Ջոն Կուտզե. «Երիտասարդություն»

Ջոն Կուտզե. «Երիտասարդություն»
Զրահապատ պատյանում ապրող Հարավաֆրիկյան Հանրապետությունը նրա երկիրն է, որտեղ պարզապես հնարավոր չէ գրող դառնալ: Նա քայլում է պատյանի մակերեսով՝ ոչ մի կերպ չգտնելով երկիր մտնող մուտքի դուռը: Իսկ նա երիտասարդ է. երիտասարդը հաղթանակի ու պարտության մասին օրվա մեջ ամենաքիչն է մտածում: Աշխատում է մի քանի տեղ. երեկոյան՝ Քեյփթաունի գրադարանում, առավոտյան մասնավոր կարգով մաթեմատիկայի դասեր է տալիս, մի քանի շիլինգով օգնում է ուսանողներին Շեքսպիրի կոմեդիաների մասին դիպլոմային աշխատանքներ գրելիս: Մանրակրկիտ հետեւում է իր սննդի դիետային` ավելի շատ ուտելով թարմ մրգեր: Ավելացված կաթից նա կաթնաշոռ է պատրաստում ու լրջորեն մտածում, որ իր այս դիետան անչափ դուր կգար Ռուսոյին եւ Պլատոնին: Եվ այս ամենի հետ մեկտեղ, ոչ մի վայրկյան նրան հանգիստ չի տալիս իր հոգում վաղուց կայացրած որոշումը` ինքը գրող կդառնա, հաստատ կդառնա: Այս որոշումը նույնիսկ ինքը չի կայացրել՝ որոշումը հենց ինքն է կայացել:



Իր մարմինն ու գիտակցությունն ապրում են միայն այդ որոշման թելադրանքով: Նա հասկացել է, որ որոշումն օգտագործում է իր մարմինը, ու համակերպվել այդ անփոփոխ իրողության հետ, թերեւս հենց «ինքը» չի հավատում, որ գրող կդառնա, բայց դա էապես ոչինչ չի փոխում, որովհետեւ որոշումն է հավատում, որ կդառնա: Նա անկեղծորեն ոգեշնչվում է մեծ գրողների, արվեստագետների անցած ճանապարհով` փորձելով նմանություններ որսալ իր եւ նրանց կյանքի մեջ:



Կարդում է Փաունդի նամակները, Էլիոթի կենսագրությունը: Փաունդն իր համար բացահայտում է Ֆլոբերին. Ֆլոբերը` Հենրի Ջեյմսին, Քոնրադին ու Ֆորդ Մեդըքս Ֆորդին: Բացահայտումները քայլառքայլ ուղղորդում են նրան դեպի գրականության բաց օվկիանոսը: Բայց, անկախ ամեն ինչից, նա կարծես թե ունի անձնական կյանք` սիրային կարճատեւ ինտրիգներ կանանց հետ, որոնցից մեկն ավարտվում է չնախատեսված հղիությամբ: Երեխային հանում են տնական բուժակի օգնությամբ` պղնձե բարակ, երկար մալուխով:



« - Լա՞վ ես,- հարցնում է աղջկան:



- Լավ եմ,- պատասխանում է Սալլին»: Շունչը տեղն է ընկնում` հիմա գրող դառնալու հավանականությունը կրկին մեծանում է: Սա սարսափելի մղձավանջ չէ. զուսպ, միապաղաղ կենցաղ է, որի մեջ բացառված չեն նման դեպքերը: Սա արդեն փաստ է: Հիմա ամեն գնով պետք է թողնել երկիրը: Եվ շուտով նրան այդ հնարավորությունն ընձեռվում է: Լոնդոնը մի քաղաք է, որ երբեք չի դիմավորում իր նմաններին եւ չի էլ զգում իր ներկայությունը: Այստեղ սառնարյունությունը խառնվածք չէ, լոկ ապրելաձեւ է: Նա աշխատանքի է ընդունվում IBM ընկերությունում` ամեն օր, ժամառժամ ապրելով կործանման սարսափը:



Լոնդոնում «կյանքի  ռիթմ» ասվածը գոյություն չունի, ամեն բան անիմաստ է ու անողոք, որովհետեւ նա մենակ է: «Գինին եւ ափիոնն իրենից հեռու բաներ են. նա չափազանց հետեւողական է իր առողջության նկատմամբ»: Սեւ կոստյում: Գրասենյակային միապաղաղ կյանք: Իսկական սպանդանոց: Ոչինչ: Նա մտածում է, որ սեւ կոստյումակիր էին նաեւ Ուոլես Սթիվենսը, Կաֆկան ու Էլիոթը: Գրասենյակային խաչի ծանրությունը ստեղծագործական ալիք է պայթեցնում` ինչքան էլ որ ողբերգական լինի ավարտը, իսկ լավագույն ավարտը հեռանալն է աշխատանքից: «Ես դուրս եմ գալիս IBM-ից, որ դառնամ պոետ»,- ասում է մտքի մեջ` «Թերեւս այս գաղտնիքը շարունակում է ապրել նրա մեջ»: Հիմա միակ հույսը հաջողության քմահաճույքի վրա է: «Հաջողությունն անկանխատեսելի է. նրան ժամանակ է պետք: Մնում է պատրաստակամ լինել եւ սպասել օրվան, որ կժպտա իրեն»: Ինչպես միշտ, նա ընդունվում է նոր աշխատանքի, այս անգամ՝ համակարգչային ընկերությունում: Նրա կյանքում ասես ոչինչ չի փոխվում, փոխվում են միայն գրողների եւ նրանց ստեղծագործությունների անունները, որոնց համբերատար համառությամբ շարունակում է ընթերցել: Աշխատավայրում եւ ընդհանրապես ընկերներ չունի, եթե չհաշվենք ազգությամբ հնդիկ Գանապատիին, ում հետ ժամանակ առ ժամանակ շախմատ է խաղում:



Տարօրինակ Գանապատին եւս ապրում է մենակ եւ միայն քեֆը եկած ժամանակ է աշխատանքի գալիս: Նա մտածում է, որ ինքն ու Գանապատին նույն մետաղադրամի երկու կողմն են եւ երկուսն էլ տարբեր ճանապարհներով սլանում են դեպի պարտությունը: Եվ միայն գրող դառնալու «որոշումն» է, որ անձեռնմխելի է պարտությանը, կյանքին, մահվանը: Ջոնի համար գրող դառնալու որոշումն ինքնանպատակ չէ, լոկ մի պարզ պատճառով, որովհետեւ այդ «որոշման» ընթացքը մնում է անկառավարելի ու առեղծվածային:



Հարավաֆրիկացի մեծ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Կուտզեի «Երիտասարդություն» ինքնակենսագրական վեպի յուրաքանչյուր պարբերություն առանձին մի մեդիտացիա է, որի մաթեմատիկական ճշգրտությամբ չափազանց զուսպ նախադասությունները տեղ-տեղ ապշեցուցիչ տպավորություններ են թողնում, որովհետեւ սահմռկեցուցիչ դրվագներում անգամ երբեք չեն կորցնում ողջամիտ սթափությունը` վախեցնելով իրենց ճշմարտացիությամբ: