Ուզում են լինել ու դեռ շատանալ

Ուզում են լինել ու դեռ շատանալ
ՀՀ ոստիկանության 2011 թվականի բյուջեի ծրագիրը ԱԺ համապատասխան հանձնաժողովին  ներկայացնելիս, ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը երեկ  հայտարարեց, որ ոստիկանության գործունեությունն ապահովելու նպատակով  անհրաժեշտ է 24 միլիարդ 606 միլիոն դրամ, ինչը 1միլիարդ 40 միլիոն դրամով ավելի է, քան այս տարի: Այդ գումարի առյուծի բաժինը հատկացվելու է հասարակական կարգի պահպանման ծրագրերին՝ 23 միլիարդ 605 միլիոն դրամ: Այդ նպատակով ոստիկանությունը համալրելու է պայմանագրային զինծառայողների թվաքանակը եւ բարձրացնելու է նրանց աշխատավարձը:



Լրացուցիչ 502 միլիոն դրամ էլ պետք է լինելու քաղծառայողների կամ ժողովրդի լեզվով՝ ստուկաչների թվաքանակը շատացնելու համար: Գալիք տարի արդեն, հասարակության գրպանի հաշվին  «հասարակական կարգ պահպանող» ոստիկանների թվաքանակը 1016-ից հասցվելու է  1.881-ի,  87 հազար դրամ միջին աշխատավարձով:  Այդ նպատակը կյանքի կոչելու համար էլ ոստիկանությանը անհրաժեշտ է լինելու եւս 903 միլիոն դրամ:



Իսկ ահա նրանց կրթելու համար համակարգը նախատեսել է ընդամենը 517 միլիոն դրամ: Սա կարելի է համարել խելացի հաշվարկ, որովհետեւ ով Երեւանի փողոցներում «հասարակական կարգ պահպանող» ոստիկան է տեսել, դժվար հավատա, որ նրանց հնարավոր է կրթել: Ուստի բնական է, որ հասկացել են, որ չարժի էլ լրացուցիչ գումարներ վատնել այդ ուղղությամբ:  Իսկ ահա պետավտոհամարանիշների ձեռքբերման համար նախատեսել են 236,2 միլիոն դրամ: Պարոն Հունանյանը հայտարարեց, որ մեկ ավտոհամարանիշն իրենք ձեռք են բերում 3.550 դրամով ու գալիք տարի նախատեսել են ձեռք բերել 66 հազար զույգ:



Նկատենք, որ «գոլդ» համարանիշները ոստիկանության բյուջեում առանձին տողով նախատեսված  չեն, այսինքն՝ արժեն նույնքան, որքան մնացածները՝  3.550 դրամ ու հիշեցնենք, որ հայրենի ոստիկանությունը դրանք վաճառում է միլիոնավոր դրամներով: Այդ տրամաբանությամբ ազգընտիրները կարող էին նաեւ կրճատել ոստիկանության բյուջեն ու թողնել միայն ավտոհամարանիշների համար նախատեսված տողը, առանց կասկածելու, որ դրանց վաճառքից ոստիկանությունը կարող է լրացնել ամբողջ բյուջեն: