածաններով ադրբեջանական ամայի գյուղեր, գիտակցում ես, որ դրանց ազատագրումը երիտասարդ կյանքեր է խլել, այրի թողել շատ հայուհիների ու որբացրել շատ մանուկների: Տխուր հպարտություն է: Իսկ մերօրյա մեծաթիվ զոհերը, ցավոք, նոր բարձրունքներ գրավելու կամ նոր բնակավայր ազատագրելու ճանապարհին չեն, այլ մեր հայրերի ազատագրածը կյանքի գնով պահելու…



Ու ցավ ենք ապրում սոսկ, որ զոհերի թիվը տարեցտարի մեծանում է, անհագուրդ ուռճանում, օսմանյան ցեղասպանություն ու սումգայիթյան կոտորած վերապրած փոքրաթիվ ազգիս թիվը կրճատում, ցավն էլ քառապատկում:



Պատերազմից 25 տարի անց, երբ մեր երկրում, թվում էր, թե այգաբացները հարաբերական խաղաղությամբ էին բացվում արդեն, մի առավոտ համոզվեցինք, որ մեր թշնամին չի քնում: Ձեռագիրն էլ չի փոխվել: 90 ականների սկզբին՝ ադամամութին, մտնելով հայկական սահմանամերձ մի գյուղ, խոշտանգել էին խաղաղ քնած բնակչությանը, իսկ գերեզմանատան մոտ նկատելով երեք մանուկների հետ խուճապահար փախչող կնոջը՝ Շարմաղին, հենց գերեզմանաքարի վրա մորթել էին՝ որբ թողնելով սարսափահար ու առհավետ խեղված հոգեվիճակով այդ խեղճ երեխաներին:



Մեկ տարի առաջ էլ նույնը կրկնվեց: Ու տեսնելով հարյուր և ավելի քաջարի նահատակների լուսանկարը՝ մի երիտասարդ սպայի պարզ ու անկեղծ հայացքը ակամայից դրոշմվեց մտապատկերիս մեջ, ու լսելով նրա կատարած անձնազոհ հերոսության մասին՝ ուրախությունս մթագնեց, ափսոսանքին ու ցավին հպարտությունը միախառնվեց: Կյանքով լեցուն մի բարձրահասակ, գեղեցկադեմ երիտասարդ, ով երեք տարի առաջ բուհն ավարտելով՝ նշանակվել էր հետախուզական դասակի հրամանատար Արցախի առաջապահ ստորաբաժանումներից մեկում: Անթերի կատարելով հետախույզի բարդ առաջադրանքները և սիրահարվելով արցախցի մի դեռատի օրիորդի՝ նշանել էր:



Սակայն նրա հայրերի ազատագրած բերդաքաղաքի եկեղեցում կայանալիք Նրա պսակադրության օրն ուշացավ… Նրան խոշտանգել էին Արցախ ներթափանցած վարձկաններն անսթափ, մինչ արյան վերջին կաթիլը մարտնչել էր Թալիշի իր դիրքը չհանձնելու համար… օրեր անց սառը գորշ քարին պետք է սպիտակով գրվեր՝ Մերուժան Արթուրի Ստեփանյան, 23 տարեկան, Գյումրիից, զոհվեց ապրիլի 2-ին:



Հուղարկավորության ժամանակ, երբ ողջ հայ ազգն էր համատարած սգում կորստի ցավը, դեռատի նշանածը, թերևս կատարվածը լիովին չգիտակցելով, զարմանքով նայում էր խոշտանգված ու օրեր անց արդեն մահվան դժգունությունն ընդունած, պարանոցին ու գլխին ասկյարի անմարդկային դաժանության հետքերը քողարկված իր սիրելիի այլափոխված դեմքին…ասես ինքն իրեն շարունակ մի հարց տալով ու պատասխանն այդպես էլ չստանալով... Լուսե դեմքով այդ տղան գնաց առհավետ, իսկ կյանքի քաղցրությունը դեռ նոր նոր ճաշակած շուշեցի այս աղջկա ծաղկունքի գարունն էլ չի գա... Ու այսպես քանի- քանի մատաղ կյանքեր, ճակատագրեր խաթարեց գրեթե երկու տասնամյակ շարունակվող այս պատերազմը մեր «սև այգում»՝ Ղարա բաղում:



Բայց հավատում ենք մենք, որ կգա մի օր, որ խաղաղություն կսփռվի ամենուր ու հրաշագործ մի ձեռամբ կհաստատվի անկախ ու ամբողջական Արցախի կարգավիճակը հավաստող մի փաստաթուղթ, կվերանան հայոց աշխարհիս բոլոր փակ սահմաններն ու խրամատները, գետնափոր բլինդաժ-տնակներն ու ռետինե անվադողերը, ավազե պարկերն ու հողի վրա սպիտակ քարով շարվող հիշատակի խաչերը: Մենք էլ կապրենք խաղաղ ու անվրդով, ազատ ու անկախ, ստեղծարար ու բերրի, լեռնային հարուստ տեղանքով մեր պապերի վաղեմի բնօրրանում՝ Արցախ աշխարհում :
Մեզ հաջորդող սերունդն էլ իր ձեռքը կառնի քսան և հինգ տարվա այս՝ «Պատերազմ թե խաղաղություն» վերտառությամբ վեպը գուցե և կընթերցի՝ ինչպես «Վարդանանքը», «Ինչ որ տեղ վերջանում է հորիզոնը»….



Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ