Աթաթուրքի դեմ հայերի կողմից կազմակերպված մահափորձը կանխվել է հայ գործակալի ջանքերո՞վ

Աթաթուրքի դեմ հայերի կողմից կազմակերպված մահափորձը կանխվել է հայ գործակալի ջանքերո՞վ
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ Հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպած մահափորձը կանխել է Մոսկվան։: Այս մասին գրում է թուրքական Cihan գործակալությունը` վկայակոչելով ռուս պատմաբան և քաղաքագետ Ալեքսանդր Կոլպակիդի` «ГРУ-ում Հայրենական մեծ պատերազմի տարիներին» խորագրով աշխատությունը: Ըստ Կոլպակիդի, ով, մասնավորապես, գրքեր է գրել Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) և հետախույզների մասին, Աթաթուրքի դեմ դաշնակցականների կողմից մահափորձն իրականացվելու էր 1923թ., որը սակայն կանխվել է Բուլղարիայում գործող սովետական գործակալներից ազգությամբ հայ Սարգիս Գաբրիելովի ջանքերով:



«Բուլղարիայում գործող Սարգիս Գաբրիելովը ГРУ-ի լավագույն գործակալներից էր: Ծայրահեղ ազգայնական «Դաշնակցություն» կուսակցությունը Թուրքիայի արևելյան տարածքներում ցանկանում էր անկախ հայկական միավորում: Դաշնակցականներն այդ հարցում որպես ամենամեծ խոչընդոտ դիտում էին Մուստաֆա Քեմալին և հավատում, որ Աթաթուրքին սպանելուց հետո նոր իշխանությունները կանաչ լույս կվառեին իրենց պլանների իրականացման համար:



Եվ այդ պատճառով դաշնակցականները որոշում կայացրեցին սպանել Աթաթուրքին և այդ առնչությամբ իրենց գործակալներին ուղարկեցին Թուրքիա: Սակայն մահափորձի կազմակերպիչներից մեկը Բուլղարիայում հյուրընկալվել էր իր հեռու բարեկամին` ГРУ-ի գործակալ Կարապետովին: Փորձված գործակալն իր ազգականի մոտ հայտնաբերում է Աթաթուրքի դեմ իրականացվելիք գործողության նախագծի առնչությամբ կարևոր փաստաթղթեր և այդ մասին անմիջապես զեկուցում է Մոսկվա, որն էլ Անկարային տեղեկացնում է հնարավոր մահափորձի մասին»,- ըստ Cihan-ի` գրում է Ալեքսանդր Կոլպակիդին` ավելացնելով, որ Աթաթուրքը շատ դաժան հաշվեհարդար է տեսնում մահափորձի կազմակերպիչների հետ:



Tert.am