Ժամադրվել են սահմանին

Ժամադրվել են սահմանին
Երեկ Իջեւանում մեկնարկեց "Ժամադրություններ սահմանների վրա" համայնքային արվեստի փառատոնը, որը նախագծել եւ իրականացնում են Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի "Արվեստի նախագծում եւ լուսաբանում" կրթական ծրագրի շրջանավարտները։ Փառատոնը "Գեղագիտական համայնքներ եւ համայնքային արվեստի կոնտեքստուալ թարգմանություն" խորագրի ներքո օգոստոսի  15"ից ընթացող ամառային դպրոցի ծրագրի երկրորդ՝ գործնական մասն է։ Երեք օր "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրի բակում տեղի էին ունենում դասախոսություններ, քննարկումներ։ Երեկ այդ "ինտելեկտուալ խժդժությունը" տեղափոխվեց Իջեւան, որտեղ ժամանել էին արվեստագետներ, քննադատներ շուրջ քսան երկրներից։



Տեղանքի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այստեղ 80-90"ականներին անցկացվում  էր քանդակի միջազգային սիմպոզիում։ Իջեւանը նաեւ սահմանամերձ տարածք է։ Իսկ փառատոնն անդրադառնում է սահմաններին՝ ոչ միայն տարածական, այլ նաեւ ժամանակային. "Սահմաններ, որոնք անցնում են պատմամշակութային ժառանգության եւ ներկայի մշակութային քաղաքական համատեքստի, քաղաքի եւ բնության, աշխարհաքաղաքական կենտրոնների եւ ծայրամասերի, հանրային եւ մասնավոր ոլորտների, արվեստի եւ գործունեության այլ ասպարեզների միջեւ"։ Սահմանները կենտրոնախույս են, այստեղ թույլ է արտահայտվում կենտրոնի իշխանությունը, սահմանները բախումների ու բանակցությունների վայր են։ "Ի տարբերություն "հեղինակ" եւ "հանդիսատես" արտադրող ներկայացուցչական արվեստի՝ "Ժամադրություններ սահմանների վրա" ամառային արվեստի փառատոնն առաջ է մղում սահմանները հաղթահարող համայնքային արվեստ"։



Մենք փորձեցինք իմանալ հեղինակների տպավորությունները։



Գագիկ Չարչյան " Ընդհանուր տպավորություններս շատ լավն են։ Ցուցասրահը բավականին հարմար էր ժամանակակից արվեստի գործերի ցուցադրության համար։ Բավականին լավ ցուցահանդես էր։ Մարդիկ եկան, նայեցին, արձագանք կար։ Կարեւորը, որ ցուցահանդեսը շարքային "մշակութային" միջոցառում չէր, այլ դրված էր լուրջ կոնցեպտուալ հիմքերի վրա։



Մհեր Ազատյան " Ցուցահանդեսը լավ անցավ։ Վատն այն էր, որ Իջեւանում ապրող մարդիկ չեն մասնակցում։ Երեխեքը ռոք համերգ էին կազմակերպել, բայց էդ էլ մարդիկ չէին լսում։ Մի քիչ շատ են անտարբեր։ Մեղքը իրենցը չի, մերն է։ Ինքը պիտի զգա, որ դու իր համար մի բան ես անում։ Չմտածի, որ դա նեղ ինտելեկտուալ շրջանակի համար արված աշխատանք ա։ Դա ա կարեւորը։



Մինչեւ օգոստոսի 21-ը իջեւանցիները բացառիկ հնարավորություն ունեն առնչվելու ժամանակակից արվեստին եւ լսելու արվեստի քննադատների դասախոսությունները։