Լիդերին չեն պարտադրում

Լիդերին չեն պարտադրում
Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, ըստ Ձեզ՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում այսօր ի՞նչ միտումներ են նկատվում:



- Իշխանության եւ ընդդիմության դաշտի խաղի կանոնները զարմանալիորեն իրար շատ են նմանվում, եւ երկու տեղում էլ նկատվում են տոտալիտար հակումների դրսեւորումներ: Իշխանական դաշտում գործող կուսակցությունների առջեւ խնդիր է դրված՝ կոալիցիոն կուսակցությունները պետք է անվերապահորեն ընդունեն առաջիկա նախագահական ընտրություններում կոալիցիայի կողմից Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումը եւ ՀՀԿ-ի` մեծամասնություն ունենալու մենաշնորհը, այլապես «վատ կլինի» կոալիցիոն գործընկերների համար: Օրինակ՝ ՕԵԿ-ը, անսալով մեծամասնության «խնդրանքին», ընտրություններից երեք տարի առաջ արդեն հայտարարել է, որ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը` հասկացնելով, որ համաձայն է մեծամասնության հավակնությունների հետ: ԲՀԿ-ն փորձում է իր դիրքորոշումը հետաձգել մինչեւ 2012թ. ԱԺ ընտրությունները, եւ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի այսօրվա գոնե տեսանելի մրցակցությունը պայմանավորված է հենց այս հանգամանքով: Իսկ թե ինչքանով է այս մրցակցությունն անկեղծ, ցույց կտա ժամանակը: Բայց ցավով պետք է նշել, որ նմանատիպ տոտալիտար հավակնություններ դրսեւորվում են նաեւ ընդդիմադիր դաշտում:



- Ընդդիմադիր դաշտ ասելով ի՞նչ կամ ո՞ւմ նկատի ունեք:



- Նկատի ունեմ առաջին հերթին ՀԱԿ-ի կեցվածքը: Տեսեք ինչ է տեղի ունենում՝ ՀԱԿ-ը հայտարարում է անհապաղ իշխանափոխության մասին, եւ իհարկե դա իշխանություններից դժգոհ հասարակության մոտ դրական վերաբերմունքի է արժանանում, ինչը բնական է: Բայց տեսեք, թե ինչ է հասկանում ՀԱԿ-ը իշխանափոխություն ասելով. իսկ դա նշանակում է, որ ամբողջ ընդդիմությունը պետք է հավաքվի իր ու իր առաջնորդի շուրջ եւ նրանց լիդերությամբ իրականացնի իշխանափոխությունը: Այսինքն՝ եթե ընդդիմությունն աներկբա չի ընդունում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի լիդերությունը, հետեւաբար այդ ընդդիմությունը ընդդիմություն չի դիտվում ՀԱԿ-ի կողմից, եւ եթե իշխանափոխությունը չի ենթադրում գործող իշխանությունը փոխել Լեւոն Տեր-Պետրոսյանով եւ ՀԱԿ-ով, ուրեմն միեւնույն է, թե ինչ կլինի ապագա իշխանության հետ:



«Ժառանգության» եւ նրա առաջնորդի նկատմամբ ՀԱԿ-ի որդեգրած քաղաքականությունը միայն այսպես կարելի է բնութագրել: Այն, որ «Ժառանգությունը» ընդդիմադիր դաշտում իրականացնում է ինքնուրույն քաղաքականություն եւ մաս չի կազմում ՀԱԿ-ին, չի տեղավորվում որոշ քաղաքական ուժերի եւ գործիչների ամբիցիաների շրջանակում: Արդեն վաղուց եւ հատկապես վերջին շրջանում ՀԱԿ-ի ենթակայության տակ դե ֆակտո գտնվող լրատվամիջոցները առիթները բաց չեն թողնում իրենց կոլաժներով, հրապարակումներով լուտանքներ թափելու «Ժառանգության» եւ նրա ներկայացուցիչների վրա եւ միայն այն պատճառով, որ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը համահունչ չէ իրենց քաղաքական ճաշակին:



Այս եւ նմանատիպ այլ փաստերը լուրջ խոչընդոտ են ընդդիմադիր դաշտում համաձայնեցված միասնական քաղաքականություն վարելու համար. ի՞նչ է նշանակում կամ ինձ հետ, կամ իմ գերակայությամբ, կամ դու ընդդիմություն չես: ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի այլընտրանքը Լեւոն Տեր-Պետրոսյանից բացի ուրիշ որեւէ մեկին չի տեսնում, ինչը ներկա պահին Սերժ Սարգսյանին դարձնում է անփոխարինելի եւ խոչընդոտում է ընդդիմադիր դաշտի հավաքական եւ լիարժեք ինքնաիրացմանը:



- Այսինքն Դուք ընդդիմության դաշտի ինքնաիրացման հարցը ինչպե՞ս եք պատկերացնում, որ Լեւոնը հրաժարվի՞ լիդերությունից:



- Ոչ թե հրաժարվի լիդերությունից, այլ չպարտադրի իր լիդերությունը: Բայց երբ պարտադրում է, ասելով՝ կամ սա է միակ ճանապարհը, կամ ես քեզ կոչնչացնեմ, դա ուղղակիորեն նպաստում է ընդդիմության պառակտմանը: Պարադոքսն այն է, որ հասարակության մեջ ընդդիմադիր տրամադրությունները շատ ավելի են, քան իշխանամետ, բայց ընդդիմությունը իր ոչ համակարգված եւ հավակնոտ կեցվածքի պատճառով չի կարողանում կառուցվածքային դաշտ բերել այդ տրամադրությունները, որի դեպքում միայն կարելի է մտածել ոչ թե դեկլարատիվ, այլ իրական իշխանափոխության մասին:



- Ձեր ասածները ենթադրում են, որ դուք էլ պարտադրում եք Րաֆֆի Հովհաննիսյանի լիդերությունը, եւ տպավորություն է ստեղծվում, որ հենց այս հարցն էլ հանդիսանում է ձեր ու ՀԱԿ-ի միջեւ առկա տարաձայնությունների պատճառը:



- Թող իրենք տեսնեն Լեւոն Տեր-Պետրոսյանին որպես առաջնորդ, «Ժառանգությունը»` Րաֆֆի Հովհաննիսյանին, մյուս կուսակցությունները` իրենց առաջնորդներին, որը շատ բնական է, բայց մյուսներին չպարտադրեն իրենց լիդերին: Կրկնում եմ՝ եթե հայտարարվում է, որ եթե իր լիդերությունը չի ընդունվում, ուրեմն համագործակցության եզրեր չկան, ապա նման կեցվածքը անուղղակիորեն նպաստում է գործող իշխանության վերարտադրմանը: Ըստ էության դառնում է կամ-կամի հարց՝ կամ Լեւոն Տեր-Պետրոսյան, կամ Սերժ Սարգսյան:



- Այսինքն Դուք բացառո՞ւմ եք ընդդիմադիր դաշտում առաջիկա համագործակցությունը:



- Ընդհակառակը, ես գտնում եմ, որ ընդդիմությունը առաջիկայում պարտադրված է լինելու համագործակցել, այլապես իշխանափոխության մասին հայտարարությունները կմնան սոսկ ժողովրդի էմոցիաները գողանալու ցանկություն: Եվ համոզված եմ, որ այդ համագործակցությունը կպարտադրի ժամանակը: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում եւ Հայաստանի հետ, ուղղակիորեն վտանգում է մեր պետականությունը, Արցախի` որպես ինքնուրույն միավորի գոյությունը: Ուղղակի պետք է կարողանանք վեր կանգնել մեր անձնական եւ կուսակցական հավակնություններից, միասնաբար ճշտել այն ընդհանուր օրակարգը, որտեղ ընդդիմադիր ուժերը համակարծիք են, եւ այդ դաշտը դարձնենք մեր միասնական գործունեության տարածք:



Իսկ որ այդ միավորող հարցերը կան թե ներքին եւ թե արտաքին քաղաքական ոլորտներում, կարծում եմ` բավականին տեսանելի են. ահռելի չափերի հասած կոռուպցիան, համատարած անարդարությունները, գնաճի սոսկալի տեմպերը, Արցախի հարցում փակուղի տանող գործընթացները, առաջիկայում ԱԺ-ում  քննարկվելիք Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները եւ էլի նման շատ ու շատ հարցեր այսօր հսկայական դաշտ են ստեղծում ընդդիմության համատեղ գործունեության համար: Միայն պետք է դա տեսնելու ցանկություն ունենալ:



- Որոշ ընդդիմադիր ուժեր գտնում են, որ «Ժառանգությունը» իրական ընդդիմություն չէ, որովհետեւ արմատական դիրքերից հանդես չի գալիս:



- Նրանք, ովքեր իրենց իրավունք են վերապահում որոշել, թե ով է իրական ընդդիմությունը, ով` ոչ, այստեղ արդեն վերջանում է քաղաքականությունը եւ սկսվում քաղաքականությամբ զբաղվելու իմիտացիան: Եթե արմատական ընդդիմություն ասելով պետք է հասկանալ օրնիբուն հայհոյանք, անիրականանալի խոստումներ, ընդդիմադիր գործընկերոջ հանդեպ կասկածամտություն եւ լուտանքների տեղատարափ, ապա իհարկե «Ժառանգությունն» այս առումով արմատական ընդդիմություն չէ:



Ցավոք, մեր քաղաքական մշակույթն այսօր այն մակարդակին է, որ դեռեւս իմունիտետ չունի այդպիսի «արմատականության» նկատմամբ, եւ որոշ ուժեր օգտվում են այդ իմունիտետի բացակայությունից: Բայց քաղաքական դաշտ ասվածը այլընտրանքների համատեղ գոյություն է, եւ որեւէ քաղաքական ուժ չպետք է փորձի պարտադրել կամ խմբագրել մեկ այլ քաղաքական ուժի կեցվածքն ու գործողությունների մեթոդաբանությունը: Այդ իրավունքի մենաշնորհը ժողովրդինն է: Պարզապես, որպես ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ, ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ ընդդիմությունը այսօր պարտադրված է իր հավաքական գործունեության արդյունքում հնարավորություն ստեղծել, որպեսզի ժողովուրդը տեր կանգնի իր մենաշնորհին` իշխանություն ձեւավորելու իր սահմանադրական իրավունքին:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ