Հայաստանը նորից «մասամբ ազատ երկիր»

Հայաստանը նորից «մասամբ ազատ երկիր»
Հայաստանը «Freedom House» միջազգային հեղինակավոր կազմակերպության հրապարակած տարեկան զեկույցում կրկին բնորոշվել է որպես «մասամբ ազատ երկիր»: Հիշեցնենք, որ Հայաստանը այս նույն ցուցանիշն արձանագրում է արդեն 8 տարի շարունակ՝ սկսած 2002 թվականից: «Մեր գնահատմամբ` Հայաստանը շարունակում է շատ ցածր ցուցանիշներ ունենալ եւ տարվա ընթացքում չի արձանագրել որեւէ նշանակալի բարեփոխում կամ առաջխաղացում»,- ասել է «Freedom House»-ի ուսումնասիրությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը:



Կազմակերպությունը 1972 թվականից ի վեր ուսումնասիրում է աշխարհի շուրջ 200 երկրներ եւ դրանք դասակարգում «ազատ», «մասամբ ազատ» եւ «ոչ ազատ»` 7 բալանոց համակարգով` գնահատելով քաղաքական իրավունքի դրսեւորումն ու քաղաքացիական ազատությունների պաշտպանվածությունը: Այդ սանդղակում մեկ միավորը ամենալավ ցուցանիշն է, իսկ 7-ը` ամենավատը: 2010-ի զեկույցում, ինչպես եւ նախորդ տարի, Հայաստանում քաղաքական իրավունքի դրսեւորումն ու պաշտպանությունը գնահատվել են 6, իսկ քաղաքացիական ազատությունների պաշտպանվածությունը` 4 միավոր:



Հեղինակավոր կազմակերպության հրապարակած զեկույցի մասին կարծիքները հակասական են: Շատերը գտնում են, որ զեկույցը լիովին համապատասխանում է հայաստանյան իրականությանը, եւ որեւէ առաջընթաց չկա մեր երկրում: Ոմանք էլ կարծում են, որ Հայաստանն այս տարիների ընթացքում լուրջ առաջընթաց է գրանցել: ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Freedom House»-ի գնահատականն անաչառ համարեց.



«Չնայած հանրապետականների այն պնդումներին, որ Միացյալ Նահանգները, Արեւմուտքը ավելի դրական վերաբերմունք ունեն իրենց իշխանության նկատմամբ, բայց՝ ոչ: Սերժ Սարգսյանը որեւէ բան չի արել, որեւէ բարեփոխում չի իրականացրել, ավելին՝ ընդունակ էլ չէ: 3 տարի է, խոսում են կոռուպցիայի հաղթահարման մասին, նոր միայն խոստովանեցին, որ կոռուպցիա կա: Նույնը վերաբերում է նաեւ ազատություններին: «Ա1+»-ի վերջին խայտառակ մրցույթը վկայությունն է, որ այս իշխանությունները նրա համար չեն, որ բարելավեն կյանքը Հայաստանում, ծառայեն ժողովրդին: Նրանց միակ նպատակը իշխանությունը պահելով՝ հարստություն կուտակելն է: Դրա վկայությունը միջազգային կառույցների զեկույցներն են, որին մենք ականատես ենք լինում»:



Ըստ զեկույցի, մասամբ ազատ են այն երկրները, որտեղ «կա կոռուպցիա, իրավական համակարգն ու օրենքի իշխանությունը թույլ են, կան էթնիկ եւ կրոնական հակամարտություններ, եւ առկա է այնպիսի քաղաքական միջավայր, որում մեկ կուսակցությունն է իշխում` չնայած բազմակարծության որոշակի մակարդակի»: «Freedom House»-ի հրապարակած տարեկան զեկույցի հետ կտրականապես համաձայն չեն իշխող կուսակցության ներկայացուցիչները: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար այս զեկույցից ավելի կարեւոր է մեր երկրի քաղաքացիների կարծիքը, որոնք կարծում են, որ գնում ենք դեպի ժողովրդավարություն:



««Freedom House»-ը բավական հեղինակավոր կազմակերպություն է, սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ինչպես յուրաքանչյուր կազմակերպություն, այն նույնպես ունի կարծիքներ, որոնք կարող են չհամապատասխանել օբյեկտիվ գնահատականի հետ եւ կարող են լինել սուբյեկտիվ: Գոնե 2010 թ. ընթացքում Հայաստանում բավականաչափ լուրջ տեղաշարժեր են նկատվել խոսքի ազատության զարգացման հետ կապված: Հետեւաբար կարող եմ ասել, որ ոչ միշտ է, որ «Freedom House»-ը հանդես է գալիս շատ օբյեկտիվ գնահատականներով»,-կարծում է նա: «Առաջընթաց» ասելով` հավանաբար պրն Շարմազանովը նկատի ունի «Ա1+»-ին, ԳԱԼԱ-ին եթեր չտրամադրելը:



Սակայն ՀՀԿ խոսնակը այս օրինակների պարագայում իրեն «մասնագետ» չի համարում. «Դա մասնագիտական գնահատական է: «Ա1+»-ի եւ ԳԱԼԱ-ի հետ կապված քաղաքական դրդապատճառը բացառում եմ: «Freedom House»-ի ներկայացուցիչները թող մամուլի եւ էլեկտրոնային միջոցների մոնիտորինգ իրականացնեն եւ կտեսնեն՝ խոսքի ազատության բնագավառում լուրջ խնդիր կա՞, թե՞ ոչ: Իդեալական ժողովրդավարություն միայն դասագրքերում է»: Զեկույցում Շարմազանովը միակ դրականը համարեց այն է, որ «Freedom House»-ն ընդգրկել է նաեւ Լեռնային Ղարաբաղին եւ փաստացի ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի հարեւան երկրներին` Վրաստանին եւ Ադրբեջանին, ապա այս երկրները եւս պահպանել են իրենց կարգավիճակները. Ադրբեջանը կրկին «ոչ ազատ» երկիր է, Վրաստանը` «մասամբ ազատ»: