Թիվ 13 դպրոցը հատուկ ուշադրության է կարոտ

Թիվ 13 դպրոցը հատուկ ուշադրության է կարոտ
«Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ուսուցիչներդ տխմար ու ինքնահավան, փողով ընտրված, ոսկեսեր, նախանձոտ, որոնք գայլ դարձած՝ գիշատում են իրենց հոտերը...»: Շատ արդիական են  Մովսես Խորենացու այս տողերը: Թե ինչ է կատարվում թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցում, կարծում եմ՝ ոչ միայն մտահոգիչ է, այլեւ՝ սահմռկեցուցիչ: Նմանատիպ հատուկ դպրոց հաճախող երեխաները ավելի մեծ ուշադրության եւ խնամքի են արժանի: Կարծում եմ՝ ոչ միայն պետության, այլեւ տվյալ դպրոցի տնօրենի, փոխտնօրենի, յուրաքանչյուր ուսուցչի, դաստիարակի խնդիրն է ապահովել բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ:



Իսկ ո՞վ է թիվ 13 հատուկ դպրոցի տնօրենը, ի՞նչ դեր ու նշանակություն ունի դպրոցում, այդպես էլ չհասկացա` տվյալ դպրոցում աշխատելով գրեթե մեկ տարի: Ըստ իս` դպրոցի հետ բոլորովին կապ չունեցող անձ, որը պատահականորեն հայտնվել է տնօրենի աթոռին` իր հետ բերելով եւս պատահական, ոչ համապատասխան կրթություն ունեցող անձանց` դպրոցը հանձնելով բախտի քմահաճույքին: Աշխատանքի ժամերին տնօրենը, չգիտես ինչ «ազգափրկիչ» գործով զբաղված, չի հետեւում դպրոցի ներքին կարգուկանոնին, իսկ ճարպկորեն տնօրենի վստահությունը շահած փոխտնօրեն Ն. Վարդերեսյանը, որի «գործունեության» մասին խոսվել եւ խոսվում է թերթերում, քննարկվում դատարանում, իսկ կրթության նախարարությունում, չգիտես ինչու, համառորեն լռում են... Ն. Վարդերեսյանն էլ, օգտվելով առիթից, աշխատում է, ինչպես իրեն է հարմար՝ «ես տեր, դուք ստրուկ» սկզբունքով:



Դպրոցում ստեղծված անառողջ մթնոլորտը բացառում է որակյալ կրթություն տալու հանգամանքը: Այսօր թիվ 13 հատուկ դպրոցը կանգնած է լուրջ եւ կարեւոր խնդրի առջեւ. ի՞նչ որակյալ կրթության մասին կարելի է խոսել, երբ այստեղ փոխտնօրեն Ն. Վարդերեսյանի իշխանության շնորհիվ ամեն ոք իրեն իրավունք է վերապահել դասավանդել ինչ առարկա հնարավոր է` զբաղեցնելով որակյալ ուսուցիչների տեղը: Օրինակ, տնօրենի քարտուղարուհին` ոմն Վարդուհի, դասավանդում է անգլերեն լեզու` չունենալով համապատասխան գիտելիքներ եւ որակավորում: Հաշվապահ տիկին Գայանեն, չբավարարվելով եղած հաստիքով, որոշել է լինել ցերեկային դաստիարակ` դարձյալ չունենալով համապատասխան կրթություն:



Մարիամ Մուշեղյանը, որը դարձյալ չունի ցերեկային դաստիարակին համապատասխան կրթություն (բայց դե, այս դպրոցում դա «կարեւոր չէ», կարեւորը տիկին Վարդերեսյանի քաղցր աչքը վրադ լինի), երեխաներին պահում է վախի մթնոլորտում` առաջնորդվելով տերթոդիկյան սկզբունքով: Ահա այսպիսին է թիվ 13 դպրոցի առօրյան: Երեկոյան հերթում դասապատրաստման փոխարեն տիկին Վարդերեսյանի գլխավորությամբ եւ տնօրենի թողտվությամբ (երեկոյան ժամերին պարոն տնօրենը հարկ չի համարում դպրոցում լինել, զբաղվել երեխաների խնդիրներով) բացվում են ճոխ սեղաններ` երեխաների սննդի հաշվին:



Իսկ Կրթության ազգային ինստիտուտի տնօրինությունը բացարձակապես անտարբեր վերաբերմունք է ցուցաբերում հանրակրթական համակարգում տեղի ունեցող խայտառակ եւ անգամ ողբերգական իրադարձությունների նկատմամբ: Որպես մանկավարժ` կրթության նախարար պարոն Արմեն Աշոտյանի ուշադրությանն եմ արժանացնում վերը նշված փաստերը եւ խնդրում համապատասխան միջոցներ ձեռնարկել` ապահովել դպրոցը վերապատրաստված, որակյալ ուսուցիչներով եւ հոգեբան-մանկավարժ-դաստիարակներով:



Արմենուհի ՂԱԶԱՐՅԱՆ